Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Վերադարձ լուրերի բաժին

11:01 , 17 Օգոստոս 2018

Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում հանքարդյունաբերության թեման։ Կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այն հարստությունից, որն ունի՝ հանքային պաշարներից։ Մյուսները գտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան հանքարդյունաբերության օգուտը, այնպես որ, Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է ընդհանրապես արգելել և փոխարենը՝ զարգացնել այլ ճյուղեր (ասենք՝ ՏՏ ոլորտը)։

Կա նաև երրորդ՝ ավելի հավասարակշռված խումբը, որն ընդունելով, որ հանքարդյունաբերությունն ամենացանկալի ոլորտը չէ՝ այդուհանդերձ, հաշվի է նստում այն փաստի հետ, որ այն ապահովում է մեր տնտեսության (արտահանման ու հարկերի) մի զգալի մասը, և չի կարելի հանքերի փակման հարցը շատ կտրուկ դնել։

Այս տեսակետի կողմնակիցները գտնում են, որ պետք է սահմանել խիստ բնապահպանական նորմեր, հետևել, որ հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը հնարավորինս անվնաս լինի՝ միջազգային լավագույն փորձին ու չափանիշերին համահունչ, ու բացի այդ՝ կարելի է վերանայել նաև հարկման մեխանիզմները, որպեսզի հասարակությունը՝ պետբյուջեի միջոցով, ավելի շատ օգտվի հանքարդյունաբերությունից։

Այս երեք խմբերի միջև մշտական բանավեճ է։

Ընդ որում, կողմերը բանավիճում են ոչ միայն մոտեցումների շուրջ, այլև կասկածի տակ են դնում հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը ՀՀ տնտեսության մեջ։ Օրինակ, առաջին խմբի՝ բնապահպանական ուղղվածության մարդիկ պնդում են, որ հանքարդյունաբերության ոլորտի դերն ուռճացված է, նրանք ՀՆԱ-ի շատ քիչ մասն են ապահովում, և առանց այդ ոլորտի էլ կարելի է «յոլա գնալ»։

Առանց մտնելու այս անվերջանալի բանավեճի մեջ՝ փորձենք ընդամենը մեկ թարմ ցուցանիշով ցույց տալ հանքարդյունաբերական ընկերությունների նշանակությունը։ Խոսքը վերաբերում է նրանց վճարած հարկերին։

Աղյուսակը, որը դուք տեսնում եք, կազմված է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկի հիման վրա։ Մենք այդ ցանկից առանձնացրել ենք 10 խոշորագույն ընկերություններին, որոնք զբաղվում են հանքարդյունաբերությամբ և հանքարդյունաբերությանն առնչվող գործունեությամբ։

Ուշադրություն դարձրեք, այստեղ ներառված են միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները (առանց ցեմենտի, գաջի և այլն), ընդ որում՝ ամենախոշորները։

mining-taxes

Ինչպես տեսնում եք, նշված 10 ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Որպեսզի հասկանանք՝ սա շա՞տ է, թե՞ քիչ, նշենք, որ բոլոր հազար հարկատուները միասին առաջին կիսամյակում մուծել են 446 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, իսկ ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-հունիսին պետբյուջե մուտքագրվել է 573 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ստացվում է, որ նշված 10 ընկերությունները միասին ապահովել են 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 12.3%-ը և ընդհանուր հարկային մուտքերի 9.6%-ը։ Սա, մեղմ ասած, չափազանց լուրջ թիվ է, որից հրաժարվելու շռայլություն Հայաստանն այս պահին չունի։

Անցնենք առաջ։ Աղյուսակում նշված 10 ընկերությունները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ վճարած հարկերն ավելացրել են 22.4 մլրդ դրամով կամ 69.1%-ով։ Այս աճն ավելի տպավորիչ է, քան մուծած հարկերի չափը։ Հիշեցնենք, որ 1000 խոշորների վճարած հարկերն աճել են 68.1 մլրդ դրամով կամ 18%-ով։ Ստացվում է՝ հարկերի աճը մոտ մեկ երրորդով ապահովվել է այս 10 հանքարդյունաբերական ընկերությունների հաշվին։

Ցանկում առկա 10 ընկերություններից 9-ը հարկերն ավելացրել են՝ տարբեր չափերով։ Բացառություն է միայն Թեղուտը, որի պատմությանը տնտեսությամբ հետաքրքրվողները, թերևս, ծանոթ են։

Թիվ մեկ հարկատուն, առաջին կիսամյակի արդյունքներով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Այս ընկերությունը 2.5 անգամ ավելի շատ հարկ է մուծել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում, ինչը, ի դեպ, բավականին զարմանալի է։ Բանն այն է, որ այս տարի նվազել են և՛ պղնձի գները, և՛ Հայաստանում պղնձի խտանյութի արդյունահանման ու արտահանման ծավալները։ Հարկերի կտրուկ աճի պատճառները բարդ է հասկանալ՝ այն էլ եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով, քանի որ խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում է փաստացի հարկային հոսքերը, ոչ թե ընկերության գործունեության արդյունքները։ Այսինքն՝ հնարավոր է՝ ընկերությունը մարած լինի նախկինից կուտակած պարտավորությունները։ Չի բացառվում նաև, որ այս կտրուկ աճը պայմանավորված լինի ստվերի դեմ պայքարով կամ բյուջեի հետ հարաբերությունների ճշգրտմամբ։

Ի դեպ, տարեկան կտրվածքով դիտարկելու դեպքում՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերի դինամիկան բացատրելի է։ Օրինակ, 2016 թվականին ընկերության գործերը վատ էին՝ տարին փակվել էր 41 մլրդ դրամի վնասով, և տարվա կտրվածքով պետբյուջե էր վճարվել ընդամենը 9.1 մլրդ դրամի հարկ։ 2017 թվականին վիճակը բարելավվեց, հասույթն աճեց, տարին փակվեց 10.8 մլրդ դրամ շահույթով, իսկ հարկերի չափը հասավ 18.7 մլրդ դրամի։ Այս տարին, դատելով այլ տվյալներից, բարենպաստ չի, սակայն հարկերը, ինչպես տեսնում ենք, բազմապատկվել են։

«Գեոպրոմայնինգ Գոլդի» և «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» (նախկին՝ «Դանդի Փրիշս Մեթալզ») հարկերը չափավոր են աճել, համապատասխանաբար՝ 8.7%-ով և 1%-ով։ Աճի առումով առանձնանում է «Vallex» խմբի մաս կազմող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետբյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 13 անգամ շատ, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։

Ներկայացված 10 հանքարդյունաբերական ընկերություններից առանձնանում է «Ամուլսարի» ոսկու հանքավայրով զբաղվող «Լիդիան Արմենիան»։ Առանձնանում է այն առումով, որ ի տարբերություն մյուս ընկերությունների՝ «Լիդիանը» դեռ չի շահագործում հանքը (ոսկի չի արդյունահանում և վաճառում), այլ գտնվում է ներդրումների (շինարարության) փուլում։ Ուշագրավն այն է, որ ընկերության աշխատանքներն արդեն փաստացի 2 ամիս արհեստականորեն խոչընդոտված են՝ բնապահպան ակտիվիստների կողմից Ամուլսար տանող ճանապարհների փակման պատճառով։ Հիշեցնենք, որ օրերս «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերականգնել աշխատելու իրենց իրավունքը։ Նրանց ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ՝ աշխատանքային խմբի եզրակացությանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը, և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:

Չնայած այս ամենին՝ «Լիդիան Արմենիան» նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրկնապատկել է հարկերը և վճարելով ընդհանուր առմամբ 3.2 մլրդ դրամ՝ զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 23-րդ հորիզոնականը։ Նշենք նաև, որ ընկերության պնդմամբ, երբ հանքը սկսի արտադրանք տալ, տարեկան պետբյուջե կվճարվի 40-50 միլիոն դոլարի հարկ:

Ահա սա է ՀՀ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունների ամփոփ հարկային պատկերը՝ տարվա առաջին 6 ամիսների համար։ Մե՞ծ թվեր են, թե՞ փոքր, կարևո՞ր ոլորտ է սա, թե՞ ոչ՝ պատասխանը թողնում ենք ընթերցողի դատին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։