Invalid username or password
Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ, «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով: Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:
Նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների՝ Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:
Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով: Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։
Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:
Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների ֆրանսերեն նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:
Համառոտ՝ հրապարակված նյութերի ցանկը
«Cooperation» բաժանորդագրային հանդեսը Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից է, պատկանում է Coop սուպերմարկետների ցանցին, այն ամեն շաբաթ ուղարկվում է ավելի քան 600 000 տուն (ավելի քան 1.5 միլիոն ընթերցող): Հունիսի 18-ի համարում Հայաստանը ներկայացվել է 4 էջում` նկարներով համեմված և «Հայաստանը հավատում է իր ապագային» վերնագրիրը կրող գեղեցիկ հոդվածով` https://www.cooperation.ch/armenie
Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)` «Le Nouveliste»-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակվեց համանման «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը:
Նույն հոդվածը լույս է տեսել նաև «Le Nouveliste»-ի հետ նույն մեդիա խմբի մեջ գտնվող և Նյուշատել կանտոնում լույս տեսնող «Arcinfo» օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:
Գերմանալեզու «Wendezeit» բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրված է Գյումրիին:
«Paris Match Suisse Edition» (50 000 ընթերցող) հանդեսի հունիս-սեպտեմբեր համարում լույս է տեսել էքսկլյուզիվ հոդված Շարլ Ազնավուրի վերանորոգվող տուն-թանգարանի մասին, որը մոտ ապագայում, հեղինակի ներկայացմամբ, դառնալու է «համաշխհարային մակարդակի տեսարժան վայր»:
Այցի արդյունքում Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում (www.presstourism.ch) հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով: Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:
Դիտումներ 493
Հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները` պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվական հոլովակում:
«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։