Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը պատրաստ է մի քանի օր լինել ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 01 Հոկտեմբեր 2019

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը երկրում իր շուրջը կհամախմբի ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչների, հաջողությունների հասած հայտնի հայերի և օտարերկրացիների: Ակնկալվում է, որ համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների ներկայացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: «Արմենպրես»-ը համաժողովի նախապատրասական աշխատանքների, բանախոսների ու սպասվող հետաքրքիր նորությունների մասին զրուցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ,«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ:

-Պարոն Եսայան, հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելու է ՏՏ համաշխարհային համաժողովը, ովքե՞ր են լինելու բանախոսները, ի՞նչ է մեզ սպասվում:

– Նախ նշեմ, որ WCIT-ին են միանալու նաև արտերկրում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները` պատմելու իրենց ընկերությունների և իրենց անձնական հաջողությունների մասին, խոսելու քննարկվող թեմաների շուրջ: Այդ անձանցից են «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով կխոսի սոցիալական ցանցերի ընդհանուր ազդեցության և հարթակների օգտագործման արդյունավետության և դրանց խնդիրների մասին, «PicsArt» ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, «Pixar» անիմացիոն ստուդիայի ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը, «Agenus» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գարո Արմենը: Հայաստանում անցկացվող համաժողովին մեծ մասնակցություն են ունենալու նաև «Yandex» ընկերությունից, մասնակցելու է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանը, ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը, մեր ռեգիոնալ ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը: Զեկույցներով հանդես են գալու նաև «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը, հայտնի գիտնական, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և մեծ հաջողությունների հասած շատ այլ հայեր: Զեկուցողների թվում են նաև արտերկրից CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քուեսթը, «VMware»-ի գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը , «Giphy» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ` փոխտնօրենների կամ ռեգիոնալ տնօրենների մակարդակով: Ընդհանուր բանախոսների թիվը գերազանցում է 100-ը:

-Ւնչպե՞ս և ինչո՞վ է տրվելու համաժողովի մեկնարկը:

– Բացումը սկսում ենք հոկտեմբերի 6-ի ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում համերգով: Աշխարհի 15 երկրներից ավելի քան 70 և հայաստանցի 30 երաժիշտներ կազմելու են WCIT նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Սպասվում է հետաքրքիր անակնկալ, նվագախումբը հանդես կգա աննախադեպ համերգով՝ կատարելով արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Կարծում ենք, որ դա լինելու է մեծ նորություն, աշխարհում առաջին անգամ նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Ելույթ է ունենալու նաև միջազգային ճանաչում վայելող դիջեյ Արմին վան Բյուրենը: Հոկտեմբերի 7-ին արդեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա համաժողովի պաշտոնական բացումը:

-Համաժողովի շրջանակում քննարկվելիք ի՞նչ հետաքրքիր թեմաներ կառանձնացնեք:

-Սպասվում են բավականին հետաքրքիր քննարկումներ: Օրինակ «Արվեստի ապագան» խորագրով քննարկմանը մեզ են միանալու մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի բնագավառում՝ այն միևնույն ժամանակ կապելով տեխնոլոգիաների հետ: Քննարկմանը կմասնակցի նաև Սերգեյ Սմբատյանը, նաև արտիստ Ահմեդ Էլ Գամալը, որն աշխարհում հայտնի է արհեստական բանականության կիրառմամբ նկարներ ստեղծելով: «Կայծակնային ռաունդներ»-ը ստարտափերներին ու նորարարներին հնարավորություն կտա մեծ լսարանի առաջ ներկայացնել իրենց գաղափարներն ու ներդրումներ շահել։ Մասնակցելու են մոտ 100 ընկերություններ, որոնցից 60-ը հայկական են, մնացածը՝ արտերկրից, այդ թվում Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից, Սլովակիայից, Անգլիայից, Վրաստանից, Չինաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է “Armenian Technology Communities A-Prize” մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։ Ներկայում գրեթե չկա ոլորտ, որում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառություն չլինի: «Բիզնեսի փոխակերպում» խորագրով քննարկմանը բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հետաքրքիր քննարկում են անցկացնելու այդ փոխակերպումների վերաբերյալ: «Խելացի քաղաքներ. ուտոպիա, թե հակաուտոպիա» խորագրով քննարկմանը մասնակիցները կխոսեն նորագույն տեխնոլոգիաների դերի մասին, մասնավորապես թե քաղաքներում դրանց կիրառությունն ինչ օգուտ է բերում և ինչ խնդիրներ առաջացնում: Քննարկմանը մասնակցելու են խելացի քաղաքներ կառուցելու համար տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Սիմենս»-ի կայուն զարգացման փոխնախագահը: «Գաղափարների շուկա» քննարկմանը կմասնակցի Քիմ Քարդաշյանը և բավականին հետաքրքիր այլ բանախոսներ: Սոցիալական ցանցերը սկսել են զբաղեցնել մեր օրվա մեծ մասը: Եվ Քարդաշյանը, որպես ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նույն քննարկմանը «ՊիկսԱրտ»-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը կկիսվի իրենց փորձով, կներկայացնի, թե ինչպես են ստեղծել ընկերությունն ու գրավել մեծ թվով օգտատերերի: «Սև Կարապ» քննարկմանը քննարկում կլինի այն ռիսկերի շուրջ, թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր խափանումներ լինեն ու ավտոմատացված նոր տեխնոլոգիաները չաշխատեն:

-Պարոն Եսայան, որքա՞ն մասնակիցների ենք սպասում WCIT 2019-ին Հայաստանում:

-Սպասում ենք 2500-ից ավելի մասնակիցների ՝ ավելի քան 70 երկրից:

– WCIT 2019-ը Հայաստանում շատ քննարկվեց նաև այն տեղեկության համար, որ հյուրընկալելու ենք հեղինակավոր ընկերությունների, օրինակ «Գուգլ»-ի, «Ֆեյսբուք»-ի առաջին դեմքերին: Ո՞ւմ ենք սպասում իրականում:

-Նորությունը տարածվել է այն ժամանակ, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում հայտարարեց, որ ներկա է լինելու այդ ընկերությունների ղեկավար կազմը: Մենք վերահաստատում ենք նրա այդ միտքը, համաժողովին մասնակցելու են հեղինակավոր շատ կազմակերպությունների ղեկավար կազմեր, սակայն ոչ դրանց առաջին դեմքերը: Մեդիան աղավաղել է ինֆորմացիան։ WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, օրինակ «Google»-ի փոխնախագահը, «Infosis»-ի հիմնադիրը, «Siemens», «Ericson» ընկերությունների փոխնախագահները և այլք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: