Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի զբոսաշրջություն vs Վրաստանի զբոսաշրջություն․ ինչքանո՞վ է ճիշտ զուգահեռներ տանել

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 27 Նոյեմբեր 2017

Հայաստանում զբոսաշրջության և զբոսաշրջության արժեքային շղթայի առանձին բաղադրիչների (ինչպիսին է, օրինակ, միջազգային ուղևորափոխադրումները) վիճակագրությունը, հաճախ լուրջ քննարկման թեմա է դառնում, ինչպես՝ մասնագիտական, այնպես էլ՝ քաղաքական դաշտում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Մոդեքս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ։

haykaz

– Պրն Ֆանյան, թերևս նկատել եք, որ պարբերաբար ներգնա զբոսաշրջության վիճակագրության վերաբերյալ քննարկումների ալիք է բարձրանում, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

– Այո, նկատել եմ, ժամանակ առ ժամանակ այդ հարցը գլուխ է բարձրացնում։ Թերևս, պատճառը ոլորտի մասնագիտական հասկացություններին չտիրապետելն է։ Հաշվի առնելով հարցազրույցի թիրախային լսարանը չխորանամ խիստ մասնագիտական տերմինների մեջ, միայն նշեմ, որ ամեն օտարերկրացի, ով հատում է երկրի սահմանը, չի կարող համարվել զբոսաշրջիկ. դա, նախևառաջ, կախված է այցի/ճամփորդության նպատակից և տևողությունից։

Օրինակ, տաքսու վարորդը կամ Բագրատաշենի մանր առևտրականները, ովքեր ամեն օր կամ գրեթե ամեն օր սահմանահատում են իրականացնում և այդ օրվա ընթացքում վերադառնում ետ, չեն կարող համարվել զբոսաշրջիկ Վրաստանի համար։ Բայց եթե անձը հայ է կամ վրացի, և ինքն այցելում է իր հայրենիք՝ հանդիսանալով այլ երկրի ռեզիդենտ, և 24 ժամից ավելի մնում է այդ երկրում՝ նպատակ ունենալով հանդիպել իր հարազատներին, գործնական հանդիպում ունենալ կամ բուժվել, պետք է համարվի զբոսաշրջիկ՝ անկախ քաղաքացիությունից։

Այլ կերպ ասած, եթե ՀՀ քաղաքացին մեկ տարուց ավելի բնակվում է ՌԴ-ում և, ասենք, 7 օրով գալիս է Հայաստան՝ իր հարազատներին տեսնելու, ապա նա կարող է համարվել զբոսաշրջիկ։ Սա բխում է ԶՀԿ համապատասխան ուղեցույցից։ Առհասարակ միջազգային զբոսաշրջիկ (և՛ ներգնա (inbound), և՛ արտագնա (outbound)) է համարվում այն այցելուն (visitor), ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճամփորդում է իր հիմնական բնակության վայրից (ռեզիդենտության երկրից) մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

– Պարզ է, մեզ մոտ շատ է ընդունված նաև, երբ համեմատություններ են արվում ՀՀ և Վրաստանի ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջև, ինչպե՞ս կմեկնաբանեիք Դուք՝ ինքներդ։

– Սա, թերևս, այդ թեմայի աքիլեսյան գարշապարն է (ծիծաղում է.- Բ.Թ.)։ Պետք է ասեմ, որ ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ Վրաստանի պաշտոնական վիճակագրությունն առավել հաճախ ներկայացնում է ոչ թե ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, այլ, այսպես կոչված միջազգային ժամանումների (international arrivals) թվաքանակը, այսինքն՝ իրենց երկրի սահմանը հատած օտարերկրյա քաղաքացիների քանակը, նույնիսկ Համաշխարհային բանկի տվյալների բազայում Վրաստանի ներգնա զբոսաշրջիկների փոխարեն՝ ներկայացված է միջազգային ժամանումների թվաքանակը, ինչը հաճախ շփոթմունքի առիթ է դառնում նույնիսկ մասնագետների համար:

Այս առումով, բնականաբար, սխալ է մեր 1.26 մլն (2016թ․) ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը համեմատել Վրաստանի 6.36 մլն (2016թ․) միջազգային ժամանումների հետ, որովհետև դրա մեջ մտնում են նաև, նույն օրն այցելածները (same day visitors), այսինքն՝ մինչև 24 ժամ տևողությամբ Վրաստանի տարածքում գտնվողները (ներառյալ՝ տարանցիկ ուղևորները), օրինակ, Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան և Թուրքիա գնացողները, Ադրբեջանից Թուրքիա և ՌԴ գնացողները, և՝ հակառակը, ովքեր ՄԱԿ-ի ԶՀԿ-ի կողմից տրված զբոսաշրջիկի սահմանմանը չեն համապատասխանում։

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ համադրելի չեն նաև Հայաստան ժամանումների և Վրաստան ժամանումների ցուցանիշները՝ այն է՝ մեր 2.71մլն-ը (2016թ) և Վրաստանի 6.36 մլն-ը, քանի որ մեր ցուցանիշի մեջ հաշվարկվում են բոլոր ժամանումներ, այսինքն՝ նաև իմ և ձեր, որ մի քանի օրով, ասենք, գործնական այցով գնացել ենք Բրյուսել ու վերադարձել, իսկ Վրաստանի ցուցանիշը ներկայացնում է միայն օտարերկրյա քաղաքացիների ժամանումները, ներառյալ նրանց՝ ովքեր Վրաստանի ռեզիդենտ են, ասենք՝ էքսպատները։

Առավել մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անհամադրելիությունը կա նաև ներգնա զբոսաշրջիկների դեպքում, որովհետև եթե ՀՀ քաղաքացուն, ով երկար տարիներ ապրել է արտասահմանում և ՀՀ քաղաքացիության փաստաթղթերով 1 շաբաթով այցելել է Հայաստան իր հարազատներին տեսնելու, մենք համարում ենք զբոսաշրջիկ (ինչը միանգամայն բխում է ԶՀԿ ուղեցույցից) այն դեպքում, երբ Վրաստանը որպես զբոսաշրջիկ հաշվառում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր իրենց երկրում մնացել են ավելի քան 24 ժամ։ Այլ կերպ ասած, մեր 1.26 մլն-ը չենք կարող համեմատել նաև իրենց 2.72 մլն-ի հետ։

– Այդ պարագայում, ինչպե՞ս կարող ենք համադրել ոլորտին վերաբերող Հայաստանի և Վրաստանի թվերը։

– Իրականում, ինչպես ես ասացի արդեն, դա որոշակի բարդություն է իրենից ներկայացնում։ Հրապարակված վիճակագրական տվյալների պայմաններում, ըստ էության, ճիշտ համադրելիություն կարելի է ստանալ միայն երկու երկրների ժամանած օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց քանակը դիտարկելիս։

visitor1

– Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստան մոտ 5 անգամ քիչ օտարերկրացիներ են ժամանում, քան Վրաստան։

– Այո, որպես այդպիսին՝ այդ պնդումը ճիշտ է, սակայն դա ունի նաև որոշակի օբյեկտիվ պատճառներ։ Դրանցից, թերևս, ամենակարևորը Վրաստանի տնտեսաաշխարհագրական բարենպաստ դիրքն է՝ դրանից բխող տարանցման հնարավորություններով։ Այսպես, 2016թ.-ին շուրջ 6.36 մլն միջազգային ժամանողներից 1.32 մլն-ը կամ 21%-ը Վրաստան ժամանել են տարանցման նպատակով, բացի այդ 2.32 մլն՝ կամ 36.4%-ը հանդիսացել են այլ նպատակներով նույն օրն այցելողներ (same day visitors)։ Հասկանալի է, որ փակ սահմանների պատճառով մենք ուղղակի այդ հնարավորությունից զրկված ենք։ Բացի այդ, Վրաստանն ունի ծով, ինչը գրավիչ է շատ զբոսաշրջիկների համար։

– Իսկ կարո՞ղ եք գնահատել, թե ինչքան են ՀՀ քաղաքացիները ժամանում Վրաստան հետագայում այլ երկիր անցնելու նպատակով։

– Այո, մեր ընկերությունն այդ տեղեկատվությունն ունի։ Համաձայն Վրաստանի պաշտոնական վիճակագրության՝ 2016թ.-ին Հայաստանի քաղաքացիության փաստաթղթերով 14.6 հազ. մեկնում է արձանագրվել վրաց-թուրքական 3 սահմանակետերում, ռուս-թուրքական սահմանակետում՝ Վերին Լարսում, մոտ 274 հազ., իսկ 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին՝ համապատասխանաբար՝ 18.8 հազ. և 284.5 հազ.։

– Վերջերս ԱԺ-ում քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, որ ներգնա զբոսաշրջիկների արտահոսք է դիտվում դեպի Վրաստան, կցանկանայինք լսել Ձեր տեսակետը հարցի շուրջ։

– Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ո՞վ է հարցի հեղինակը և հասկանում եմ, որ դուք մեջբերում եք անում, բայց, թերևս, մասնագիտական առումով հստակ չի ձևակերպված։ Ինչևէ, եթե խոսքը գնում է այն զբոսաշրջիկների մասին, ովքեր ժամանում են Հայաստան, հետո գնում Վրաստան՝ իրենց ճամփորդությունը շարունակելու, ապա պիտի ասեմ, որ դա միանգամայն նորմալ երևույթ է, նմանապես շատ զբոսաշրջիկներ մեկնում են Բելգիա, հետո ճամփորդությունը շարունակում Նիդեռլանդներ, և՝ հակառակը։ Դա կարող է բխել ինչպես՝ տուրօպերատորների մարքետինգային ռազմավարությունից, օրինակ, նման պրոդուկտները, կարող է, ավելի մրցունակ են շուկայում, կամ ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների դեպքում իրենց նախապատվությունից (գերադասում են քիչ ծախսով միաժամանակ երկու երկիր տեսնել)։

Թեև, իհարկե, լավ կլիներ, որ մեր տեղական շուկան կարողանար ամբողջովին յուրացնել այն ֆինանսական պոտենցիալը, որ ունեն ներգնա զբոսաշրջիկները, ինչի համար պետք է, օրինակ, զբոսաշրջային նոր ուղղություններ զարգացնել, առաջարկվող ծառայությունների տեսականին դիվերսիֆիկացնել, ավելի մատչելի գնային առաջարկ ներկայացնել, և այլն։ Ցավոք սրտի, առկա վիճակագրական տեղեկատվության պայմաններում հնարավոր չի հստակ ասել, թե քանի զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, ապա շարունակել ճամփորդությունը դեպի Վրաստան։

Սակայն համաձայն Վրաստանի պաշտոնական վիճակագրության՝ հայ-վրացական ցամաքային սահմանակետերով 2015թ.-ին Վրաստան է ժամանել 191.8 հազ. ՀՀ և ՎՀ քաղաքացի չհանդիսացող անձ (համենայն դեպս, այլ երկրի քաղաքացիության փաստաթղթեր են ներկայացրել), 2016թ.-ին՝ 204.7 հազ., իսկ 2017թ.-ի հունվար-հոկտեմբերին՝ 260.8 հազ․, պետք է ասեմ, որ, իհարկե, այս անձինք ոչ միայն Հայաստան, ապա նաև Վրաստան այցելած զբոսաշրջիկներն են, այլև ՀՀ այն ռեզիդենտները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն և հատել են հայ-վրացական սահմանը, ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները, ովքեր մեքենայով եկել են Հայաստան, ապա վերադարձել, և այլն։

– Տեսակետ կա, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված օգտվում է վրացական օդանավակայաններից, ի՞նչ է ասում այդ մասին վիճակագրությունը։

– Վիճակագրությունը հավանաբար ժպտում է (ծիծաղում է.- Բ.Թ.), ասեմ՝ ինչու է ժպտում, տեսեք՝ 2010-2017թթ-ին ամենաշատը 2015թ-ին է, որ 55,685 ՀՀ քաղաքացի օգտվել է վրացական օդանավակայաններից, այդ թվում՝ Երևան-Թբիլիսի-Երևան չվերթերի ուղևորները։ Համեմատության համար 2015թ.-ին ՀՀ օդային ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 1.919 մլն ուղևոր, այսինքն՝ նույնիսկ ամենաշռայլ հաշվարկով՝ %-ային հարաբերությունը կազմում է մոտ 2.9%, թե ինչքանով է դա ստվար, ինքներդ դատեք։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ նշանակալից հոսք սկսվեց 2013թ.-ից, երբ դադարեցվեց Արմավիայի գործունեությունը, և, ինչպես ասացի, իր գագաթնակետին հասավ 2015թ.-ին՝ 55,685 ուղևոր, 2016թ-ին գրեթե 50%-ով այդ ուղևորների թիվը կրճատվեց, սակայն 2017թ.-ին դարձյալ սկսեց վերականգնվել, և արդեն 2017թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքները գերազանցում են ողջ 2016թ.-ի համապատասխան ցուցանիշը։

Ի դեպ, այդ ուղևորների ճնշող մեծամասնությունն օգտվում է Թբիլիսիի օդանավակայանից։

Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ ավիատոմսերի գնային մատչելիությամբ, այնպես էլ՝ Թբիլիսիից տարբեր ուղղություններով կատարվող չվերթերի քանակով։ Թեև միշտ էլ կլինեն ՀՀ քաղաքացիներ, որ նույնիսկ այլ հավասար պայմաններում կնախընտրեն Թբիլիսիի օդանավակայանը, քանի որ պարզապես իրենց ավելի մոտ է, օրինակ, Ալավերդիից Թբիլիսի օդանավակայան հեռավորությունը 126 կմ է, Նոյեմբերյանից՝ 106 կմ, իսկ Ալավերդիից «Զվարթնոց» օդանավակայան՝ 191 կմ, Նոյեմբերյանից՝ 197 կմ։

visitor2

– Եթե ամփոփենք, ի՞նչ կցանկանայիք ավելացնել զբոսաշրջության ոլորտի վիճակագրության վերաբերյալ։

– Գիտեք, մենք մինչ այժմ խոսում էինք ներգնա (inbound) զբոսաշրջության մասին, բայց վիճակագրական հաշվառման շատ ավելի լուրջ խնդիրներ կան նաև տեղական (domestic) զբոսաշրջության ոլորտում (ի դեպ, Հայաստանում հաճախ օգտագործվում է «ներքին զբոսաշրջություն» տերմինը, այնինչ, ըստ ԶՀԿ-ի՝ ներքին (internal) զբոսաշրջությունը ներգնա (inbound) և տեղական (domestic) զբոսաշրջության հանրագումարն է):

Եթե ըստ առաջնայնությունների դասակարգելու լինենք, թերևս, ամենաառաջնայինն այս պահին մեկնողների և ժամանողների շրջանում մեծածավալ ընտրանքային հետազոտության անցկացումն է, ինչը թույլ է տալիս հասկանալ ճամփորդության նպատակը, սեռատարիքային կազմը, ծագումը (հայ է, թե օտարազգի), կացության վայրի տեսակը, ծախսած գումարը և այլն, ինչը հետազոտության օգտագործողների լայն խմբերի համար շատ կարևոր է, օրինակ, ներդրողների համար կարևոր է հասկանալ՝ իրականում զբոսաշրջիկների քանի %-ն է հանգրվանում հյուրանոցներում (ըստ ԱՎԾ-ի՝ այդ ցուցանիշը 2016թ.-ին եղել է 13.9%, որը, թերևս, իրականությունը լիարժեք չի արտացոլում, ինչը մի այլ հարցազրույցի թեմա է), քանի %-ը՝ վարձով բնակարաններում, ինչ տևողությամբ, որպեսզի գնահատեն շուկայի ծավալը և համապատասխան ներդրումային որոշում կայացնեն, ընդ որում՝ առանձին ոչ մի ներդրող կամ հետազոտական ընկերություն պատրաստ չի այդպիսի մեծ գումար վճարել/ներդնել հետազոտության համար, հետևաբար՝ պետությունը կամ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված միջազգային դոնորներն իրենք պետք է ստանձնեն նմանատիպ հետազոտությունների ֆինանսավորումը։

Բացի այդ, վերջին տարիներին տարբեր միջազգային դոնորներ միլիոնավոր դոլարների ֆինանսավորում են հատկացրել զբոսաշրջության ոլորտին, անհրաժեշտ է խորքային գնահատել այդ ծրագրերի արդյունքները և, վերջապես, անհրաժեշտ է հենց պետությանը՝ ի դեմս ԱՎԾ-ի։ Վերջիվերջո, այդ հետազոտության արդյունքների միջոցով է հաշվարկվում ներգնա զբոսաշրջիկների քանակը, և ըստ միջազգային լավագույն փորձի՝ ամեն 2-3 տարին մեկ անգամ այդ հետազոտությունը պետք է կրկնել, այնինչ մեր մոտ վերջին անգամ իրականացվել է 2013թ.-ին։

Բացի այդ, այդպիսի հետազոտության արդյունքները, ի թիվս այլ հետազոտությունների արդյունքների, ԱՎԾ-ն կարող է օգտագործել, այսպես կոչված, զբոսաշրջության արբանյակային հաշվի (tourism satellite account) վարման համար, ինչի միջոցով հնարավոր կլինի հստակ գնահատել, օրինակ, զբոսաշրջության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում։

Ուրախալին այն է, որ պետությունն արդեն իսկ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ ձեռնարկում է քայլեր զբոսաշրջության արբանյակային հաշվի ներդրման ուղղությամբ, ինչը, իհարկե, կնպաստի նաև տեղական զբոսաշրջության (domestic tourism) իրական ծավալները հասկանալուն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը