Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Վերադարձ լուրերի բաժին

15:06 , 20 Հունիս 2018

Հասարակությունը չի հասցնում քննարկել և մարսել ԱԱԾ-ի կամ ՊԵԿ-ի կողմից արված հերթական բացահայտումը, երբ կառավարությունը հայտարարում է մեկ այլ բացահայտման մասին։ Իրադարձություններն արագ-արագ են զարգանում, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մի տեսակ ստվերում է մնացել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից հետո իրավապահների կողմից նախ բացահայտվեց «Նորֆոլկի» թեման, երբ պարզվեց, որ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ փոխամաձայնությամբ ստեղծվել է նախկին կարգոներին փոխարինող մի մեխանիզմ, որն 9 ամսում մոտ 7 մլն դոլարի վնաս է տվել պետությանը։ Հետո սուպերմարկետների թեման էր, որոնք կրկին ՊԵԿ-ի հետ համաձայնությամբ ա/ձ-ներ էին գրանցել և խուսափում էին ԱԱՀ-ից։ Հետո երևան եկավ Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի թեման։

Այս ընթացքում եղան նաև վերը նշված բացահայտումների ֆոնին մանր թվացող բացահայտումներ՝ տեխզննման կետերի հետ կապված, և այլն։ Իսկ ամենաթարմ և ամենաաղմկահարույց թեման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությունն էր, որը նույնպես կոռուպցիոն էլեմենտներ է պարունակում (թեկուզ հենց «Զինվորի բաժին» մսի պահածոների մասով)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով այս դեպքի մասին՝ շեշտեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։

Կարճ ասած, ՀՀ նոր կառավարությունն այս փուլում իր առջև գերխնդիր է դրել կոռուպցիայի դեմ պայքարը։ Շատերը ոգևորությամբ են մոտենում այս քայլերին։ Մի մասն էլ հայտարարում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են, երկրին լուրջ օգուտ չեն տալիս, և, որ կառավարությունը ճիշտ կանի՝ ուշադրությունը կենտրոնացնի տնտեսությունը զարգացնելուն ուղղված լուրջ քայլերի վրա։ Իրականում, այն, ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ։

Այսպես, կոռուպցիայի կրճատումը տնտեսության զարգացման վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է: Կոռուպցիան բացասաբար է ազդում մի շարք կարևոր բաների վրա՝ փոքր և միջին գործարարության ոլորտի (որովհետև խոշոր բիզնեսն ավելի հեշտ է «լեզու գտնում» կոռումպացված իշխանությունների հետ), օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Կոռուպցիան խոչընդոտում է ինովացիաները, մարդկային զարգացումը և այլն։ Ու այս ամենն իր հերթին՝ խոչընդոտում է երկարաժամկետ, կայուն ու առողջ աճը։

Տնտեսագետների համար դժվար է ուղիղ պատճառահետևանքային կապ գտնել կոռուպցիայի և տնտեսական աճի միջև, նաև այն պատճառով, որ կոռուպցիան չափելի երևույթ չէ։ Սակայն էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ըստ Կոռուպցիայի ընկալման համարաթվի, որքան տարածված է կոռուպցիան, այնքան ցածր է մեկ շնչին ընկնող եկամուտը։

Սակայն կան նաև տնտեսական աճի վրա կոռուպցիայի ազդեցության գնահատականներ, որոնք գրեթե բոլորը հանգում են նույն եզրակացությանը՝ կոռուպցիան դանդաղեցնում է տնտեսական աճը։ Օրինակ, Աբեդի և Դավուդիի կողմից 2004 թվականին արված հետազոտության համաձայն՝ կոռուպցիայի կրճատումը 1%-ով ավելացնում է ՀՆԱ-ի աճը 1%-1.3%-ով։ Կամ՝ Պաոլո Մաուրոն, ուսումնասիրելով կոռուպցիայի և տնտեսական աճի միջև կապը, եզրակացրել է, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսի աճը (կոռուպցիայի նվազումը) 2.38 կետով ավելացնում է ՀՆԱ-ի տարեկան աճը 0.5%-ով։

Կան մի շարք այլ հետազոտություններ, ինչպես նաև՝ այդ հետազոտություններին դեմ կարծիքներ։ Սակայն միջազգային մակարդակով կա կոնսենսուս այն հարցում, որ կոռուպցիան բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։ Այդ մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կառույցների զեկույցներում։ Կարճ ասած, բոլորն ընդունում են, որ ամենակոռումպացված երկրները, որպես կանոն, նաև ամենաաղքատ երկրներներն են։

Բացի տնտեսական աճից՝ կոռուպցիան ուղղակիորեն կապված է նաև երկրի բնակչության աղքատության մակարդակի հետ։ Նախ՝ կոռուպցիան բևեռացնում է մարդկանց եկամուտները՝ հարուստներին դարձնելով ավելի հարուստ, աղքատներին՝ ավելի աղքատ։

Բացի այդ, կոռուպցան խորացնում է, այսպես կոչված, ոչ նյութական աղքատությունը. կոռուպացված համակարգի պայմաններում մարդիկ ստանում են անորակ հանրային բարիքներ՝ կրթություն, անվճար առողջապահական ծառայություններ և այլն։ Կարծում ենք, այսքանը բավարար է՝ համոզվելու համար, որ կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված ջանքերը տնտեսությունն առողջացնելու և աղքատությունը կրճատելու ամենակարևոր քայլերից են։

Իսկ ի՞նչ վիճակում է Հայաստանը՝ կոռուպցիայի առումով։ Transparency International կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է կոռուպցիայի ընկալման համարաթիվը, սակայն կրկին հիշեցնենք մեր միավորն ու հորիզոնականը։ 2017 թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսում (որը հրապարակվել է 2018թ. փետրվարին) ՀՀ-ն 180 երկրների շարքում կիսում է 107-րդ տեղը Եթովպիայի և Մակեդոնիայի հետ։ Մեզնից առաջ (քիչ կոռումպացված) են Մոնղոլիան և Տանզանիան։

Հայաստանի միավորը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում 35 է։ Համեմատության համար նշենք, որ կոռուպցիայից ամենամաքուր երկրի՝ Նոր Զելանդիայի միավորը 89 է։ Վրաստանն ունի 56 միավոր և 46-րդ տեղում է։ Մեր հարևաններից Թուրքիան 81-րդն է: Փոխարենը՝ առաջ եք Ադրբեջանից և Ղազախստանից (երկուսն էլ՝ 122-րդ տեղ, 31 միավոր) և Ռուսաստանից (135-րդ տեղ, 29 միավոր)։ Հայաստանի ցուցանիշները մտահոգիչ են Transparency International-ի կողմից կազմվող մեկ այլ զեկույցի՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շրջանակներում:

ԿՀԲ-ն դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդի վրա հիմնված հետազոտություն է, որը ցույց է տալիս կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը և կոռուպցիոն երևույթների հետ շփման նրա փորձը:

Օրինակ, ըստ 2016թ.-ին իրականացված քաղաքացիների հարցումների արդյունքների, որպես ամենից կոռումպացված կառույցներ՝ ընկալվել են պետական պաշտոնյաները (45%), Հանրապետության Նախագահը և նրա աշխատակազմը (44%), հարկային մարմինների պաշտոնյաները (43%), պատգամավորները (42%) և դատավորները (41%):

Ամենից մտահոգիչ արդյունքն այն է, որ Հայաստանում հարցվածների 63%-ը կարծում է, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի: Սա հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում ամենից ցածր ցուցանիշը, իսկ ողջ տարածաշրջանում՝ երրորդ ամենից վատ ցուցանիշը՝ Չեխիայից և Հունգարիայից հետո (երկու երկրների դեպքում էլ՝ 64%):

Ավելի մտահոգիչ պատկեր է նաև գրանցվել այն առումով, որ հարցվածների 67%-ը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, ինչը հանդիսանում է ամենից վատ ցուցանիշը տարածաշրջանում: Նշված անձանց 41%-ը, որպես կոռուպցիոն դեպքերի մասին չհայտնելու պատճառ, նշել է վախը հնարավոր հետևանքներից:

Կարճ ասած, կոռուպցիան Հայաստանում եղել է խորը և համատարած։ Ավելին, որոշ վերլուծաբաններ տարբերում են կոռուպցիայի 2 տեսակ՝ փոքր (կենցաղային մակարդակի կաշառքներ, կոռուպցիոն դրսևորումներ) և մեծ (պետական բարձր մակարդակով կոռուպցիոն դեպքեր, պետբյուջեի միջոցների յուրացում և այլն)։ Համարվում է, որ մեծն ավելի վտանգավոր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված բացահայտումներն ապացուցում են, որ մեծ կոռուպցիան Հայաստանում սարսափելի մասշտաբներ է ունեցել։

Ի՞նչ է լինելու հետո։ Դժվար է ճշգրիտ գնահատական տալ, սակայն կոռուպցիայի նվազումն անկասկած դրական էֆեկտ է ապահովելու տնտեսության համար։ Իսկ որ կոռուպցիան կնվազի, դա, կարծում ենք, կարտացոլվի արդեն հաջորդ տարի հրապարակվելիք Կոռուպցիայի ընկալման ինդեքսում։ Հատուկ ընդգծենք, այս ինդեքսը ոչ թե չափում է կոռուպցիայի մասշտաբները (դա անհնար է չափել), այլ հասարակական ընկալումը։

Ու եթե հասարակությունը հավատաց, որ ամենաբարձր մակարդակով լուրջ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, մարդիկ էլ իրենց կենցաղում զգացին կոռուպցիոն բնույթի գործարքների նվազումը, ապա մեր ցուցանիշը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում շեշտակի աճ է գրանցելու՝ մեզ տեղափոխելով ցանկի վերին հորիզոնականներ։ Իսկ դա, իր հերթին, կարևոր ազդակ է օտարերկրյա լուրջ ու հեղինակավոր ներդրողների համար։

Վերջում կրկնենք այն, ինչի մասին խոսել ենք վերջին մի քանի հոդվածներում։ Կոռուպցիայի և ստվերի կրճատումը կարևոր, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ տնտեսության տպավորիչ աճ գրանցելու համար։ Դրա համար արդեն անհրաժեշտ կլինի գրագետ տնտեսական քաղաքականություն և լուրջ բարեփոխումներ։ Սակայն դրա համար ժամանակ և համապատասխան քաղաքական իրավիճակ է պետք։ Այնպես որ, այս փուլի համար կատարվող քայլերը, մեղմ ասած, չի կարելի գոհացուցիչ չհամարել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։