Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին ներդրումների մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:10 , 26 Հոկտեմբեր 2018

Մի քանի օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդեն նշել ենք, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազում է։

Գյուղատնտեսությունն ու արտահանումը սեպտեմբերին երկնիշ անկում են ունեցել, իսկ արդյունաբերության աճը դանդաղել է՝ մոտենալով զրոյին։ Այն, որ տնտեսության վիճակը լավ չէ, ընդունում է նաև կառավարությունը և նաև դրանով է հիմնավորում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն, ըստ կառավարության տարբեր անդամների, օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սակայն ռեալ քայլեր չեն արվում, քանի որ քաղաքական անորոշությունը ետ է պահում գործարարներին։

Ասել է թե՝ ընտրությունները կլինեն, կրքերը կհանդարտվեն, պետական ինստիտուտները կսկսեն նորմալ գործել, խաղի կանոնները կհստակեցվեն, նոր միայն ականատես կլինենք ներդրումների ներհոսքի։

Ներդրումների վիճակագրությանը մի անգամ արդեն անդրադարձել ենք՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցի հիման վրա։ Մասնավորապես հաշվել էինք, որ 2018 թվականի երկրորդ եռամսյակում ուղղակի ներդրումների գծով ստացումները 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ նվազել են 58.3 մլն դոլարով կամ 43.5%-ով և կազմել 75.6 մլն դոլար՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 133.9 մլն դոլարի դիմաց։

Սակայն կան նաև այլ՝ ավելի տխուր ներդրումային տվյալներ, որոնք կարելի է գտնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռում։ Ուղղակի ներդրումների բաժնում կա մի այսպիսի տող՝ զուտ պարտավորությունների ստանձնում։ Դրանց հիման վրա մենք կազմել ենք գծապատկերը, որը դուք տեսնում եք։

nerdrumner-2

Սա հենց այն ցուցանիշն է, որը միջազգային կառույցները (օրինակ՝ Համաշխարհային բանկը) հիմք են ընդունում՝ օտարերկրյա ներդրումների մասին խոսելիս ու միջազգային համադրություններ անելիս։

Ինչպես տեսնում եք, ըստ վճարային հաշվեկշռի, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 9.4 մլն դոլար։ Դա 3 անգամ պակաս է 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից, և 5.3 անգամ՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։

Տարվա երրորդ եռամսյակի ներդրումային տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն դատելով այլ աղբյուրներից ստացվող տեղեկություններից ՝ կարելի է ենթադրել, որ երրորդ եռամսյակում ներդրումային հոսքերն առանձնապես չեն ակտիվացել։ Ինչպես նշեցինք, այդ մասին բացեիբաց նշում են նաև վարչապետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և այլ պաշտոնատար անձինք։

Իրականում ներդրումային տվյալները ոչ պակաս մտահոգիչ են, քան արդեն հրապարակված տվյալները ՝ փաստացի իրավիճակի մասին։ Այսօր ներդրումային հոսքի կտրուկ դանդաղումը նշանակում է, որ վաղը տնտեսական ակտիվությունն ավելի ցածր կլինի։ Այսօր մենք տեսնում ենք նախկինում կատարված ու դեռևս շարունակվող ներդրումների արդյունքները։ Վաղը մենք կզգանք այսօր չկատարված ներդրումների հետևանքները։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական բլոկի պաշտոնյաները միայն լավատեսական ցուցանիշների մասին խոսելուց բացի՝ պետք է նաև անկեղծ ներկայացնեն նաև խնդիրներն ու խոսեն այս (թեկուզ ժամանակավոր) դժվարությունները հաղթահարելու ուղիների մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։