Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն պարզաբանում է տարածել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

14:49 , 15 Մարտ 2019

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։ Այդ մասին ասված է b4b.am-ին ՀՀ կենտրոնական բանկի փոխանցած հաղորդագրության մեջ:

ԿԲ նշում է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007 թ-ին։

Բացի այդ, ըստ կենտրոնական դրամատան, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։  Նշված ինստիտուտների՝ ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Կենտրոնական բանկի պարզաբանումն այնուհետև մանրամասնում է.

• Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ-ին հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:
• Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:
• Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:

Նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։

Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016 թ-ի ապրիլին «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովը հավանության է արժանացրել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ-ի նոյեմբերին։

Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:

Ավելի վաղ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՌՈՒՄԲ Է ԴՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ» վերտառությամբ հրապարակումը: Այնտեղ Հովհաննիսյանը ներկայացրել է իր տեսակետները և գնահատականները ԿԲ գործողությունների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: