Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը՝ ներառական զարգացման ինդեքսում. Որքանով ենք զարգացել 5 տարվա ընթացքում

Վերադարձ լուրերի բաժին

10:54 , 21 Մարտ 2018

ՀՆԱ-ի աճը բնակչության կենսամակարդակի բարելավման համար անհրաժեշտ, սակայն՝ ոչ բավարար պայման է։ Այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույցում։ Սա հենց այն հարցի պատասխան է, թե, օրինակ, Հայաստանի բնակչության մի զգալի մասն ինչո՞ւ չի զգում նախորդ տարվա 7,5%-անոց տնտեսական աճը։

Ինչպես տեղեկացրել էինք, Համաշխարհային տնտեսական ֆորումն առաջարկել է երկրների տնտեսական զարգացման մակարդակը գնահատելու այլընտրանքային համակարգ՝ ՀՆԱ-ի ավելի ժամանակակից անալոգ, որը կոչվում է ներառական զարգացման ինդեքս (Inclusive Development Index):

ՆԶԻ-ն մի ցուցանիշ է, որը հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլ ևս 11 պարամետրեր՝ այդ թվում՝ զբաղվածությունը, աղքատությունը, եկամուտների անհավասարությունը, կյանքի տևողությունը, և այլն։ Այսինքն, այս ցուցանիշն ավելի լիարժեք է արտացոլում իրական վիճակը երկրում, և ոչ թե՝ միայն տեղեկություն տալիս արտադրական հզորությունների մասին։

«Ներառական զարգացման ինդեքս» 2018 զեկույցում ներառված են 103 երկրներ։ Հեղինակները զարգացած և զարգացող երկրների ցանկերն առանձին են ներկայացրել, քանի որ (ըստ իրենց պարզաբանման) աղքատության մակարդակի գնահատման մեթոդաբանության տարբերության պատճառով այս երկրների ինդեքսներն այնքան էլ համադրելի չեն։

Երկրների գնահատման համար վերցվել են 5 տարվա՝ 2012-2016թթ. ցուցանիշները։ Գնահատումը կատարվել է 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը վատագույնն է, 7-ը՝ լավագույնը։

Զարգացած 23 երկրների ցանկը գլխավորում է Նորվեգիան՝ 6.08 միավորով։ Նորվեգիային հաջորդում են Իսլանդիան և Լյուքսեմբուրգը (6.07-ական միավոր)։ Չորրորդ տեղում Շվեյցարիան է (6.05 միավոր), հինգերորդում՝ Դանիան (5.81 միավոր)։

Զարգացող երկրների ցանկը ներառում է 79 երկիր։

Հայաստանն այս ինդեքսում ունի 3.66 միավոր և զբաղեցնում է 45-րդ տեղը՝ Գվատեմալայի և Հոնդուրասի հարևանությամբ։ Ի դեպ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ցանկում ավելի առաջ ենք, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ բարեկեցությունը միայն ՀՆԱ-ով չի չափվում։

IDI

Զարգացող երկրների ցանկի առաջատարը Լիտվան է՝ 4.86 միավորով։ Երկրորդ տեղում Հունգարիան է (4.74), երրորդում՝ Ադրբեջանը (4.69 միավոր)։ Ռուսաստանը ներառական զարգացման ինդեքսում

19-րդն է և ունի 4.2 միավոր։ Վրաստանը 32-րդն է՝ 3.99 միավոր։

Ինչպես նշեցինք, գնահատականը տրվում է 12 չափանիշերի հիման վրա։ Հայաստանի միավորի ձևավորման հարցում ամենաբացասական ազդեցությունն ունի ՀՆԱ-ի ջերմոցային ինտենսիվությունը (CO2 արտանետումները՝ 1 դոլարի հաշվով, կգ). այս ցուցանիշով երկրների վատագույն քսանյակում ենք։ Զբաղվածության, պետական պարտքի և հասարակության եկամուտների բևեռացվածության գործակցով նույնպես բարելավելու տեղ ունենք։
Մի խոսքով, ներառական զարգացման ինդեքսում մեր դիրքերն այնքան էլ լավ չեն։ Զիջում ենք հարևաններին և ԵԱՏՄ մեր գործընկերներին։

Սակայն, մի առումով դրական առաջընթաց կա՝ միտումը։ Այսինքն՝ 2012 և 2016 թվականների ընթացքում գրանցված առաջընթացը։

Այսպես, 5 տարվա կտրվածքով Հայաստանի միավորը բարելավվել է 0.62%-ով։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի դեպքում միտումը 0.48% է, իսկ Ադրբեջանի դեպքում գրանցվել է -2.07% ետընթաց։

Սակայն չնայած դրան՝ 0.62%-անոց բարելավումը ոչ մի դեպքում չի կարող գոհացուցիչ լինել։ Այս տեմպով տարբերությունը բարեկեցիկ երկրների հետ չի վերանա։ Ավելին՝ ետ կմնանք անգամ որոշ զարգացող երկրներից, օրինակ՝ Վրաստանից, որի ցուցանիշը բարելավվել է 7.89%-ով։

Ի դեպ, եթե հետաքրքիր է, կարող ենք նաև վերհիշել, թե քանի տոկոսով է աճել Հայաստանի ՀՆԱ-ն 2012-2016 թվականներին։ Այսպես, 2012 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 7.2%, 2013 թվականին՝ 3.3%, 2014 թվականին՝ 3.6%, 2015 թվականին՝ 3.2%, 2016 թվականին՝ 0.2%։ Ստացվում է՝ 2012-2016 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի կումուլյատիվ աճը կազմել է 18.6%։

Սակայն այդ նույն 5 տարիների ընթացքում, ինչպես նշեցինք, ներառական զարգացման տեսանկյունից Հայաստանի վիճակը բարելավվել է ընդամենը 0.62%-ով։

2017 թվականին, ինչպես գիտեք, տնտեսությունն աճել է 7,5%-ով։ Այս տարի և հաջորդ տարիներին նույնպես կառավարությունն աճի բարձր տեմպեր է խոստանում։ Սակայն այս զեկույցը վկայում է, որ կարևոր է ոչ միայն և ոչ այնքան՝ ՀՆԱ-ի աճը, այլև՝ դրա ներառականությունը։ Պարզ ասած, Հայաստանին պետք է ոչ միայն՝ աճ, այլ նաև՝ զարգացում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: