Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն պարզաբանեց հայկական պարտատոմսերի փոփոխությունները. մնաց ադրբեջանականն ու թուրքականը

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 24 Մայիս 2016

ՀՀ Կենտրոնական բանկն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ։ Թեպետ հրապարակման մեջ չի նշվում, սակայն սա B4B.am-ի կողմից հրապարակված Ինչպես է ազդել ապրիլյան պատերազմը հայկական եվրոբոնդերի վրա հրապարակման արձագանքն է։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ ապրիլի սկզբի պատերազմական գործողություններ որևէ կերպով չեն անդրադարձել եվրապարտատոմսերի վրա։ «Հակառակը` շտկվեց իրավիճակը»,- ասել էր Ա.Ջավադյանը` հավելելով, որ այդ իրադրությունը հակառակը՝ լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա:

Ուսումնասիրելով հայկական եվրոպարտատոմսերի վարքագիծը (ըստ Ֆրանկֆուրտի բորսայի տվյալների)՝ մենք գրել էինք, որ դրանց եկամտաբերությունն այդ օրերին աճել է, հետո կարգավորվել։ Ադրբեջանի պարտատոմսերի վարքագիծը շատ նման է եղել մերին, իսկ Թուրքիայի դեպքում փոփոխություն գրեթե չի զգացվել։

ԿԲ-ն իր պարզաբանման մեջ ընդունում է, որ «2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով», սակայն ընդգծում «որը, կարծում ենք, համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին»:

ԿԲ պարզաբանումն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Մենք կխնդրեինք ԿԲ մասնագետներին ևս մեկ հաղորդագրություն տարածել, որտեղ կերևա ապրիլյան պատերազմի լուրջ բացասական ազդեցությունը  Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա։

* * *

ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունների վերաբերյալ

Ինչպես բոլոր եվրոպարտատոմսերի, այնպես էլ ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը բնորոշ է որոշակի տատանողականություն, որն արդյունք է ներդրողների կողմից ռիսկի գործոնների նկատմամբ դրսևորած արձագանքի:ՀՀ եվրոպարտատոմսն ունի նաև առօրյա բնականոն տատանումներ, որոնք գործնականում չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով: Վերջինս իրենից ներկայացնում էմիջինի նկատմամբ միջին օրական փոփոխության բացարձակ մեծությունը և 4 տարի ժամկետայնության ՀՀ եվրոպարտատոմսի օրական շարքերի համար[1]կազմում է 65 բազիսային կետ:

2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով, որը, կարծում ենք, համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին:Կից ներկայացվող գծապատկերըհաստատում է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության փոփոխությունը նշանակալիորեն չի տարբերվում ընթացիկ տատանողականությունից:

Կարևոր է նշել, որ նախկինում սահմանային լարվածության միջադեպերը ՀՀ եվրոպարտատոմսի վրա ունեցել են առավել նշանակալի ազդեցություն, մասնավորապես.

– 2014 թվականի օգոստոսի 1-5-ին հայ ադրբեջանական սահմանին լարվածության աճին ՀՀ եվրոպարտատոմսն արձագանքել է 74 բազիսային կետով,

– 2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին՝ 33 բազիսային կետով,

– 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ՝ 41 բազիսային կետով,

– 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:

Ինչպես տեսնում ենք, սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված:

CBA-eurobond

Հատկանշական է, որ տարվա սկզբից ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությունները, ինչպես նաև ՀՀ դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները, անկախ ապրիլյան դեպքերից, նվազել են:

[1]2013 թվականի սեպտեմբերի 30-2016 թվականի մայիսի 23 ժամանակահատվածի համար

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: