Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ ծրագիրը դուր է եկել կառավարությանը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

09:15 , 06 Մայիս 2016

ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը:

Համաձայն եզրակացության՝ ԿԲ-ի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Ըստ եզրակացության՝ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատվածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացումներն ունեն որոշակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման միջոցով ներկայացվում է, որ մի կողմից` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասումները, իսկ մյուս կողմից` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը, իրեն հաջորդող դրական հետևանքներով:

Այսինքն` ՀՀ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016թ. համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասումները նվազեցնելուն: Այսպիսով՝ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ԿԲ-ի ընդունած գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները և կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին:

Կառավարությունը գտնում է, որ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հետամուտ լինել գների կայունության ապահովմանը և նկարագրի դրամավարկային պայմանների այնպիսի գործիքներ, քայլեր և հաճախականություն, որոնք ուղղված կլինեն թե՛ կարճաժամկետ և թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղման ռիսկերի չեզոքացմանը:

Հավանության է արժանացել նաև ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը, որի համաձայն՝ ՀՀ-ում անցած տարի նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկն, ընդհանուր առմամբ, իրականացրել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն:

Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում, 2015թ. դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է` 1.7 տոկոս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվել 0.1 տոկոս գնանկում:

Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն, իհարկե, թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.5 տոկոս մակարդակում և իրականացրել մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ: