Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանին և ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:
Այնուհետև կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, ապա` ընդլայնված կազմով հանդիպումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը Հայաստանի կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ «Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»,- ասել է վարչապետը։
Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։
«Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում»,- ընդգծել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ կառավարությունը կարողացել է նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ «Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Նա շեշտել է, որ գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ օպտիմալացումը պետական կառավարման համակարգում ուղղված է կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը Միությանն անդամակցությունը դիտարկում է որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։
Նա արձանագրել է, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։
«Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում»,- վստահեցրել է նա։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ջերմ հյուրընկալության և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում նոր թափ կհաղորդի Միության գործունեությանը և դրա շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին:
Դիտումներ 1443
Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: