Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսությունն առաջին կիսամյակում. ինչի մասին են խոսում թվերը

Վերադարձ լուրերի բաժին

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի տնտեսության նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների համար։

Տնտեսական ակտիվություն
Ինչպես տեսնում եք այս գծապատկերում, այս տարվա առաջին կիսամյակում ՏԱՑ-ը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.7%-ով։

Ընդ որում, հունվար-հունիսի աճողական անկումն ավելի խորն է, քան հունվար-մայիսինը (-3.9%) և հունվար-ապրիլինը (-1.3%)։ Հունվար-մարտին ՏԱՑ-ը դեռ դրական էր՝ հունվար և փետրվար ամիսների բարձր ցուցանիշների շնորհիվ։

b4b.am

Սակայն պատկերն ամբողջական տեսնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ամսական դինամիկային՝ յուրաքանչյուր ամիսը համեմատած նախորդ տարվա նույն ամսվա հետ։ Վերևի գծապատկերում դա արտացոլված է կապույտ կորի միջոցով։

Ինչպես տեսնում եք, տնտեսական ակտիվությունը ամսական կտրվածքով անկում սկսեց ապրել այս տարվա մարտից (-4.1%), երբ հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը և ամսվա կեսից մտցվեց արտակարգ դրություն՝ տնտեսության գործունեության տեսակների խիստ սահմանափակումներով։

Ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվությունը ռեկորդային անկում գրանցեց՝ -16.3%։

Հետո տնտեսական գործունեության սահմանափակումները մեղմացվեցին, որոշ ճյուղեր սկսեցին մասամբ կամ ամբողջությամբ գործել։ Կառավարության մշակած հակաճգնաժամային սոցիալական և տնտեսական փաթեթները սկսեցին փաստացի աշխատել։ Արդյունքում՝ մայիսին անկման տեմպը թուլացավ մինչև -12.8%։ Իսկ հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության անկումը կազմեց -7.5%։

Այսպիսով, մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ անկման տեմպը մայիսին և հունիսին թուլացել է, այսինքն՝ դինամիկան լավատեսական է։

Տնտեսության առանձին ոլորտներ

Դինամիկան գրեթե նույնն է, եթե դիտարկում ենք տնտեսությունը՝ ըստ առանձին ուղղությունների։ Գրեթե բոլոր ոլորտներում մայիսին և հունիսին անկման տեմպը թուլացել է։ Բացառություն է միայն ծառայությունների ոլորտը, որտեղ մայիսին անկումն ավելի խորն է եղել, քան ապրիլին, սակայն այստեղ էլ հունիսին ունենք անկման տեմպի թուլացում։
b4b.am

Եթե համեմատենք ոլորտները, կարող ենք ասել, որ ճգնաժամին դիմակայելու տեսանկյունից ամենաամուրը արդյունաբերությունն է։ Այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել էր 8.6%-ով։ Սակայն մայիսին (նախորդ տարվա մայիսի համեմատ) անկումը նվազեց մինչև -3.9%, իսկ հունիսին (նախորդ տարվա հունիսի համեմատ)՝ մինչև -2.4%։

Նշենք, որ աճողական առումով` հունվար-հունիսին արդյունաբերությունը 1.5%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հավելենք նաև, որ արդյունաբերության ոլորտի աճը ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերության հաշվին։

Հունվար-հունիսին դրական ցուցանիշ՝ 1.7% աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում (ամսական ցուցանիշներ գյուղատնտեսության համար չեն հրապարակվում)։

Ամենախոր անկումը շարունակվում է շինարարության ոլորտում. հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, գրանցվել է 23.3% անկում, իսկ հունվար-հունիսին՝ 23.4%։

Ամփոփում
Այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական վիճակի մասին ավելի հանգամանալից հնարավոր կլինի խոսել մեկ շաբաթից, երբ կհրապարակվեն ամբողջական, մանրամասն տվյալները՝ ըստ ոլորտների։

Սակայն նախնական տվյալներն էլ թույլ են տալիս ասել, որ չնայած կիսամյակի կտրվածքով տնտեսության ակտիվության ցուցանիշը և առանձին ոլորտների ցուցանիշները դեռ անկումային են, սակայն դինամիկան դրական՝ անկման տեմպը թուլանում է։

Եթե շարունակվի նույն դինամիկան, ապա հուլիս-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը ամսական կտրվածքով կարող է դրական դառնալ։ Դա էլ իր հերթին դրական կազդի հունվար-հոկտեմբեր, հունվար-նոյեմբեր և հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ի աճողական ցուցանիշի վրա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պետբյուջեով այս տարվա համար ի սկզբանե կանխատեսվում էր 4.9% տնտեսական աճ։
Կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված՝ կառավարությունը վերանայեց իր կանխատեսումը՝ աճի փոխարեն կանխատեսելով 2.6% անկում։

Այս պահի դրությամբ՝ 2020 թվականի հունվար-հունիսին, տնտեսական ակտիվությունը անկում է ապրել 4.7%-ով։
Իհարկե, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, և անգամ ամենահեղինակավոր միջազգային կառույցները՝ իրենց հսկայական ռեսուրսներով հանդերձ հաճախ սխալվում են, սակայն համարձակվենք կանխատեսել, որ հունվար-հուլիսին և հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը չափավոր կխորանա՝ հասնելով 5.5-6%-ի։ Այնուհետև՝ տարվա վերջին եռամսյակում, այդ աճողական ցուցանիշը կբարելավվի։

Դժվար է ասել որքանով, որովհետև դամեծապես կախված է նաև համաճարակային վիճակից և արտաքին ազդակներից, սակայն այս պահին կառավարության կանխատեսած 2.6% անկումը տարվա կտրվածքով բավականին իրատեսական է թվում։ Իրադարձությունների ավելի բարենպաստ զարգացման դեպքում չի բացառվում, որ 2020 թվականն ամփոփենք ավելի թույլ անկումով կամ անգամ՝ թեկուզ համեստ, բայց աճով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: