Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ պարզաբանումը՝ «Ֆ.Ի.Կ.Օ.»-ի աղմկահարույց պատմության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

20:23 , 24 Հունվար 2017

Սույնով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստիպված է անդրադառնալ քաղաքացի Սամվել Սահակյանի կողմից որոշ զանգվածային լրատվության միջոցներով վերջին ժամանակահատվածում արված իրականությանը չհամապատասխանող, Կենտրոնական բանկի համբավը արատավորող, վերջինիս ղեկավարին և աշխատակիցներին զրպարտող, վիրավորող հարցազրույցներին, սոց. ցանցերում կատարած հրապարակումներին և դրանցում ներկայացված իրավական տեսանկյունից հիմնազուրկ պնդումներին:

Սույն անդրադարձը առավել բաց և թափանցիկ դարձնելու նպատակով, ստորև ներկայացնում ենք խնդրին առընչվող Կենտրոնական բանկի գործողությունների մանրամասն նկարագրությունը:

Կենտրոնական բանկի կողմից տարիներ առաջ լիցենզավորվել, գրանցվել և այժմ գործում է «Ֆ.Ի.Կ.Օ.» անվանումով վարկային կազմակերպություն, և այժմ հանդիսանում է այդ ֆինանսական կազմակերպության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին: Իրականացվող վերահսկողության շրջանակում Կենտրոնական բանկն իրականացնում է վարչարարություն (վարչական վարույթ), որի շրջանակում Կենտրոնական բանկը 16.11.2016 թվականին ստացել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության 100% մասնակից և խորհրդի անդամ Գ. Մուշեղյանի միջնորդագիրն ու որոշումը՝ ընկերության տնօրեն Իրինա Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Որպես լիազորությունների դադարեցման հիմնավորում նշվել է, որ Ի. Սիմոնյանի գործողությունների արդյունքում ընկերությանը վնասներ են պատճառվել և ընկերությունը կանգնել է սնանկության եզրին: Օրենքով սահմանված կարգով Ի. Սիմոնյանը հանվել է գրանցումից և նրա լիազորությունները դադարել են:

Մեկ ամիս անց, Կենտրոնական բանկը ստացել է նույն Գ. Մուշեղյանի գրությունը, որով վերջինս պնդել է, որ Ի. Սիմոնյանի աշխատանքից ազատելու հիմքերը չեն հաստատվել և նրա գործողությունները համապատասխանել են օրենքի պահանջներին: Ունենալով նույն կազմակեպությունից ստացված երկու իրարամերժ բովանդակությամբ գրություն, Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ղեկավարվելով օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներով, սկսել են իրականացնել ուսումնասիրություններ` խնդրի հանգամանքները պարզելու նպատակով:  Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ այդ գործողությունները իրականացվել են միայն վերահսկվող հանդիսացող «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նկատմամբ և միայն այդ կազմակերպության պատասխանատուների հետ:

Նախ անմիջապես կապ է հաստատվել Գ. Մուշեղյանի հետ, որը բանավոր հայտարարել է, որ երկրորդ գրությունը ինքը չի ստորագրել և չի հանձնարարել հանձնել Կենտրոնական բանկ: Մի քանի օր անց Գ. Մուշեղյանը նույն բովանդակությամբ հայտարարություն է ներկայացրել, ինչպես նաև գրավոր պահանջել է ներկայացնել իր անունից մուտքագրված գրության կրկնօրինակը և գրությունը մուտքագրողի լուսանկարը՝ գրությունը մուտքագրողի ինքնությունը պարզելու նպատակով: Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մոտ կասկած է առաջացել Գ. Մուշեղյանի ստորագրության իսկության վերաբերյալ և նրանք, ինչպես և վարչարարություն իրականացնող ցանկացած մարմնի աշխատակիցներ, սկսել են նախապատրաստել փաստաթղթեր՝ գրությունը իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով:

Այդ ընթացքում սակայն Կենտրոնական բանկը ստացել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նախկին տնօրեն Ի. Սիմոնյանի գրությունը, որով նա խնդրել է Գ. Մուշեղյանի իրեն արդարացնող գրությունը հիմք ընդունել և «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության հետ կապված բոլոր գործողությունները դադարեցնել՝ իրեն վերականգնելով տնօրենի կագավիճակում: Վերոհիշյալ զարգացման լույսի ներքո «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության մասնակցի և ղեկավարների վարքագիծը և վերջնականապես խնդիրը պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկ է հրավիրվել կազմակերպության նոր մասնակցի ներկայացուցիչ հանդիսացող` ընտրված խորհրդի անդամը, որին պարզաբանվել է խնդիրը, ներկայացվել են վարչական գործին առընչվող փաստաթղթերը և հանրամատչելի վայրում անվտանգության տեսախցիկներով արված լուսանկարներ: Վերջինիս պարզաբանվել է նաև, որ վարչական վարույթի շրջանականերում հնարավոր է կազմակերպությունում անցկացվի ստուգում, և եթե լուսանկարներում պատկերված անձինք հանդիսանում են կամ նախկինում հանդիսացել են կազմակերպության աշխատակիցներ, ապա համապատասխան լսումներ անցակցվելու դեպքում, վերջիններս կարող են ներգրավվել որպես վկա կամ մինչ այդ բացատրություններ ներկայացնեն: Տվյալ դեպքում նրանց բացատրությունները կարևոր կլինեին անցկացվող վարչական վարույթի համար: «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության խորհրդի անդամը, որպես այդ պահին ընկերության միակ ներկայացուցիչ, պարտավորվել է պարզել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ և հայտնել դրանց մասին Կենտրոնական բանկին: Նույն օրը նա բանավոր ներկայացրել է մի շարք կարևոր հանգամանքներ և տեղեկացրել է, որ կասկած առաջացրած գրություն մուտքագրող անձինք «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության աշխատակիցներ չեն հանդիսանում և չեն հանդիսացել:

Կենտրոնական բանկում որոշում է կայացվել կեղծ ստորագրությամբ գրություն մուտքագրելու դեպքի մասին նախապատարաստված տեղեկատվությունը ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչն արվել է 21.12.2016 թվականին: Ոստիկանության տեղեկացնելու օրը Կենտրոնական բանկի հանրային կապերի ծառայության ղեկավարի հետ կապ է հաստատել Սամվել Սահակյանը և հայտնել, որ իր և իր կնոջ լուսանկարները հայտնվել են այլ անձանց մոտ և նա պատրաստվում է զանգվածային լրատվության միջոցներին հայտնել, որ Կենտրոնական բանկը տարածել է իր անձնական տվյալները: Չստանալով միգուցե իր համար ցանկալի պատասխան, վերջինս անմիջապես սկսել է և շարունակում է տարբեր զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հարցարույցներ տալ և ոչ միայն անհեթեթ դատողություններ անել, այլ նաև զրպարտել ՀՀ ԿԲ աշխատակիցներին և ղեկավարին:

«Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության պատասխանատուները և 100% մասնակից Գ. Մուշեղյանը համապատասխան հայտարարություններ են ուղարկել «Հետք» լրատվական կայքին, որոնք, ի պատիվ նշված լրատվամիջոցի, ամբողջությամբ հրապարակվել են: Նույն լրատվամիջիոցի հարցադրումներին գրավոր պատասխանել է նաև Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը, որի մի մասը նույնպես հրապարակվել է:

Այս պարագայում զարմանք է առաջացնում որոշ զանգվածային լրատվության միջոցների մոտեցումը, որոնք նույնիսկ չփորձելով պարզել իրականությունը՝ համբավ արատավորող, զրպարտող և վիրավորական վերնագրերով և դատողություններով հարցազրույցներ են հրապարակում՝ կարծում ենք, չգիտակցելով, որ հարթակ են տրամադրում որոշակի ոչ ազնիվ, հնարավոր է նաև շահադիտական նպատակներ ունեցող անձի:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկն ինչպես միշտ, այնպես էլ տվյալ դեպքում իրականացրել է միայն օրենքով իր վրա դրված պարտականությունները, որի ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի համապատասխան դրույթներով: Ավելի պարզ ասած, Կենտրոնական բանկն իր վերահսկողության ներքո գտնվող ընկերության անունից ստացված գրությունների հիման վրա իրականացրել է վարչական վարույթ, դրա ընթացքում ստացել է իրարամերժ տեղեկատվություն և որպես վարչական մարմին կատարել է իրականությունը պարզելուն ուղղված իր պարտականությունը, վարչական վարույթի ընթացքում ի հայտ եկած տեղեկատվությունը փոխանակել է միայն վարչական վարույթի կողմ հանդիսացող ընկերության հետ, որը տվյալ դեպքում երրորդ անձ չի համարվում և արդյունքում նյութեր է տրամադրել իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերում է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության խորհրդի անդամի կողմից լուսանկարներ Սամվել Սահակյանին ուղարկելուն, ապա տվյալ դեպքում նույնպես երրորդ անձանց անձնական տվյալի փոխանցում տեղի չի ունեցել, քանի որ լուսանկարներն ուղարկվել են հենց այն անձին, ում վերաբերում է այդ անձնական տվյալը: Հակառակը՝ այդ լուսանկարները անմիջապես տարածել է հենց Սամվել Սահակյանը: Ի՞նչ նպատակներով` գիտի միայն ինքը:

Սրանով բաց և թափանցիկ փորձել ենք զանգվածային լրատվության միջոցներին և հանրությանը ներկայացնել ողջ իրողությունը: Կոչ ենք անում նաև զանգվածային լրատվության միջոցներին նյութին անդրադառնալու դեպքում, հաշվի առնել սույն տեղեկատվությունը, ու հորդորում հետևողական լինել և Սամվել Սահակյանից հարցազրույցներ վերցնելուց առաջ պարզել` ինչու՞ նա մինչ այսօր չի պատասխանել «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության «Հայտարարությունում» արված հարցադրումներին և քրեաիրավական բնույթի տարբեր ակնհայտ մեղադրանքներ ներկայացնելով` ինչու՞ մինչ այժմ դրանց մասով հաղորդում չի ներկայացրել իրավապահ մարմիններին:

Մենք ունենք իրավական բոլոր հիմնավորումները և պատրաստ ենք Կենտրոնական բանկին, նրա նախագահին ու աշխատակիցներին զրպարտելու, վիրավորելու, բարի համբավը արատավորող արտահայտություններ անելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար Սամվել Սահակյանին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու գործողություններին, որից սակայն դեռևս ձեռնպահ ենք մնում` հուսալով, որ քաղաքացին կգիտակցի իր գործողությունների անտեղի, անպատասխանատու և ոչ իրավաչափ լինելը:

ՀՀ Կենտրոնական Բանկ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս