Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կլինի՞ արդյոք այլընտրանք Վերին Լարսին

Վերադարձ լուրերի բաժին

12:09 , 27 Մայիս 2018

2016 թվականի հունիսի 23-ից տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը հունից դուրս եկավ և փոխեց ուղղությունը՝ հեղեղելով Թբիլիսի-Վլադիկավկազ ճանապարհի մի հատվածը։

Հայաստանին Ռուսաստանի և այլ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը դարձավ անանցանելի՝ փաստի առաջ կանգնեցնելով բեռնափոխադրողներին։ Վերին Լարսով երթևեկությունը վերականգնվեց մոտ մեկ ամսից՝ զգալիորեն մաշեցնելով մեր բեռնափոխադրողների ժամանակը, գումարներն ու նյարդերը։

Սա միակ դեպքը չէր և հերթական անգամ հիշեցրեց, թե որքան խոցելի վիճակում ենք տրանսպորտային հաղորդակցության հարցում։ Հիմնական և փաստացի միակ ցամաքային ճանապարհը, որով մեր բեռնատարները հասնում են Ռուսաստան, Ռազմավիրական ճանապարհն է, որը կապում է Թբիլիսին Վլադիկավկազին։ Վերին Լարսի անցակետը գտնվում է հենց այս ճանապարհի վրա։ Ռազմավիրական ճանապարհով Երևանից Մոսկվա երկարությունը մոտ 2200 կմ է։

Բարձրլեռնային այս ճանապարհը վտանգավոր է և անհարմար՝ ձմռանը երբեմն անհնարին է դառնում երթևեկությունը։ Իսկ գարնանը Թերեք գետը վարարում է և ողողում այն։

Բացի Ռազմավիրական ճանապարհից՝ կա նաև մեկ այլ ճանապարհ, որն անցնում է Հարավային Օսիայով։ Վարորդներն ասում են, որ ճանապարհը նորմալ վիճակում է։ Այն մի փոքր երկարացնում է ճանապարհը, սակայն ավելի անվտանգ է, հեղեղումների վտանգ չկա և շահագործելի է տարվա բոլոր եղանակներին։ Սակայն ճանապարհը փակ է. Վրաստանից հնարավոր չէ մուտք գործել Հարավային Օսիա՝ հասկանալի աշխարհաքաղաքական պատճառներով։

Հայաստանի համար, բնականաբար, միշտ էլ գերնպատակ է եղել այլընտրանքային ճանապարհի հնարավորությունը։ Սակայն խնդիրը մեր իշխանությունների իրավասություններից դուրս է. լուծման համար իրար հետ պետք է լեզու գտնեն Ռուսաստանը և Վրաստանը՝ Հարավային Օսիայի համաձայնությամբ։

Դրա համար, 2016 թվականի հուլիսին, երբ Տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում վրացական և ռուսական կողմի հետ այլընտրանքային ճանապարհի համար, դա տարակուսանք առաջացրեց։ Ավելին, այդ հայտարարությունից մի քանի օր անց Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Հանա Յանովսկայան հայտարարեց, որ Հարավային Օսիան չի ստացել որևէ դիմում Հայաստանից՝ հայկական բեռնատարներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ։

Թեման կրկին թարմացավ դրանից մեկ տարի անց։ 2017-ի հուլիսին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի միջև, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր:

«Խոսքը վերաբերում է այն ճանապարհի բացմանը, որը միավորում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան: Ամեն ինչ կախված է այդ երկրների կառավարությունների ցանկությունից»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ վրացական կողմը պետք է համաձայնի, որ Հարավային Օսիան պետք է ներկայացված լինի՝ որպես լիարժեք գործընկեր, որպես պետություն, որի տարածքով անցնում է այդ տարանցիկ ճանապարհը, և, համապատասխանաբար, հարաբերությունները պետք է կառուցվեն իրավահավասարության վրա։

Այժմ թեման կրկին թարմացել է և, ինչպես երևում է, դրական տեղաշարժ կա։

Մայիսի 18-ին Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ՝ առևտրային բեռների մաքսային վարչարարության վերաբերյալ։ Բեռները պետք է անցնեն Վրաստանի վերահսկողության տակ գտնվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով։ Համապատասխան համաձայնագիրը՝ «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին», կնքվել էր դեռ 2011 թվականին, երբ Ռուսաստանն անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։

Մայիսի 24-ին Պրահայում հանդիպել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Նրանք քննարկել են վերը նշված համաձայնագրի կիրարկման մանրամասներ և համաձայնություն ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` կազմված Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում գրել էր այս հանդիպման ու պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ սա կարելի է համարել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: «Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի»,- նշել էր Ավինյանը:

Իրոք, խնդրի լուծվելու դեպքում կշահեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Հայաստանը։ Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ պետք է ընդհանուր հայտարարի գան։ Օրինակ, կոնկրետ որտեղ ինչպես պետք է վերահսկվեն առևտրային հոսքերը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչ սկզբունքով են կազմակերպվելու վերահսկողության կետերը և այլն։

Գրիգորի Կարասինը ասել է, որ հունիսի 7-ին այդ հարցերը քննարկելու համար Մոսկվա է ժամանելու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը։ Ռուս դիվանագետը կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ այդ աշխատանքները մի քանի ամիս տևեն։ «Սակայն կարևորն այն է, որ պաշտոնական բոլոր ընթացակարգերը պահպանված են, և մենք պարզապես պետք է գործենք»,- ասել է նա։

Զուրաբ Աբաշիձեն էլ իր հերթին՝ նշել է, որ այժմ անցնում են համաձայնագրի իմպլեմենտացիայի փուլին, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ «Այս ամբողջ ընթացքում մենք պատրաստվում էինք, պատրաստում էինք համապատասխան պայմանագրեր։ Ընդհանուր առմամբ, սա ոչ սովորական նախագիծ է. նախադեպ փաստացի չի եղել։ Այդ իսկ պատճառով դա մեզնից բավականին շատ ժամանակ պահանջեց, Ռուսաստանից՝ ավելի շատ։ Սակայն այժմ ռուսաստանյան կողմը ստորագրել է համաձայնագիրը, և բոլոր նախադրյալները կան հաջորդ փուլին՝ համաձայնությունների կատարմանն անցնելու համար։ Ամենակարևորն այժմ քաղաքական կամք ունենալն է՝ համաձայնագրի պայմանները բարեխղճորեն կատարելու համար»,- ասել է նա։

Իսկ այդ քաղաքական կամքը կա՞։ «Դե հիմա կփորձենք պարզել՝ կա՞, թե՞ ոչ։ Մենք ունենք այդ կամքը»,- ասել է Աբաշիձեն։

Այս ամենին ավելացնենք, որ, բացի Ռուսաստանից և Վրաստանից՝ գործընթացում ներգրավված են նաև աբխազական և օսական կողմերը, որոնք ցանկանում են լիարժեք մասնակցել բանակցություններին։

Մի խոսքով, Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհը բացելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն կարելի է փաստել, որ առաջին քայլերն արդեն արվել են։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: