Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Վերադարձ լուրերի բաժին

10:25 , 19 Հոկտեմբեր 2018

Թե նախկինում, թե այժմ գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ ՀՀ քաղաքացին՝ հարուստ փորձով, գիտելիքներով և ունակություններով։

Ընդհանրապես, երկարաժամկետ տնտեսական աճի տարբեր մոդելներում մշտապես կարևորվում է մարդկային կապիտալի դերը։ Ու հատկապես Հայաստանի համար, որն էներգակիրներով աղքատ ու աշխարհագրական անբարենպաստ դիրք ունեցող երկիր է, մարդկային կապիտալը դառնում է, ըստ էության, միակ արժեքավոր ռեսուրսը։

Այս առումով, մենք հաճախ գերագնահատում ենք ինքներս մեզ, մեր մտավոր ներուժը։ Սակայն ճիշտ քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ է ոչ միայն չգերագնահատել սեփական մարդկային կապիտալը, այլև չթերագնահատել այլ երկրներինը։

Իսկ ինչպե՞ս չափել մարդկային կապիտալը և ինչպե՞ս համեմատվել ուրիշների հետ։ Կան տարբեր հետազոտություններ, որոնցից մեկն էլ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Մարդկային զարգացման համարաթիվն է (ՄՀԿ)։ Թեպետ շատ մասնագետներ ոչ միանշանակ են վերաբերվում այդ զեկույցին և դրա մեթոդաբանությանը, սակայն ամեն դեպքում՝ այն թույլ է տալիս գոնե համեմատական պատկերացում կազմել իրական պատկերի մասին։ Օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց ՄՀԿ նոր զեկույցը, որի հակիրճ բովանդակությունը ստորև կներկայացնենք։

Ի՞նչ է ՄԿՀ–ն, և որքան է Հայաստանի համարաթիվը

ՄԿՀ-ով գնահատվում է մարդկային կապիտալի մեծությունը, որին այսօր ծնված երեխան կարող է ակնկալել, որ կհասնի մինչև 18 տարեկանը: Այն հաջորդ սերնդի աշխատողների արտադրողականության արտահայտումն է՝ ամբողջական կրթության և լիարժեք առողջության հենանիշի համեմատ: Համարաթիվը կազմվում է 157 երկրի համար: Բաղկացած է հինգ ցուցանիշից՝ մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը, երեխայի ուսման սպասվող տարիները, հարմոնիզացված թեստերի միավորները՝ որպես ուսումնառության որակի չափանիշ, չափահասների ապրելիության ցուցանիշը (15 տարեկանների այն մասը, որը կապրի մինչև 60 տարեկանը) և երեխաների այն մասը, որը թերաճ չէ:

Հայաստանի համար ՄՀԿ-ն 57 է։ Դա նշանակում է, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երբ մեծանա, 57 տոկոսով այնչափ արտադրողական կլինի, որչափ կարող էր լինել ամբողջական կրթություն ստանալու և լիարժեք առողջ լինելու դեպքում: Այսինքն, մեր մարդկային կապիտալը 43 տոկոսով ոչ արտադրողական է։

Հայաստանը և մյուս երկրները՝ մարդկային կապիտալի համարաթվի տեսանկյունից

Որպեսզի հասկանանք՝ 57%-ը բա՞րձր է, թե՞ ցածր, պետք է համեմատել այլ, ու առաջին հերթին՝ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ։

Համեմատության համար նշենք, որ եվրոպական և ամերիկյան երկրներում ՄՀԿ-ն միջինում մոտ 80% է։ Օրինակ՝ ԱՄՆ-ի մարդկային կապիտալի համարաթիվը 0.76 է, Կանադայինը՝ 0.8, Գերմանիայինը՝ 0.79, Ֆինլանդիայինը՝ 0.81, և այլն։

Սակայն որպեսզի այդքան «բարձր տեղից չբռնենք», մենք կազմել ենք Մարդկային կապիտալի զարգացման համարաթվերի համեմատականը՝ նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով։ Զեկույցում բացակայում են միայն Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Բելառուսի տվյալները։

MHK

Գծապատկերին հպանցիկ հայացք գցելն արդեն իսկ բավարար է, որպեսզի հասկանանք, թե ինչ տխուր վիճակում ենք մենք գտնվում։ Մարդկային կապիտալի առումով Հայաստանին զիջում է միայն Տաջիկստանը։ Մյուս բոլոր երկրներն անհամեմատ ավելի լավ ցուցանիշներ ունեն։ Իսկ ԵԱՏՄ անդամ Ղազախստանն ու Բելառուսը մարդկային կապիտալի համարաթվով գերազանցում են անգամ Մերձբալթյան երկրներից երկուսին և մոտ են եվրոպական միջինին։

Համեմատության համար նշենք նաև, որ հարևան Թուրքիայի մարդկային կապիտալի համարաթիվը 0.63 է, Իրանում՝ 0.59։

Ընդհանուր առմամբ, աշխարհի մասշտաբով մարդկային կապիտալի համարաթիվը 0.57 է՝ այնքան, որքան Հայաստանում։ Այսինքն, մենք միջին մարդկային կապիտալ ունեցող երկիր ենք, ընդ որում՝ այդ աշխարհի միջինը ստացվել է հիմնականում աֆրիկյան երկրների ցածր ցուցանիշների արդյունքում։ Սա նշանակում է, որ Աֆրիկան չդիտարկելու դեպքում՝ Հայաստանի համարաթիվը ցածր է մնացած աշխարհի միջինից։

Ինչո՞ւ մեր ՄԿՀ–ն ցածր, և ի՞նչ է դա նշանակում

Ինչպես նշեցինք, Մարդկային կապիտալի համարաթիվը բաղկացած է հինգ ցուցանիշից։ Դրանցից երկուսի գծով էլ (մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը և ոչ թերաճ երեխաների կշիռը) Հայաստանի դիրքերը վատը չեն՝ միջինից բարձր ցուցանիշներ ունենք։ Փոխարենը՝ խայտառակ վիճակում ենք հարմոնիզացված թեստերի միավորների (առաջադիմության) և ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիների առումով։

Հարմոնիզացված թեստերի միավորների առումով նշենք, որ Հայաստանի աշակերտները 443 միավոր են ստանում ըստ սանդղակի, որտեղ 625-ը ներկայացնում է բարձր առաջադիմությունը, և 300 միավորը՝ նվազագույնը: Իսկ ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիների առումով զեկույցում նշված է, որ Հայաստանում երեխաները կարող են ակնկալել, որ մինչև 18 տարին լրանալը կավարտեն 11.1 տարվա նախակրթական, կրտսեր և միջնակարգ ուսումը: Սակայն ուսման տարիներն ըստ ուսումնառության որակի ճշգրտելու դեպքում, այն ընդամենը համարժեք է 7.9 տարվա. ուսումնառության բացը 3.2 տարի է։ Պարզ ասած, սա նշանակում է, որ մեր երեխաները դպրոցում լիքը ժամանակ են կորցնում (ժամանակն ամբողջությամբ դասերի վրա չի ծախսվում) և դրան գումարած՝ լավ չեն սովորում։

Պակաս մտահոգիչ չէ նաև միտումը։ 2012-2017թթ. ընթացքում Հայաստանի Մարդկային կապիտալի համարաթիվը 0.58-ից նվազել է մինչև 0.57։ Այսինքն՝ ետ ենք գնացել։ Ու թեև զեկույցում նշվում է, որ 2017թ. Հայաստանի ՄԿՀ-ն իր եկամտային մակարդակից սպասվող ցուցանիշից բարձր է եղել, փաստն այն է, որ այս վիճակով և այս տեմպով Հայաստանն ապագայում մրցունակ չի լինելու ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների շարքում։

Ու եթե այս ամբողջն ամփոփենք մեկ բառով, կստացվի, որ երկարաժամկետ տնտեսական աճի ամենակարևոր խոչընդոտը դպրոցական կրթությունն է։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը պետք է հետևություններ անի և կտրուկ մեծացնի ուշադրությունը կրթության նկատմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: