Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի համախառն արտաքին պարտքը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

08:51 , 05 Հոկտեմբեր 2018

ՀՀ համախառն արտաքին պարտքը 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 567 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Մինչ առաջ անցնելը նախ մի փոքր պարզաբանենք, թե ինչ է համախառն պարտքը, քանի որ շատերը (այդ թվում, որքան էլ զարմանալի լինի, որոշ տնտեսագետներ) համախառն արտաքին պարտքը շփոթում են արտաքին պետական պարտքի հետ։ Իրականում դրանք տարբեր բաներ են։

Արտաքին պետական պարտքը ներառում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի պարտավորությունները՝ արտաքին աշխարհի նկատմամբ։ Օրինակ՝ հունիսի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել է 5.67 մլրդ դոլար։ Ավելին, եթե շատ մանրամասն դիտարկենք, ապա արտաքին պետական պարտք ասելիս՝ պետք է հասկանալ միայն կառավարության արտաքին պարտքը՝ առանց ԿԲ-ի, քանի որ պետական պարտքի մասին օրենքով պետպարտքի 60% սահմանաչափը ՀՆԱ-ի նկատմամբ վերաբերում է միայն կառավարության պարտքին։

Իսկ համախառն արտաքին պարտքը, բացի կառավարության և կենտրոնական բանկի պարտավորություններից, ներառում է նաև ավանդային կազմակերպությունների (հիմնականում՝ բանկերի) արտաքին պարտքերը, մասնավոր ընկերությունների միջֆիրմային արտաքին վարկերն ու այլ հատվածների արտաքին պարտքերը։

Համախառն արտաքին պարտքի կառուցվածքը

Համախառն արտաքին պարտքի մեծ մասը՝ 47.1%-ը, ՀՀ կառավարության պարտքն է՝ 4 մլրդ 975.7 մլն դոլար։ Կառավարության պարտքն ամբողջությամբ երկարաժամկետ է։ Այդ պարտքի 933.8 մլն դոլարը, այսպես ասած, պարտքի գործիքներ են (եվրապարտատոմսեր), մնացած 4 մլրդ 41.9 մլն դոլարը՝ վարկեր։

Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 698.5 մլն դոլար (համախառն պարտքի 6.6%-ը)։ Այդ գումարից 574 մլն դոլարը վարկեր են, մնացած 123.8 մլն դոլարը՝ հատուկ փոխառության իրավունք Արժույթի միջազգային հիմնադրամում։

Ավանդային կազմակերպությունների (մասնավոր ֆինանսական հատվածի) արտաքին պարտքը 2 մլրդ 192.9 մլն դոլար է (համախառն պարտքի 20.8%-ը)։ Այդ գումարից 746.9 մլն դոլարը կարճաժամկետ պարտք է, որի մեծ մասը՝ 517.9 մլն դոլարը, ոչ ռեզիդենտների հաշիվներն ու ավանդներն են ՀՀ բանկերում։ 1 մլրդ 446 մլն դոլարի չափ էլ երկարաժամկետ արտաքին ֆինանսական պարտավորություններն են։

ham-partq1

Միջֆիրմային վարկերի ծավալը, որն արտացոլում է ուղղակի ներդրումները, 1.3 մլրդ դոլար է։ Այդ թվում՝ 828 մլն դոլարն ուղղակի ներդրողների կողմից՝ ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունում, 36.3 մլն դոլարը՝ հակառակ ուղղությամբ ներդրումներ (ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունը ուղղակի ներդրողի մոտ – հակառակ ներդրում), 453.8 մլն դոլարը՝ փոխկապակցված կազմակերպությունների միջև։

Այլ հատվածների կողմից ներգրավված արտաքին պարտքը հունիսի վերջի դրությամբ կազմել է 1 մլրդ 382.8 մլն դոլար, որից 201.7 մլն դոլարը՝ կարճաժամկետ, 1.18 մլրդ դոլարը՝ երկարաժամկետ պարտքերն են։

Համախառն պարտքի փոփոխությունը

Ինչպես նշեցինք, հունիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն պարտքի ծավալը կազմել է 10 մլրդ 567 մլն դոլար։ Մարտի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 10 մլրդ 787.5 մլն դոլար էր։ Այսինքն՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ համախառն արտաքին պարտքը նվազել է 220.5 մլն դոլարով կամ 2%-ով։

Այդ թվում, կառավարության պարտքը նվազել է 102.2 մլն դոլարով, ԿԲ-ինը՝ 48.2 մլն դոլարով, այլ հատվածներինը՝ 140.2 մլն դոլարով։

ham-partq2

Միջֆիրմային վարկերի ծավալը գրեթե չի փոխվել՝ աճել է 3.4 մլն դոլարով կամ 0.3%-ով։

Իսկ ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքը երկրորդ եռամսյակի ընթացքում աճել է 67.2 մլն դոլարով կամ 3.2%-ով, ինչը նշանակում է, որ հայաստանյան բանկերն ավելացրել են արտաքին աղբյուրներից ներգրավված ֆինանսավորման ծավալները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…