Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող զբոսաշրջիկների համար կձևավորվեն հատուկ առաջարկներ

Վերադարձ լուրերի բաժին

18:56 , 03 Հուլիս 2019

Հայաստանը պատրաստ է երկիրը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող վրացի և ռուս զբոսաշրջիկներին դիմավորել ու ճանապարհել լավագույնս, լինել ավելի ուշադիր, հատուկ առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Երևանում մի քանի օր մնալն ու տուրերից օգտվելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին խոսեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Տիկին Սաֆարյան, նախ Վրաստանի հետ զբոսաշրջային ինչպիսի ՞ արդյունքներ ունենք:

-2018-ի տվյալներով, որն ամփոփում է ամբողջ տարին, ունենք 300 հազարից ավելի այցելուներ Վրաստանից: Այցելության նպատակները տարբեր են՝ ինչպես զբոսաշրջային, այնպես էլ տարբեր առիթներով: 2017-ի նկատմամբ 2018-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով նվազել է։

tourist05

-Վրաստանում իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է միջանցք հանդիսանալ՝ օգնելով երկու բարեկամ պետություններին, ռուս զբոսաշրջիկները Հայաստանի միջոցով կարող են գնալ Վրաստան: Այս առումով կոմիտեն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

-Փորձում ենք յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որն այցելում է Հայաստան: Եթե այս պահին, ելնելով հանգամանքներից, ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների թվի աճ, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները, ապա մեր քայլերը ևս լինելու են նրանց լավագույնս դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու ուղղությամբ, ինչպես նաև հատուկ առաջարկներ ձևավորելու ռուսական շուկայի համար: Նրանք, միգուցե, տարանցիկ հատվածում կարողանան Հայաստանում մի քանի օր անցկացնել։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներն էլ Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ուղղություն: Զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ ավիաչվերթների սպասման ժամանակահատվածի հետ կունենան խնդիրներ, կառաջարկենք որոշակի ժամանակ անցկացնել Երևանում, միգուցե «սիթի տուր» անցկացվի նրանց համար:

-Շատ է խոսվում Վրաստանի հետ միասնական տուր փաթեթներ ունենալու մասին, ինչքանո՞ վ է դա իրագործվել, կա՞ ն արդյոք միասնական փաթեթներ, և առաջիկայում պատրաստվո՞ ւմ ենք ընդլայնել:

-Փաթեթների ձևավորումն ու վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների միջոցով: Մասնավորները դեռևս նախորդ տարիներին սկսել են աշխատել միմյանց հետ, դրա մասին են վկայում համատեղ առաջարկները՝ և՛ վրացական, և՛ հայկական կողմից: Թե՛ հայկական, թե՛ վրացական կողմը դիտարկում են փոխադարձ այցելություններ, եթե խմբի ցանկությունը կա: Այս պահին մասնավորի կողմից ձևավորվել են բիզնես առաջարկներ, պետությունը ևս ուշադրություն է դարձնում, որ իրենք ավելի վստահ ու ընդլայնված համագործակցություն սկսեն, որի արդյունքում նաև պետությունների մակարդակով կներկայացվեն այդ զբոսաշրջային փաթեթները:

-Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի վրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազել է, ի՞նչը կշտկի իրավիճակը: Այս տարվա առաջին եռամսյակին Հայաստանից Վրաստան է այցելել 326840 մարդ, նույն ժամանակում Վրաստանից Հայաստան՝ 74757, ի՞նչ քայլեր եք նախատեսում, որ որպեսզի վրացի զբոսաշրջիկներն էլ նույն ինտենսիվությամբ այցելեն Հայաստան, ինչ հայերը՝ Վրաստան։

tourists

-Երկու երկրներում համատեղ ճանաչողական այցերի, համատեղ տեղեկատվական արշավների իրականացումը կօգնի, որպեսզի Վրաստանի զբոսաշրջիկները Հայաստանը դիտարկեն որպես թեկուզ շաբաթվա վերջին երկու հանգստյան օրերի ուղղություններ, ինչպես հայերն են անում: Սովորաբար, զբոսաշրջիկները գնում են այնպիսի տեղեր, որը տարբերվում է իրենց երկրից: Հայերը նախընտրում են գնալ Վրաստան՝ ծովի համար, մենք էլ պետք է այնպիսի առաջարկներ ձևավորենք, որը հետաքրքիր է ծով ունեցող երկրի ժողովրդին:

-Եվ վերջում խնդրում եմ նշեք այն երկիրը, որտեղից ամենաշատն են այցելում Հայաստան:

-Ամենաշատն այցելում են Ռուսաստանից:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնեցին, որ հատկապես Ռուսաստանից 2018 թ. երկրորդ եռամսյակում Հայաստան ժամանումները կազմել են 173 782, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 151 761 համեմատ կազմել է շուրջ 14,5%, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ժամանումները կազմել են 239 381, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 206 894 համեմատ մոտ 15,7% է:

Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ի վիճակի են հյուրընկալելու ավելի քան 30 000 այցելուի միաժամանակ։ Ընդհանուր թվի մեջ մոտ 8000-ը բարձրորակ հյուրանոցներում են հանգրվանում: Հայաստանում բավականին զարգացած և բազմազանեցված են զբոսաշրջիկին առաջարկվող ծառայությունները, այդ թվում` սննդի, ժամանցի, մարզային տուրերի կազմակերպման հնարավորությունները: Հայաստանի գրեթե ողջ բնակչությունը տիրապետում է ռուսերենին։ Ցանկության դեպքում զբոսաշրջիկներին կարող են ուղեկցել փորձառու, ռուսերենի իմացությամբ գրագետ զբոսավարները։ Ռուս և այլ ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկներին պատրաստ է սպասարկել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Այն ունի 1 ժամում 15 ինքնաթիռ, տարեկան 3,5 մլն ուղևոր սպասարկելու, ինչպես նաև 800 մեքենա կայանելու հնարավորություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: