Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը կորցրել է և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկան». Վիլեն Խաչատրյան

Վերադարձ լուրերի բաժին

15:35 , 17 Փետրվար 2016

«Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով` կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը ԵՏՄ տեսանկյունից հենց առաջին իսկ տարում ունեցավ լուրջ անկման երևույթներ, անգամ այնպիսին, որ 2009թ.-ին որոշ ցուցանիշներ չէին հասել այդ մակարդակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Մանրամասնելով վերը նշված ցուցանիշները` նա նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015թ.-ին արձանագրել է -3.7% ՀՆԱ-ի անկում, իսկ ահա 2016թ.-ի համար նախատեսվում է մոտ 0.7%-անոց անկում. «Իհարկե, կան որոշ լավատեսական կանխատեսումներ, որոնք մինչև 1%-անոց տնտեսական աճ են ակնկալում Ռուսաստանի համար, քանի որ 2015թ.-ին ինֆլյացիան ավելի շատ էր` մոտ 12-13%, իսկ 2016-ին` արդեն 8-8.5%-անոց: Հետաքրքիր մի հանգամանք ևս. Ռուսաստանի բյուջեի հիմքում 1 բարել նավթի դիմաց դրված է 50 դոլարը, իսկ վերջերս իջեցրին մինչև 40 դոլար, այսինքն` կանխատեսումները ևս վերանայվեցին, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտը հասցվեց մինչև 5.1%-ի»,- ընդգծեց Վիլեն Խաչատրյանը:

Չնայած սրան` նրա կարծիքով` այնքան էլ ճիշտ չէ Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դիտարկել ԵՏՄ անդամակցության շրջանակում, քանի որ Հայաստանը միություն է կազմել ոչ միայն իր անվտանգությունը երաշխավորող երկրի հետ, այլև կազմել է տնտեսական միություն, և դա, ըստ նրա, փաստացի ցույց են տալիս եղած ցուցանիշները. «Եթե,  օրինակ, 27 տարվա կտրվածքով նայենք Հայաստանի ամբողջ ներդրումային պորտֆելը, ապա կտեսնենք, որ ոչ մի երկիր Հայաստանում այդքան ներդրում չի արել 1988թ.-ից մինչև հիմա, որքան Ռուսաստանը»,- պարզաբանեց նա:

Իսկ ինչ վերաբերում է խնդրին, ինպիսին, օրինակ, տրանսֆերտների կրճատումն է, ապա տնտեսագետի խոսքով` դրանք բնականաբար պետք է կրճատվեին, որովհետև Ռուսաստանի տնտեսական վիճակը 2015թ.-ին թույլ չտվեց, որ մեր արտագնա աշխատողները կարողանային ակտիվ դիրքեր ունենալ և մեծ քանակությամբ տրանսֆերտներ ուղարկել Հայաստան:

Արտաքին առևտրային հարաբերությունների տեսանկյունից` Հայաստանը, ըստ Խաչատրյանի, կորցրել է և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկան. «Մեր գործընկերային հարաբերությունները զարգացել են ասիական տարածաշրջանի հետ: Սրանք փաստացի վիճակագրական տվյալներ են, որոնց համաձայն` մենք ասիական շուկայում ավելի ուժեղ դիրքեր ունենք: Այսինքն` հետճգնաժամային զարգացման փուլում ասիական երկրներն ավելի կարողացան դիմակայել այդ ճգնաժամային երևույթներին և աճ ապահովել, քան Եվրոպական միության երկրները: Նույն ինքը` Եվրոպան, այս պահի դրությամբ ազատ սահմանների խնդիր ունի, և չկա եվրոպական որևէ երկիր, որ չբողոքի Ռուսաստանի տնտեսության նկատմամաբ կիրառված պատժամիջոցների արդյունքում կրած վնասներից: 100 մլրդ դոլարից և եվրոյից ավելի են գնահատում այդ վնասները տարբեր երկրների շրջանակներում: Ստացվում է այնպես, որ նույն ինքը` Եվրոպան, իր զարգացման հիմքերը շատ դեպքերում կապում է ռուսական շուկայի հետ»,- նշեց նա:

Վիլեն Խաչատրյանի խոսքով` առևտրային հարաբերությունների տեսանկյունից  կրճատվել է և՛ ներմուծումը, և՛ արտահանումը. «2015թ.-ին մենք 1 մլրդ 170 մլն ԱՄՆ դոլարի ներմուծման կրճատում ունենք, իսկ դա նշանակում է` յուրաքանչյուր ամիս մեր երկիր մոտ 100 մլն դոլարի ապրանք քիչ է մտել, իսկ սա, բնականաբար,  բացասաբար է ազդել մեր տնտեսության վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացել է մեր ներմուծման մեջ իր դիրքերը բարելավել: Բարելավել է այնքանով, որքանով հիմա նա մեր ներմուծման 1/3-ը կազմակերպող երկիրն է, այսինքն` մենք ներմուծման առումով 1/3-ով կախված ենք Ռուսաստանից,- նկատեց նա` հավելելով,- այս պահի դրությամբ, սակայն, Ռուսատանը մշակում է հակաճգնաժամային ծրագրի մանրամասները` փորձելով լուծում տալ այն ճգնաժամային իրավիճակին, որի առջև կանգնած է վերջինս»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է