Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կնվազե՞ն արդյոք վարկերի տոկոսադրույքները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 29 Մայիս 2018

Վերջին շրջանում սոցցանցերում որոշ էջեր և օգտատերեր ակտիվ լուրեր են տարածում, որ շուտով առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները կտրուկ նվազելու են՝ նոր կառավարության շնորհիվ։ Ու այս տեսակի լուրերը սպասումներ են առաջացնում հասարակության շրջանում, որոնք հետո կարող են խնդիրների պատճառ դառնալ։

Հնարավո՞ր է նվազեցնել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքերը, այն էլ՝ կտրուկ, այն էլ՝ կառավարության ջանքերով։ Այս հարցին պատասխանելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է վարկի տոկոսադրույքը, և ինչպե՞ս է այն ձևավորվում։

Ինչպես ցանկացած ապրանք, այնպես էլ փողը ունի իր գինը։ Փողի գինն էլ տոկոսն է։ Երբ տոկոսադրույքը բարձր է, ասում ենք «փողը թանկ է», իսկ երբ ցածր է՝ գործ ունենք «էժան փողի» հետ:

Ապրանքների դեպքում շատերը գիտեն, թե գինը ինչպես է ձևավորվում՝ ինքնարժեք + վարչական ծախսեր + վերադիր (շահույթ): Տոկոսադրույքի դեպքում նույն տրամաբանությունն է, պարզապես ավելանում է ևս մեկ կոմպոնենտ՝ ռիսկը։ Օրինակ, դրամային վարկերի տոկոսադրույքը ձևավորվում է հետևյալ 4 գործոնների համադրմամբ.

1. Ռեսուրսի արժեք (ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք, դրամայիի ավանդների տոկոսադրույք և այլն)։ Նշենք, որ ռեսուրսի արժեքը որոշվում է պրոդուկտի ժամկետայնությունից։ Որքան երկար ժամանակահատվածով է ներգրավվում ռեսուրսը, այնքան տոկոսադրույքն ավելի բարձր է։ Որպես ռեսուրսի արժեքի որոշման ուղենիշ սովորաբար հիմնվում են պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա՝ դրան գումարելով 3.5-5%:

2. Ոչ տոկոսային ծախսեր: Սրանք այն բոլոր ծախսերն են, որոնք բանկը կատարում է վարկավորման գործընթացը կազմակերպելու համար (աշխատավարձ և այլ ծախսեր): Սա կարող է տատանվել 0.1%-ից մինչև 4%՝ կախված վարկի մեծությունից (որքան խոշոր է վարկը, այնքան ոչ տոկոսային ծախսերի կշիռն ավելի փոքր է, այդ իսկ պատճառով բանկերին ավելի ձեռնտու է մեկ հատ 10 հազար դոլարանոց վարկ տրամադրել, քան 10 հատ 1000 դոլարանոց):

3. Ռիսկի արժեք։ Սա վարկի չվերադարձման ռիսկն է։ Ու սա ոչ թե օդից վերցվող թիվ է, այլ բանկը պատմականորեն հաշվում է այդ ռիսկերը՝ տարբեր վարկատեսակների համար։ Ռիսկի արժեքը կարող է 0.1%-ից հասնել 15%-ի կամ ավելի։ Օրինակ, սքոր գնահատականով տրամադրվող մանրածախ դրամային վարկերը վերադարձելիության առումով բավական ռիսկային են, և ռիսկի արժեքը գնահատվում է 10-12%:

4. Կապիտալի պահանջվող շահութաբերություն։ Այսինքն՝ այն նվազագույն «վերադիրը», որը պետք է ավելացնել տոկոսադրույքի մեջ, որպեսզի բանկի սեփականատիրոջ համար բանկ աշխատեցնելը իմաստ ունենա։ Հայաստանում դրամային վարկերի համար այս կոմպոնենտը 2%-ի շրջակայքում է։

Այս չորսի գումարով էլ գոյանում է վարկի տոկոսադրույքը։

Որպեսզի վարկի տոկոսադրույքը նվազի, պետք է նվազի այս 4 կոմպոնենտների առնվազն մեկի արժեքը։  Ասենք, կառավարությունը խոստանում է նվազեցնել վարկերի տոկոսադրույքները՝ ո՞ր կոմպոնենտի հաշվին դա կարող է տեղի ունենալ։

Ռեսուրսի արժե՞քը։ Կենտրոնական բանկը առանց այն էլ համարում է, որ այս պահին 6% վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազագույն շեմն է։ Դրանից ավելի իջեցնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ՝ բերելով գնաճի և ավելացնելով ժամկետանց վարկերի կշիռը։ Տեսականորեն հնարավոր է, որ ԿԲ-ի և կառավարության փոխադարձ համաձայնությամբ՝ տոկոսադրույքը նվազի 0.25 կամ ասենք 0.5 տոկոսային կետով, սակայն դա միանգամից լինել չի կարող և բանկերի վարկերի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող։

Ոչ տոկոսային ծախսերի վրա կառավարությունը որևէ ազդեցություն չունի։ Կառավարությունը չի կարող ստիպել ԿԲ-ին իր աշխատակիցներին ավելի քիչ վճարել կամ կրճատել, կամ չի կարող ստիպել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նվազեցնել ոչ տոկոսային ծախսերը։ Բանկն այդ հարցում ավելի շահագրգիռ է և կողմնակի ուղղորդման կարիք չունի, որովհետև մրցակցությունը առանց այն էլ ստիպում է դա անել։

Ռիսկի արժեքն էլ որևէ մեկը չի կարող նվազեցնել կամ ավելացնել։ Դա պետք է ինքնաբերաբար լինի։ Ասենք, բնակչության գնողունակությունն աճի, և անպարտաճանաչ, պրոբլեմատիկ վարկառուների թիվը նվազի։ Բանկերը տեսնելով դա՝ բնականաբար, կվերագնահատեն ռիսկի արժեքը։ Սակայն կրկին՝ ոչ միանգամից, դրա համար բավակականին երկար ժամանակ է պետք, ոչ թե օրեր կամ ամիսներ։

Իսկ նվազագույն շահութաբերությունը սահմանափակելն ընդհանրապես անընդունելի է։ Ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում պետությունը չի կարող բանկի (կամ մեկ այլ բիզնեսի) սեփականատիրոջը ստիպել կրճատել շահույթը։ Մանավանդ, որ կոնկրետ բանկերը վերջին 2-3 տարում շահութաբերության բավականին ցածր մակարդակ ունեն։

Այս ամենը նշանակում է, որ կառավարությունը անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող 2 կամ 3 տոկոսային կետով նվազեցնել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Փոխարենը՝ կառավարությունը իր գործելաոճով կարող է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որի դեպքում տոկոսադրույքները սահուն կնվազեն ժամանակի ընթացքում։

Վարկերի տոկոսադրույքները միանգամից 2-3 տոկոսային կետով կրճատելու միայն մեկ տարբերակ կա՝ պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքը։ Ասենք բանկը կոնկրետ վարկատեսակի տոկոսադրույքը չի փոխում՝ թողնում է նույն 15%-ի վրա, սակայն դրանից 3%-ը վարկառուի փոխարեն վճարում է պետությունը։

Իսկ վարկերի տոկոսադրույքի համատարած սուբսիդավորումը աբսուրդ է, որովհետև այդ գումարը պետությունը տալիս է պետական բյուջեից։ Այսինքն՝ հարկատուների հաշվին օգնում է վարկառուներին։ Որոնք հիմնականում նույն մարդիկ են։ Այսինքն, սուբսիդավորման միջոցով տոկոսադրույք նվազեցնելը ինքնախաբեություն է՝ փողը մի գրպանից մյուս գրպանը դնել։

Կարճ ասած՝ տնտեսության մեջ հրաշքներ չեն լինում։  Առավելևս՝ ֆինանսական հատվածում։ Ու սա ոչ միայն խոստում տվողները իրենք պետք է հասկանան, այլ հասկացնեն նաև հասարակությանը, որն առանց այն էլ չափազանցված սպասելիքներ ունի նոր իշխանություններից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: