Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը 5 տեղով առաջադիմել է. Doing Business 2017

Վերադարձ լուրերի բաժին

10:06 , 26 Հոկտեմբեր 2016

 

Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի խմբի կողմից երեկ հրապարակված՝ «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» (Doing Business 2017: Equal Opportunity for All) զեկույցի:

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 հորիզոնականով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալիան ավելացնելու արդյունքում):

«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի («Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է):

Ըստ զեկույցի՝ Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում:

Մասնավորապես, երկիրը մեծացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են:

Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է, Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսը հաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար:

Doing Business 2017 զեկույցի առաջին հորիզոնականում Նոր Զելանդիան է, որին հաջորդում են Սինգապուրը և Դանիան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:

Փոփոխություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ միջոցառման մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:

ՊԵԿ-ը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել

Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: