Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կլինե՞ն արդյոք անսպասելի նշանակումներ

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 05 Հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ պաշտոնից ազատված ԲՀԿական և ՀՅԴական 6 նախարարների փոխարեն երեկ նշանակվել են 3 նախարարները։

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Արշակյանը մինչ այդ տվյալ ոլորտի նախարար Աշոտ Հակոբյանի տեղակալն էր։

Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար։

Իսկ Արտաքին իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։ Հիշեցնենք, որ կոչումով գեներալ Ցոլակյանը եղել է ԱԱԾ պետի տեղակալ, նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի մարզպետ, և վերջին պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր։ Նա միակ ՀՀԿական պատգամավորն էր, ով դեռ մայիսի 2-ի առաջին քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Այս պահին թափուր են 3 նախարարների (գյուղատնտեսություն, տնտեսական զարգացման և ներդրումների, սպորտի և երիտասարդության հարցերի) ինչպես նաև մի քանի մարզպետների պաշտոնները։

Բնականաբար, սոցիալական ցանցերում և դրանցից դուրս՝ մարդիկ քննարկում են թեկնածուներին, փորձում գուշակել և ինչու ոչ՝ հուշել, ըստ իրենց, ամենահարմար թեկնածուներին։

Այս անգամ իրավիճակը տարբեր է նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ նշանակումներ կատարելիս առաջնորդվելու է պրոֆեսիոնալիզմով, և ոչ թե կուսակցական պատկանելությամբ։ Հաշվի առնելով այդ հայտարարությունը՝ շատերը չեն բացառում, որ ի զարմանս շատերի, կառավարության կազմում կարող են հայտնվել ՀՀԿ անդամ եղած կամ այժմ հանդիսացող պրոֆեսիոնալ կադրեր։

Հատկանշանական է, որ մինչև աղմակահարույց օրինագծի պատմությունը և ԲՀԿական ու ՀՅԴական նախարարների ազատվելը, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում խոսել էր կառավարության կադրային քաղաքականության մասին՝ կարծիք հայտնելով, որ պրոֆեսիոնալները պետք է ընդգրկվեն կառավարություն՝ անկախ նրանից, որ եղել են ՀՀԿ անդամ։  «Բնական է նաեւ, որ «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչներից շատերին կարիք չկա որեւէ կարգավիճակ տալ: Բայց օգտագործելնրանց հնարավորությունները, ինձ թվում է, ճիշտ կլիներ: Նաեւ այն պատճառով, որ չօգտագործելով՝ մենք մղում ենք նրանց դեպի իրենց համար ոչ այնքան հոգեհարազատ ՀՀԿական քաղաքական միջավայրը, որտեղ նրանք ոչ մի հեռանկար չունեն, որովհետեւ այդ կուսակցությունը հեռանկար չունի: Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը պետք է «ապաքաղաքականացվեն» եւ կարգավիճակով, թե առանց կարգավիճակի մասնակցեն պետական շինարարությանը: Դրա համար պետք է թե՛ իշխանության, թե՛ ՀՀԿի եւ թե՛ նշված մարդկան ցբարի կամքը»:

Բնական է, որ վերջին օրերի իրադարձություններից հետո ՀՀԿականների՝ կառավարության շարքերում հայտնվելու հավանականությունը ավելի է նվազել և հավասարվել գրեթե զրոյի։ Սակայն, այդուհանդերձ, կան դեմքեր, որոնք մշտապես ընկալվել են որպես պրոֆեսիոնալներ, ոչ թե կուսակցականներ, և այսօր էլ նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը դրական է՝անկախ վերջին օրերի լարվածությունից։

Խոսքը վերաբերում է հիմնականում տնտեսական բլոկի նախկին պաշտոնյաներին։ Օրինակ, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին կամ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին։ Անգամ այսօրվա իշխանությունների համակիրները և նախկինում մշտապես կառավարությանը խիստ քննադատած մասնագետները ընդունում են այս մարդկանց բարձր մասնագիտական որակները։ Բացի այդ, թե՛ Արամյանը, թե՛ Գաբրիելյանը երբեք չեն հայտնվել աղմկոտ պատմությունների կիզակետում, նրանց անունները չեն հոլովվել կոռուպցիոն սկանդալներում, մշտապես աչքի են ընկել քաղաքակիրթ վարքագծովհավասարակշռված և պրոֆեսիոնալ հայտարարություններով։

Ավելին ասենք, դեռ մայիսին խոսակցություններ կային, որ նոր իշխանությունները Արամյանին և Գաբրիելյանին առաջարկել են մնալ կառավարությունում, սակայն վերջիններս հրաժարվել են։

Այս պահին տնտեսական բլոկում թափուր է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը, սակայն քիչ հավանական է, որ նախկին նախարարներից որևէ մեկին տեսնենք այդ պաշտոնում։ Շատերը կարծում են, որ այդ մասին իրատեսական կլինի խոսել թերևս արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական կյանքը վերջապես կորոշակիանա և կրքերը կհանդարտվեն։

Այլ պաշտոնների համար նույնպես անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ՀՀԿ կուսակցության անդամներից։

Օրինակ, սոցիալական ցանցերում երեկ ուշագրավ ֆլեշմոբ էր սկսվել՝ տարբեր օգտատերեր առաջարկում էին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակել Հարություն Մնացականյանին։Ուշագրավ, որովհետև Հ. Մնացականյանը ՀՀԿ անդամ է, սակայն նրա թեկնածությունը սատարողների մեջ քիչ թիվ չեն կազմում նախկինում մշտապես ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ։ Հարություն Մնացականյանը հաճարի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող Արգրեյն ընկերության հիմնադիրտնօրենն է։ Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խորհրդականն էր։ Հարություն Մնացականյանի նկատմամբ դրական վերաբերմունքը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, թերևս կարելի է բացատրել նրանով, որ լինելով ՀՀԿ անդամ և անգամ զբաղեցնելով պետական պաշտոն՝ նա մշտապես հնչեցրել է օբյեկտիվ գնահատականներ, բաց խոսել խնդիրներից և անգամ անհրաժեշտության դեպքում քննադատել կառավարության գործողությունները։

Այս պահին թափուր է նաև Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ Հանրությունը չհասցրեց անգամ մտապահել հեղափոխությունից հետո նախարար նշանակված Լևոն Վահրադյանի անունը։ Այս գերատեսչության ղեկավարի թեկնածուների ցանկում նույնպես հետաքրքիր անուն է շրջանառվում՝ ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի անունը։ Գևորգյանը նույնպես ՀՀԿ խմբակցության անդամ էր, սակայն Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո դուրս եկավ կուսակցությունից և խմբակցությունից։ Գևորգյանի անունը շրջանառվում է ոչ միայն այն պատճառով, որ պրոֆեսիոնալ սպորտմեն է և լավ կառավարիչ (մինչև պատգամավոր ընտրվելը բավականին հաջող ղեկավարել է Դավթաշեն վարչական շրջանըԱյստեղ մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա։ Սպորտի և երիտասարդության նախարարությունը վերջին տարիներին մշտապես ընկալվել է որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կցորդ, նախարարները մշտապես եղել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարդիկ և զուրկ են եղել ինքնուրույն և համարձակորոշումներ ընդունելու հնարավորությունից։ Գևորգյանի նշանակմամբ շատերը իրատեսական են համարում, որ այս կառույցը վերջապես դուրս կգա կցորդի կարգավիճակից և կդառնա իրոք ինքնուրույն պետական կառույց։

Հիշեցնենք նաև, որ վերջին շաբաթներին լարված էին հարաբերությունները Արթուր Գևորգյանի ևԾառուկյանի միջև։ Կռվախնձորը բռնցքամարտի ֆեդերացիան է, որտեղ Ծառուկյանը ցանկանում էր որպես նախագահ նշանակել իր մարդուն։ Սակայն չկարողանալով վերցնել ֆեդերացիան՝ նրա ուղղորդմամբ և խորհրդով վերջերս գրանցվեց բռնցքամարտի ազգային ֆեդերացիա անվանումով հկ, որը պետք է դաշտից դուրս մղեր իսկական ֆեդերացիային և գրավեր նրա տեղը։

Մի խոսքով, շատ կարճ ժամանակ անց կստանանք բոլոր հարցերի պատասխանները։ Չի բացառվում, որ ձեր՝ այս տողերը կարդալու պահին արդե՛ն իսկ բոլոր նշանակումները կատարվել են։ Սակայն թեկուզ հետագայի համար՝ պետք է ֆիքսել, որ պրոֆեսիոնալներից հրաժարվելը այս փուլում կարող է աններելի շռայլություն լինել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: