Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ներդրումների գրավման միջոցով կարող է հասնել միլիարդ դոլարների արտահանման ծավալների

Վերադարձ լուրերի բաժին

23:14 , 13 Նոյեմբեր 2019

Հայաստանն առաջիկա 10-20 տարիներին կարող է մի շարք ոլորտներում հասնել միլիարդ դոլար արժողությամբ արտահանման ծավալների, եթե պատշաճ կերպով խթանվեն ներդրումները, ինչը կօգնի առարկայացնելու երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը:

Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի հրապարակած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում: Փաստաթղթի պատրաստումը նախաձեռնվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Շվեյցարիա կատարած այցից հետո:

Նախագահ Սարգսյանը դեռևս 2018 թվականին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ, ով առաջարկել էր անհատույց կերպով պատրաստել Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցը: UNCTAD-ի թիմը 2019 թվականին այդ նպատակով այցելել էր Հայաստան:

Նոյեմբերի 12-ին Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի նիստին զեկույցի հրապարակման ժամանակ UNCTAD-ի ներդրումների և ձեռնարկատիրության հարցերով տնօրեն Ջեյսմ Ժանը, ընդգծել է, որ զեկույցը պատրաստվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ և նշել , որ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը պատրաստելիս հաշվի են առնվել երկրի համեմատական առավելություններն ու սահմանափակումները:

Զեկույցում ընդգծված է Հայաստանի ներուժը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, գինեգործության, ագրոբիզնեսի ու դեղագործության ոլորտներում: «Որպեսզի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր լինի կյանքի կոչել աղքատության և գործազրկության հաղթահարման մասին կառավարության տեսլականը, անհրաժեշտ են բարեփոխումներ ներդրումային քաղաքականության մեջ, ինչպես նաև առավել նշանակալի ջանքեր ուղղված ներդրումների ընդլայնմանը»,- նշված է զեկույցում:

Ներդրումային քաղաքականության զեկույցը նպատակ ունի նպաստելու ներառական աճին և կայուն զարգացան խթանմանը: Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր Հայաստանում խորացնել բարձր տեխնոլոգիական ոլորտը և դարձնել երկիրն առաջավոր հանգույց նորարարությունների, տվյալների գիտության, արհեստական բանականության համար: Նշվում է նաև, որ հայկական սփյուռքը Հայաստանի առավելությունների շարքում է և ապագայում ևս կարող է առանցքային դերակատարում ունենալ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը հասունացել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար, ուստի արվում է ամեն բան հանուն գործարար միջավայրի արդիականացման:

Վերջին 20 տարիների ընթացքում UNCTAD-ն իր աջակցությունն է ցուցաբերել ավելի քան 50 զարգացող երկրների՝ նրանց համար մշակելով ներդրումային քաղաքականության զեկույցներ: Ուսումնասիրությունների համաձայն՝ այդ զեկույցները հետագա տարիների ընթացքում օգնել են տվյալ երկրներին ավելի շատ ներդրումներ գրավել և բարելավել բիզնես միջավայրը:

Արմենպրես:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: