Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի հնարավոր առաջարկներն աշխարհին՝ փակ սահմանների պայմաններում

Վերադարձ լուրերի բաժին

23:56 , 27 Մարտ 2020

Անդրադառնալով տնտեսության վրա ունեցած ազդեցությանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցի ընթացքում նշել է, որ եթե մի կողմ դրվեն առողջապահական բաղադրիչը, հիվանդությունից մահացության ցուցանիշը, ապա աշխարհի մակարդակով կարող է ՀՆԱ-ի ընդհուպ մինչև 2.5 տոկոս նվազեցում արձանագրվել։ Այդ ցուցանիշը նախևառաջ պայմանավորված է Չինաստանի և ԱՄՆ-ի տվյալներով, որոնք համաշխարհային տնտեսության հիմնական դերակատարներն են և նշանակալի ազդեցություն ունեն աշխարհի միջին ցուցանիշի ձևավորման վրա. «Սկզբնական շրջանում արդյունաբերության աճը Չինաստանում նվազել է մոտ 20 տոկոսով։ Երբ նախկինում Չինաստանի համար ակնկալվում էր 6 տոկոս տնտեսական աճ, ինչը բավականաչափ բարձրացնում էր նաև աշխարհի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը, ապա ներկայումս նման սցենար որևէ մեկը չի քննարկում։ Դա կախված է նաև առողջապահական խնդիրների տևողությունից. որքան երկար տևի, այնքան ճգնաժամը կխորանա»,- մանրամասնել է Մանուկյանը։

Տնտեսագետները քննարկում են մի շարք սցենարներ։ Ըստ որոշ կանխատեսումների, տնտեսական անկումը կարող է «U» տառի տեսքով լինել, այսինքն՝ սրընթաց անկմանը հաջորդի սրընթաց բարձրացումը։ Հաջորդը՝ «L»-ատիպ զարգացումն է, այսինքն՝ սրընթաց բարձրացման անհնարինությունը։ Պատգամավորի խոսքով, պատճառներից կարող է լինել այն, որ տարբեր հասարակություններում սոցիալական բեռն ընկնելու է պետության ուսերին, քանի որ այս ճգնաժամի արդյունքում գործազուրկների բանակն ավելի կմեծանա ամբողջ աշխարհում. «Իհարկե, վերականգնողական աճ ինչ-որ ժամանակաշրջանում կլինի, այլ հարց է, թե քանի տարում»։

Ցանկացած ճգնաժամ նաև լավ հնարավորություն է պետությունների և հասարակությունների համար բարելավելու սեփական վարքագիծը։ Նման դեպքերում մեծանում է երկրի դիմադրողականությունը։ Այսպես, 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը նպաստեց բանկային համակարգի իրացվելիությանը և ֆինանսական կայունությանն ամբողջ աշխարհում. «Այսօր խոսում ենք սոցիալական խնդիրների մասին, իսկ ֆինանսական խնդիրները չեն քննարկվում կենտրոնական բանկերի կողմից։ Պատճառն այն է, որ հիմնականում ստեղծվել է այն պատրաստի գործիքակազմը, որով կարողանում են ապահովել ֆինանսական շուկաների կայունությունը։ Բոլոր երկրներում իրականացվում է դրամավարկային արդյունավետ քաղաքականություն։ Օրինակ՝ Ռուսաստանը, կարողանում է արդյունավետորեն պայքարել բացասական դրսևորումների դեմ, պատրաստ է մարտահրավերներին, քանի որ արդեն իսկ անցել է որոշակի դժվարությունների միջով։ Ունի նաև համապատասխան գործիքակազմը, ինչպիսին է կայունացնող հիմնադրամը»։

Ա. Մանուկյանն ընդգծել է, որ մեր հասարակությունը տարատեսակ և հաճախ շատ ավելի լուրջ փորձություններից է պատվով դուրս եկել՝ սկսած Արցախյան ազատամարտից մինչև Սպիտակի երկրաշարժ ու այլ ֆորս մաժորային իրավիճակներ, և վստահեցրել է, որ սա էլ կհաղթահարենք։ «Զբոսաշրջությունը մեզ համար կարևոր ուղղություն էր 2019-ին և այս տարի էլ մեծ ակնկալիքներ կային՝ հաշվի առնելով բյուջետային ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա։ Այդ առումով կունենանք բացասական ազդեցություն, իսկ թե ի՞նչ ծավալով՝ պայմանավորված կլինի առողջապահական խնդրի տարածվածությունից և ազդեցության խորությունից,–ասել է պատգամավորը: «Պղնձի գների մեջ էլ անկում կա, որը նույնպես որոշակի կշիռ ունի մեր արտահանման ծավալների մեջ։ Մյուս կողմից դրականն այն է, որ մեզ մոտ վերամշակող արդյունաբերությունը բավական մեծ տեսակարար կշիռ ունի։ Արտահանում ենք գյուղմթերք՝ չրեր, գինի, կոնյակ և այլն։ Հետևաբար, պետք է մտածենք գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, քանի որ աշխարհը փորձելու է լուծումներ գտնել փակ սահմանների պայմաններում գոյատևելու համար»,- եզրափակել է նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: