Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կրկին Լաֆֆերի հարկային կորի մասին՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններին ընդառաջ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 03 Սեպտեմբեր 2018

Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունն այժմ աշխատում է հարկային օրենսգրքի փոփոխությունների վրա։ Ըստ հնչող հայտարարությունների՝ փոփոխված հարկային օրենսգիրքը պետք է ավելի լավ պայմաններ ապահովի հարկատուների (գործարարների, վարձու աշխատողների և սպառողների )համար, պետք է պարզեցնի հարկային վարչարարությունն ու ավելի ճիշտ վերաբաշխի միջոցները։

ՀՕ փոփոխությունների համատեքստում ամենակարևոր հարցերից մեկը պետք է լինի հետևյալը՝ հարկային բեռը Հայաստանում բա՞րձր է, թե՞ ցածր։ Լաֆֆերի կորը հենց սրա մասին է։

Լաֆֆերի կորի մասին

Քանի որ ոչ բոլորը տնտեսագիտական կրթություն ունենք, շատ համառոտ և հնարավորինս մատչելի ներկայացնենք, թե ինչի՞ մասին է Լաֆֆերի կորը։

«Հարկերը խեղդում են»: Այս արտահայտությունը միշտ կարելի է լսել գործարարներից։ Նրանք, իհարկե, կգերադասեին, որ հարկեր ընդհանրապես չլինեին:
Սակայն պետության տեսանկյունից այդպես չէ։ Եթե հարկերի դրույքաչափը լինի զրո տոկոս, այսինքն՝ հարկեր չգանձվեն, ապա բյուջեն փող չի ունենա, թոշակառուները կենսաթոշակ չեն ստանա, բանակը հնարավոր չի լինի պահել։ Կան ծախսեր, որ մասնավորը իր կամքով չի անի կամ չի կարող անել։
Հիմա մյուս ծայրահեղությունը՝ հարկերը 100% են։ Այսինքն, գործարարն իր ամբողջ շահույթը վճարում է որպես հարկ։ Այդ դեպքում բիզնեսով զբաղվելն անիմաստ կլիներ, ոչ ոք բիզնես չէր անի, հետևաբար՝ հարկ չէր վճարի, և բյուջեն կրկին փող չէր ունենա։

Այսինքն, հարկերի միջին դրույքաչափը պիտի լինի 0-ի և 100-ի արանքում։ Կոնկրետ որտե՞ղ։ Այնտեղ, որտեղ պետությունը առավելագույն եկամուտ կստանա հարկերի տեսքով։

Լաֆֆերի կորը հենց այս ամենի մասին է։

Այն ցույց է տալիս հարկային եկամուտների և հարկային դրույքաչափերի կապը։

dunning

Գծապատկերում T-ն (ուղղահայաց առանցք) պետական բյուջեի եկամուտներն են, իսկ t-ն (հորիզոնական առանցք)՝ դրույքաչափերը։

Զրոյական դրույքաչափի դեպքում բյուջեն եկամուտ չի ունենում։ Դրույքաչափերի բարձրացման հետ զուգահեռ բյուջեի եկամուտները սկսում են ավելանալ։

Սակայն դա հավերժ չի տևում. կա որոշակի կետ (t*), որից հետո դրույքաչափերի բարձրացումը բերում է հակառակ էֆեկտի՝ բյուջեն սկսում է քիչ ստանալ։ Որովհետև բարձր հարկերը ստիպում են գործարարներին տեղափոխվել ստվերային դաշտ կամ դադարեցնել գործունեությունը։
Լաֆֆերի կորի իմաստը հենց այն է, որ գոյություն ունի հարկային դրույքաչափի օպտիմալ մակարդակ (t* կետ), որի ժամանակ բյուջեն ստանում է առավելագույն հարկային եկամուտներ։
Այս կախվածությունը ցույց է տվել ամերիկացի տնտեսագետ Արթուր Լաֆֆերը, ում անունով էլ կոչվում է կորը։ Սակայն նա ինքն էլ խոստովանել է, որ այդ գաղափարը առկա է եղել Քեյնսի, և անգամ՝ միջնադարյան արաբ մտածող Իբն Խալդունի մոտ։

Ո՞ր կետում ենք մենք գտնվում

Ինչպես նշեցինք, ամենակարևոր հարցերից մեկը այն է, թե Հայաստանը Լաֆֆերի կորի ո՞ր կետում է գտնվում։

Օրինակ, ըստ մի շարք տնտեսագետների, եկամտային հարկի առումով մենք գտնվում ենք օպտիմալ կետից աջ (t3-ի մոտ)։ Սա նշանակում է, որ հարկային բեռը այստեղ օպտիմալ մակարդակից բարձր է, և դրույքաչափի նվազեցումից պետբյուջեն օգուտ կքաղի։ Այսինքն, մի կողմից՝ դրույքաչափի նվազեցման արդյունքում մուտքերը կնվազեն, սակայն մյուս կողմից՝ ստվերից դուրս գալու հաշվին հարկման բազան կմեծանա, և ավելի շատ հարկ կհավաքվի։

Այսինքն, հարկային օրենսգրքով զբաղվող պատասխանատուները պետք է այստեղ լուրջ վերլուծական աշխատանք անեն։ Ու որոշեն՝ հարկային փոփոխությունները լինելու են «դուխո՞վ», թե՞ ոչ։

Պարզաբանենք։

Երբ հարկային դրույքաչափերը նվազում են, թվաբանություն իմացող ցանկացած մարդ, ձեռքի տակ ունենալով որոշակի տվյալներ, կարող  հաշվարկել, թե բյուջեի մուտքերը որքանով են նվազելու։ Պայմանական օրինակով, եթե դուք ունեք, ենթադրենք, 1000 աշխատող և հստակ տվյալներ, թե նրանց միջին աշխատավարձը որքան է, ապա կարող եք հաշվել, թե դրույքաչափի նվազման դեպքում որքանով կնվազեն եկամտային հարկի մուտքերը։

Սակայն մյուս էֆեկտը՝ թե այդ նվազման արդյունքում լրացուցիչ քանի՞ աշխատող կգրանցվեն, մարդիկ իրենց փաստացի ավելացած տնօրինող եկամուտը ի՞նչ ծախսերի կուղղեն, ո՞ր մասը կխնայեն, այդ ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտով ինչպե՞ս կազդի տնտեսության և հարկային մուտքերի վրա, արդեն պարզ թվաբանություն չէ։ Դա արդեն տնտեսագիտություն է, որտեղ տարբեր մոդելների միջոցով պետք է հաշվվեն հարկային փոփոխությունների երկրորդային և երրորդային ազդեցությունները։

Հենց այստեղ է, որ երևալու է, թե որքանով են «դուխով» լինելու հարկային փոփոխությունները։ Հասկանալի է, որ ֆինանսական բլոկի պատասխանատուները նման հարցերում առավել զգուշավոր են և առաջնորդվում են «лучше синица в руках, чем журавль в небе» սկզբունքով։ Այսինքն՝ նրանք չեն ցանկանում վտանգի տակ դնել բյուջեի կատարումը, քանի որ հարկային մուտքերի նվազումը հստակ գիտեն, բայց լրացուցիչ էֆեկտի և հարկային մուտքերի առումով կասկածներ ունեն։

Սակայն մյուս կողմից, դատելով ՊԵԿ պաշտոնյաների հայտարարություններից, խոշոր բիզնեսի ստվերի դեմ պայքարում մեծ հաջողություններ կան, ինչի արդյունքում այս տարվա համար նախատեսված ավելի քան 100 մլրդ դրամ հավելյալ հարկերը ապահովվել են 7 ամսում։ Սա նշանակում է, որ հարկման բազան մեծացել է՝ ստվերի կրճատման հաշվին, ինչը թույլ կտա ի սկզբանե կանխատեսվածից ավելի շատ հարկեր հավաքել նաև 2019 թվականին։ Իսկ դա իր հերթին հնարավորություն պետք է տա գնալ համարձակ փոփոխությունների՝ Լաֆֆերի կորի աջ մասից տեղաշարժվել դեպի ձախ։

Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ տեղաշարժվո՞ւմ ենք, թե՞ ոչ, և եթե տեղաշարժվում ենք՝ ապա ո՞ր ուղղությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին