Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսությունը՝ 2018 թվականի հունվար-փետրվարին

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 23 Մարտ 2018

2 օր առաջ հրապարակվեցին 2018 թվականի հունվար-փետրվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք կրկին տպավորիչ են։

Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին՝ 2017-ի հունվար-փետրվարի համեմատ, աճել է 8.6%-ով։ Իսկ ամսական կտրվածքով՝ փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, ակտիվությունն աճել է 7.3%-ով։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։

Դա աննախադեպ բարձր ցուցանիշ էր, քանի որ 2011 թվականից ի վեր, երբ սկսեց հրապարակվել տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունվար ամսին ավելի բարձր արդյունք չէր եղել։ Սակայն հունվար-փետրվարին արձանագրված 8.6%-անոց աճն էլ վատ չէ։ Հունվար-փետրվարի կտրվածքով ավելի բարձր ՏԱՑ գրանցվել է 2012 և 2013 թվականներին։ 8.6%-անոց աճն ավելի է արժևորվում, եթե նկատի ունենանք, որ 2017 թվականի նույն ամիսներին նույնպես բարձր աճ էր գրանցվել՝ 6.6%։ Բազային լավ ցուցանիշների դեպքում աճ ապահովելը հեշտ բան չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, դա հաջողվել է անել։

Ո՞ր ոլորտների հաշվին է աճել Հայաստանի տնտեսական ակտիվությունը։

Հարաբերական առումով ամենից շատ՝ 22.7%-ով, աճել է շինարարությունը. 2018 թվականի հունվար-փետրվարին հանրապետությունում կատարվել է 21.6 մլրդ դրամի շինարարություն։ Հիշեցնենք, որ տևական անկումից հետո շինարարության ոլորտն անցած տարվա երկրորդ կեսին սկսեց վերականգնվել և տարին փակեց 2.2%-անոց աճով։ Այս տարվա հունվարին շինարարության աճը 19.7% էր, հունվար-փետրվարին, ինչպես արդեն նշեցինք, 22.7%։

Այսինքն՝ աճի տեմպի արագացման միտում կա։ Թե կոնկրետ որ ճյուղերի և ինչ աղբյուրների հաշվին է աճում շինարարությունը, կերևա 10 օրից, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի առավել մանրամասն տվյալները։ Ամեն դեպքում, կարելի է ասել, որ շինարարության ոլորտը դուրս է եկել անկումային շրջանից և այս տարի նորմալ աճ կգրանցի՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը 2018 թվականի բյուջեով զգալիորեն ավելացրել է կապիտալ ծախսերը։

Առևտուրն ու ծառայությունները հունվար-փետրվարին նույնպես երկնիշ աճ են գրանցել։ Ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով և կազմել 225.7 մլրդ դրամ։ Իսկ ներքին առևտրի շրջանառությունն աճել է 17.4%-ով, ծավալը կազմել է 359.1 մլրդ դրամ։

Արդունաբերության ոլորտում աճի տեմպը որոշ չափով թուլացել է։ Եթե 2018-ի հունվարին՝ 2017-ի հունվարի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր 13.9%-ով, հունվար-փետրվարին աճի տեմպը նվազել է մինչև 8.3%։ Տարվա առաջին 2 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 254.7 մլրդ դրամ։

Միակ ոլորտը, որտեղ աճ չկա, գյուղատնտեսությունն է։ Սակայն այստեղ էլ անկումը գնալով նվազում է և մոտենում զրոյական վիճակին։ Այսպես, եթե 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, գյուղոլորտի անկումը 3% էր, 2018-ի հունվարին՝ 2017-ի հունվարի համեմատ, անկումը 0.4% էր, իսկ հունվար-փետրվարին՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 0.1%։ 2018 թվականի հունվար-փետրվարին գյուղոլորտը տվել է 45.3 մլրդ դրամի արտադրանք։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին մոտեցել է 1.1 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 43.2%-անոց աճ։ Այդ թվում, արտահանումն աճել է 41%-ով և կազմել 386.9 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 44.4%-ով և կազմել 711.5 մլն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին 2 ամիսների կտրվածքով բացասական է՝ -324.6 մլն դոլարի չափով։

Մի խոսքով, տարվա սկիզբը խոստումնալից է։ Ու եթե հաջողվի այս տեմպը պահել (իսկ դա միայն ներքին գործոններով չի պայմանավորված), ապա կառավարությանը, թերևս, կհաջողվի ոչ միայն այս տարվա համար բյուջեով նախատեսված 4.5% տնտեսական աճ ապահովել, այլ անցած տարվա 7.5%-ից էլ ավելի բարձր ցուցանիշ (ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը)։

Սակայն, մեծ հաշվով, սա դեռ ոչինչ չի նշանակում։ Շատ ավելի կարևոր է լինելու այդ աճի որակը և այն, թե տնտեսական աճը որքանով է նպաստել Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարելավմանը։ Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույցին։

Ինչպես անվանումն է հուշում, ցուցանիշը հենց աճի ներառականության մասին է և հաշվի է առնում ոչ միայն՝ ՀՆԱ-ն, այլ ևս 11 պարամետրեր, այդ թվում՝ զբաղվածությունը, աղքատությունը, եկամուտների անհավասարությունը, կյանքի տևողությունը, և այլն։

Այդ զեկույցում ներառված 79 զարգացող երկրների ցանկում Հայաստանն ունի 3.66 միավոր և զբաղեցնում է 45-րդ տեղը՝ Գվատեմալայի և Հոնդուրասի հարևանությամբ։ Ներառական զարգացման մակարդակով զիջում ենք Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և ԱՊՀ այլ երկրների։ Իսկ 5 տարվա կտրվածքով (2012-2016 թվականների ընթացքում)՝ Հայաստանի միավորը բարելավվել է ընդամենը 0.62%-ով։ Այդ նույն տարիների ընթացքում, ի դեպ, Հայաստանի ՀՆԱ-ի կումուլյատիվ աճը կազմել է 18.6%։ Այսինքն, տնտեսությունն աճել է, բայց հասարակության բարեկեցությունն առանձնապես չի ավելացել։ Իսկ դա ոչ պակաս, միգուցե ավելի կարևոր նպատակ է, քան բարձր աճ ցույց տալը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: