Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի գործարարները հավատում են Լաֆերի կորին

Վերադարձ լուրերի բաժին

10:07 , 11 Ապրիլ 2018

Կամ, ավելի պարզ ասած, նրանք համարում են, որ Հայաստանում հարկային բեռը ծանր է, և համոզված են, որ հարկային բեռի նվազեցման դեպքում պետական բյուջե ավելի շատ գումար կմտնի։ Այս մասին են վկայում հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտության արդյունքները, որն անցկացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության կողմից (ֆինանսավորումը՝ Deloitte-ի կողմից)։

Մինչև առաջ անցնելը՝ հակիրճ ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Լաֆերի կորը։ Այն ցույց է տալիս հարկերի դրույքաչափերի և հարկային եկամուտների կապը։ Տեսեք, գործարարները, իհարկե, կգերադասեին, որ հարկեր ընդհանրապես չմուծեին:

Սակայն դա հնարավոր չէ, քանի որ, եթե հարկերի դրույքաչափը լինի զրո տոկոս, այսինքն՝ հարկեր չգանձվեն, ապա բյուջեն փող չի ունենա, թոշակառուները կենսաթոշակ չեն ստանա, բանակը հնարավոր չի լինի պահել։ Կան ծախսեր, որ մասնավորն իր կամքով չի անի կամ չի կարող անել։ Հիմա դիտարկենք մյուս ծայրահեղությունը՝ հարկման դրույքաչափը 100% է։ Այսինքն, գործարարն իր ամբողջ շահույթը վճարում է՝ որպես հարկ։ Այդ դեպքում բիզնեսով զբաղվելն անիմաստ կլիներ, ոչ ոք բիզնես չէր անի, հետևաբար՝ հարկ չէր վճարի, և բյուջեն կրկին փող չէր ունենա։

Ստացվում է՝ և՛ զրո տոկոս, և՛ 100 տոկոս դրույքաչափի դեպքում բյուջեն հարկերի տեսքով եկամուտներ չի ունենա։ Ըստ այդմ, հարկերի միջին դրույքաչափը պիտի լինի 0-ի և 100-ի միջակայքում։ Կոնկրետ որտե՞ղ։ Այնտեղ, որտեղ պետությունն առավելագույն եկամուտ կստանա հարկերի տեսքով։

Ավելի լավ պատկերացնելու համար աչքի անցկացրեք գծապատկերը, որը հենց Լաֆերի կորն է։ T-ն (ուղղահայաց առանցք) պետական բյուջեի եկամուտներն են, իսկ t-ն (հորիզոնական առանցք)՝ դրույքաչափերը։ Զրոյական դրույքաչափի դեպքում բյուջեն եկամուտ չի ունենում։ Դրույքաչափերի բարձրացման հետ զուգահեռ՝ բյուջեի եկամուտները սկսում են ավելանալ։

laffer1

Սակայն դա հավերժ չի տևում. կա որոշակի կետ (t*), որից հետո դրույքաչափերի բարձրացումը բերում է հակառակ էֆեկտի՝ բյուջեն սկսում է քիչ ստանալ։ Որովհետև բարձր հարկերը ստիպում են գործարարներին տեղափոխվել ստվերային դաշտ կամ դադարեցնել գործունեությունը։

Լաֆերի կորի իմաստը հենց այն է, որ գոյություն ունի հարկային դրույքաչափի օպտիմալ մակարդակ (t* կետ), որի ժամանակ բյուջեն ստանում է առավելագույն հարկային եկամուտներ։

Հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն։ Հայաստանի գործարարների համոզմամբ, մենք գտնվում ենք օպտիմալ կետից ավելի աջ՝ t3-ի մոտակայքում։ Այսինքն, հարկային դրույքաչափերն օպտիմալ մակարդակից բարձր են, և դրանք նվազեցնելու դեպքում հարկատուներն ավելի շատ հարկեր կվճարեն։

Քանի՞ տոկոսն է այդպես կարծում։

Հարկային բեռը, ըստ հարցված գործարար հարկատուների 40-50 տոկոսի կարծիքի, ծանր է կամ շատ ծանր: Հատկապես ծանր է համարվել եկամտային հարկը, ապա՝ շահութահարկը և ավելացված արժեքի հարկը: Համեմատաբար թեթև են համարվել՝ 40 տոկոսից ցածր ցուցանիշով, ակցիզային հարկը, այլընտրանքային հարկային ռեժիմները և գույքային հարկերը, ինչպես նաև ամենացածր հարկային բեռի համարում ունեցող (11 տոկոսի կարծիքով) բնապահպանական և բնօգտագործման վճարները:

Ինչ վերաբերում է կոնկրետ Լաֆերի կորին, ապա դրա վերաբերյալ հարցադրումն ավանդական է աշխարհում: Այս առնչությամբ հարցվածներին առաջարկված մի քանի հարցերի միջոցով հարցվել է՝ եթե կառավարությունն իջեցնի հարկերի դրույքաչափերը, ապա արդյո՞ք բյուջեն ավելի շատ գումար կստանա: «Այո» պատասխանածների, այսինքն, այդ տեսությանը վստահողների բաժինը կազմել է 73 տոկոս: Ի դեպ, 2013թ. իրականացված հարցմամբ Լաֆերի կորի էֆեկտին հավատում էր հարցվածների ավելի նշանակալի մասը՝ 80 տոկոսը:

Հետազոտության հեղինակները նույնանման մեկ այլ հարցով փորձ են արել՝ պարզելու մարդկանց կարծիքն այն մասին, թե արդյոք հարկատուները կդադարե՞ն թաքցնել հարկերը, եթե կառավարությունն իջեցնի հարկային դրույքները: Նորից, հարցվածների 67 տոկոսը համոզմունք է հայտնել, որ մարդիկ կդադարեն հարկերը թաքցնել ու կհամագործակցեն ՀՀ կառավարության հետ՝ հանուն հանրային շահի: Այստեղ ևս լավատեսների թիվը երկուսուկես անգամ գերազանցել է նրանց թվին, ովքեր մտածում են, որ դրանից բան դուրս չի գա:

Նշենք, որ նման կարծիք ունեն նաև ոչ գործարար հարկ վճարողները։ Այս խմբի հարցվածների 96 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանի առօրյա կյանքում հարկային բեռը բարձր է: Իսկ 68 տոկոսը համոզմունք է հայտնել, որ մարդիկ կդադարեն հարկերը թաքցնել ու կհամագործակցեն ՀՀ կառավարության հետ հանուն հանրային շահի, եթե կառավարությունն իջեցնի հարկային դրույքները։

Մի խոսքով, Հայաստանում բոլոր՝ գործարար և ոչ գործարար հարկատուների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ դրույքաչափերը պետք է նվազեցվեն։ Ուշագրավն այն է, որ հարցումն անցկացվել է 2016 թվականի օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում, երբ հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ ուժի մեջ չէին մտել։ Իսկ հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է շահաբաժինների հարկման դրույթը, մի շարք ապրանքների համար ավելացել է ակցիզային հարկը, և այլն։ Այսինքն, հարկային բեռն է՛լ ավելի է ծանրացել։ Սակայն հարկային մուտքերն ավելացել են՝ հակառակ Լաֆերի կորի տրամաբանության, վարչարարության խստացման, ստվերի կրճատման և տնտեսական ակտիվության հաշվին։

Իհարկե, հարկային ոլորտի պատասխանատուները կասեն՝ բնական է, որ գործարարները պետք է հարկային բեռը ծանր համարեն։ Այսինքն՝ սա միակողմանի կարծիք է։ Սակայն հետազոտության մեջ կան նաև այլ արդյունքներ, որոնք պետք է մտահոգեն հարկային մարմնին և ընդհանրապես կառավարությանը։

Օրինակ՝ այն, որ հարկերը նպատակային օգտագործելու վերաբերյալ հարցվածների 51 տոկոսի մոտ այն ընկալումն է, որ կառավարությունը ներկայումս հարկային գումարներն օգտագործում է «անձնական նպատակներով»:

Կամ այս մեկը. հարցվածների 45 տոկոսը համարում է, որ օրինապահ դառնալը բիզնեսի վրա բացասական ազդեցության ուղղակի վտանգներ ունի:

Բավականին տխուր է նաև հետևյալ կետը. «Արդյոք հպա՞րտ եք, որ հարկեր եք վճարում» հարցին դրական են պատասխանել հարցվածների 37 տոկոսը: «Ոչ» են պատասխանել 52 տոկոսը, քանի որ, ըստ նրանց, հարկերը չեն ծառայում իրենց նպատակին, կամ, քանի որ իրենք չգիտեն, թե դրանք իրականում ինչ նպատակի են ուղղվում: Բացի այդ, հարկեր վճարելը հարցվածների երկու երրորդը չեն համարում պատվաբեր կամ առաքինություն, չեն հպարտանում դրանով: Հիմնական պատճառը գումարների օգտագործման նպատակայնության, ոչ արդար բաշխելու մեջ է: Հարցվածների 36 տոկոսը պատրաստ է հանդուրժել ավելի բարդ հարկային համակարգ, միայն թե այն լինի արդար:

Սա ծավալուն հետազոտության ընդամենը չնչին մասն է։ Որքան էլ պատկան մարմիններն իրենց համարեն պրոֆեսիոնալ և անսխալական, չէր խանգարի ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ այս հետազոտության բոլոր կետերին։ Մանավանդ, որ 2016 թվականի վերջին պաշտոնապես հայտարարվեց, որ կառավարության կարևորագույն նպատակներից մեկն էլ հարկային և ծառայողի կերպարի բարելավումն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: