Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ ԵՄ-ի, և´ ԵՏՄ-ի հետ». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

14:57 , 14 Սեպտեմբեր 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձևակերպման և իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, և դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։ «Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե´ խոշոր ընկերությունում, թե´ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը և իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը և այլն։

Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների և մեծ տվյալների մասին։ Այսօր խոսում ենք արհեստական բանականությամբ կառավարվող վերտիկալ այգիների, առողջապահության ոլորտում եռաչափ տպագրության, մեծ տվյալների օգտագործմամբ նոր լուծումներ մշակելու մասին։ Մեծ տվյալների և արհեստական բանականության լուծումների շնորհիվ GOOGLE պլատֆորմը հնարավորություն է տալիս ավելի արագ իմանալ որոշ հիվանդությունների տարածման մասին, քան տալիս են դասական տեխնոլոգիաները։ Այսօր կա մի նվագախումբ, որի բոլոր գործիքները պատրաստված են եռաչափ տպիչների միջոցով», – նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս երևույթները մարտահրավեր են նաև կրթական համակարգի համար։

«Հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու։

Հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր կառավարության ծրագիրը, մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարության մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: