Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարևորը՝ անիմաստ տեղը չվազեք զուգարանի թուղթ առնելու

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը գրում է.

Ուզում էի գրաֆիկներով մանրամասն գրել, թե աշխարհում ինչ է տեղի ունենում, բայց որոշեցի կարճ գրել, քանի որ ավելի լավ է ամեն մարդ ուշադրությունը սևեռի իր գործերին, քան թե մի օր կորոնավիրուսի հետազոտող դառնա, հաջորդիվ աշխարհքիս շուկաների, մի ուրիշ օր էլ ռազմական տեխնիկայի։ Համարենք, որ գրում եմ մասնագետների համար՝ բայց պարզ։

1. Հեշտ կարելի է կանխատեսել շուկաների փոփոխությունները, սակայն դժվար է նույնը անել անիմաստ պանիկայի ժամանակ։ Վերցնենք հենց կորոնավիրուսը, շատ երկրներում չկա զուգարանի թուղթ։ Դեֆիցիտը տեսնում են, վազում են գնելու։ Սակայն մյուս կողմից էլ իշխանություններն ասում են, որ որոշակի շրջանակի համար սահմանվում է ինքնակարանտին։ Է, մարդիկ էլ մտածում են, որ ավելի լավ է հիմիկվանից զուգարանի թղթի պաշար առնեմ, որ հանկարծ եթե ինքնակարանտինի անցնեմ՝ կազմ-պատրաստ լինեմ։ Արդյունքում՝ չեն գնահատում, որ բոլորը չեն անցնելու ինքնակարանտինի՝ այլ մի փոքր մաս, ինքնակարանտինի անցնողներին էլ զրկում են զուգարանի թղթից։ Նմանապես, դեմքի դիմակների զանգվածային անիմաստ գնումները հանգեցրել են բժիշկների մոտ դիմակների պակասի, այդ թվում՝ վիրաբույժների։ Այնպես որ, երբ որ պանիկային կավելացնես քո կաթիլը, մտածիր, որ ինչ-որ մեկին լուրջ վնաս ես հասցնում։

2. Նավթից կախված երկրները նավթի գնանկումից առաջինն են վախենում։ Կարդում եմ առայժմ պաշտոնական արձագանքները։ Ղազախներն արդեն անհեռանկարային են արձագանքել, ու այստեղ աչքիս անիմաստ աժիոտաժ են ստեղծելու, հետո էլ իրենք իսկ լուծելու են այն։ Ադրբեջանցիք, ընդհանրապես, որոշել են ջայլամային իրենց պահել, կարծես ոչինչ էլ չկա։ Որպես գաղտնիք ասեմ, սա էլ լավ ուղերձ չի։ Ռուսների արձագանքը լավն է. մարդիկ հստակ ասել են, որ պատրաստ են հանգիստ շարունակել աշխատել նույնիսկ եթե նավթի գները ընկնեն մինչև $25: Ասեմ, որ չեն էլ խաբում։ Բայց ռուսները մի խնդիր ունեն, նրանց գործարար ագենտներն ու մեծահարուստները, այսպես ասած «կանխիկ հարուստներ են» ու սկսում են իրենց կապիտալը «փրկելու» օպերացիայով տատանել ռուբլու շուկան։ Որպես օրինակ, ի տարբերություն սրա, ասենք ամերիկյան մեծահարուստների ունեցվածքը բաժնետոմսերի շուկայում է, ինդեքսն ընկավ, ու կորցրին միլիարդները՝ սպասում են ու որոշ ժամանակ անց վերականգնում։ Այնտեղի սեփականատերերը այլ արժույթների միջոցով ունեցվածքը փրկելու պլան չունեն, որովհետև իրենց տնտեսական հետաքրքրությունների երկիրը իրենց երկիրն է ու արժույթը։

3. Բորսայում խաղացողները։ Այ այս խավը փորձում է փնտրել-գտնել կայուն շուկաներ ու կապիտալը փրկել ավելի հեռանկարային շուկաներում ներդնելու համար։ Բանաձևը հստակ է՝ փախչել նավթից կախված երկրների ներդրումներից դեպի առավել կայուն շուկաներ։ Այսպես, երբ նավթի գինն ընկնում է, դոլարն ուժեղանում է։ Բայց որոշ արժույթներ ավելի են ուժեղանում, իսկ ոմանք թուլանում։ Պարզ բանաձևն այսպիսին է՝ ու՞ր ներդնեմ ավելի շատ, որ ապահովեմ ապագա արժեքը։ Ահա սրանով է բացատրվում, որ այնպիսի արժույթներ, ինչպիսիք Եվրոն է և Իենը, ուժեղանում են, իսկ, ասենք, Ռուբլին՝ թուլանում։ Բանաձևը պարզ է, Եվրոն կամ Իենը ներկայացնող տնտեսությունները նավթի գնից կախված չեն։

4. Քանի որ Հայաստանը հեռու է ածանցյալների շուկայից, որտեղ վերոնշյալ սպասումները որոշիչ են, այժմ խոսեմ իրական տնտեսությունից։ Այսինք, իսկ ի՞նչ կլինի այն երկրների հետ (դե մեր :) ) որն այս մեծ խաղերից հեռու է։ Սկսեմ Եվրոյից, որ բացատրելի լինի։ Այսպես, ԵՄ-ի կենտրոնական բանկերը ցածր կամ բացասական տոկոսոդրույքի քաղաքականություն են վարում։ Սա երկու նպատակ ունի, մեկը՝ փողը մի քնացրեք, մյուսը՝ Եվրոն թուլացնում է։ Այսինքն, մարդկանց ձեռնտու չի ներդնել Եվրոյում, թեպետ ձեռնտու է Եվրոյով վարկ վերցնելը։ Այսինքն, սա բերում է Եվրոյի մասնակի արժեզրկման, ԵՄ տնտեսությունը մրցունակ պահելու/դարձնելու համար։ Համեմատության համար (սա այլ մեխանիզմ է, կխոսեմ միայն երևույթի մասին) նավթ արտահանող երկրների արժույթներն արժևորված են, այսինքն ավելի ուժեղ են, քան տնտեսության պոտենցիալը, որի արդյունքում տնտեսության ոչ նավթային հատվածը կորցնում է մրցունակությունը։ Շուկայում թռիչքները հավասարակշռում են այս թեր կամ գեր արժևորումները, սկզբում մի քիչ սխալ շողուլի են բերում, հետո ավելի երկար/ճիշտ։ Այսպիսով, այն որ Եվրոն ավելի ուժեղացավ, բնական է, ու մենք հենց դա էլ տեսնում ենք մեր դրամ/Եվրո փոխարժեքում։ Գիտեմ, որ Հայաստանում ինչ-որ պահից մոդայիկ էր Եվրոյով հիպոթեք վերցնելը, ու հիմա մարդիկ բողոքում են։ Ասեմ, որ սա էլ հենց ցածր տոկոսադրույքի ԵՄ քաղաքականության ռիսկն է, Եվրոն հո հավերժ թույլ չէր մնալու. 2 տարի առաջ այն 1.25 դոլար էր, հիմա աճել դարձել է ընդամենը 1.15: Այսինքն ազդեցությունը մեզ վրա լինելու է այնքանով, որքանով որ արժույթները միմյանց նկատմամաբ ուժեղանում կամ թուլանում են։ Մենք ոչ նավթային տնտեսություն ենք, ոչ էլ դրա հակառակը, որ դրամը ներդրողներին ինչ-որ կերպ կտրուկ գրավի կամ վանի։

5. Դե բնական է, որ ոսկին էլ է թանկացել (հումքը, ոչ թե ոսկյա զարդերը)։ Իսկ այ բիթքոյնը այս օրերին կտրուկ ընկավ։ Ոնց որ թե վերևի գրածիցս հակառակն էր բխում, մարդիկ կարող է վազեին ու բիթքոյնում ներդնեին։ Դե, նայում ենք ու պարզում, որ այստեղ պատճառը լրիվ այլ է։ Պոնցի սխեմայով աշխատող շուլերների PlusToken խումբը քանի օր է շուկայում մեծաքանակ բիթքոյն է ծախում։ Բուրգի վերևի մասը հարստանում է՝ տակիններին գցելով։ Մեկ օրում 120 միլիոն դոլարի բիթքոյն են վաճառել։ Ասեմ, շատ հարմար պահ են բռնացրել։ Այնպես որ, ինչպես սկսել էի խոսքս, ամեն ինչ չի, որ շուկայական ռացիոնալով բացատրելի է՝ մարդկանց մոտիվներն ու վարքագիծը շատ տարբեր կարող է լինել ու շեղել շուկան այս կամ այն կողմ։

6. Խորհուրդս, շարունակեք շարժվել ըստ ձեր տնտեսական հետաքրքրության դաշտի։ Իմը հայկական շուկան է, հայկական դրամն է։ Ես տատանվող շուկաներ չեմ մտնում, որ կազինոյատիպ ինվեստիցիաներ անեմ, ցածր տոկոսով վարկի հետևից եթե գնամ, գիտեմ, որ այնտեղ փոխարժեքի ռիսկ կա։ Միշտ գիտեմ, որ որոշ ժամանակ հետո շուկաները հավասրակշռվում են։ Գիտեմ, որ ռուբլին արժևորված է, սակայն եթե կարճաժամկետ արժեզրկվի, երկարաժամկետ կրկին շարունակելու է արժևորվել ։ Գիտեմ, որ դրամն էլ է տարիներով արժևորվել (չարաբաստիկ շինարարակական բումը և ՌՌ-ի՝ տարիներով ազդեցությունը), սակայն անցյալ տարի կարողացանք դեմն առնել: Ու, ամենակարևորը, պարզապես տոկոսադրույքներին մի նայեք որոշում կայացնելիս, հատկապես վարկ վերցնելիս՝ մտածելով որ փոխարժեքն անփոփոխ է։ Ինչպես տոկոսադրույքն է տատանվում, այնպես էլ փոխարժեքները, ու եթե ես Վանգան լինեի, հիմա միլիոնատեր կլինեի, բայց չեմ։ Սակայն կարողանում եմ ռիսկերս հավասարակշռել։ Միակ ռիսկը որ Հայաստանում տեսնում եմ, միակ վայրը, որ այն տեսնում եմ, անիմաստ բնակարանային ներդրումներն են։ Այ սա չեմ հասկանում, դատարակ բնակարանները ոնց որ Հայաստանի բիթքոյնը լինեն՝ սակայն միայն կույր հավատի իմաստով՝ ոչ լիկվիդային շուկա է, ոչ էլ տատանողական։ Բայց սա այլ թեմա է, մեր իրական տնտեսության վիճակի թեման։

7. Իհարկե մասնագիտական տեսանկյունից պետք է խոսեի նաև ինֆլյացիայի կապի, այսինքն՝ իրական արդյունավետ փոխարժեքի արժևորման/արժեզրկման երևույթների մասին։ Բայց դե այս մակերեսն էլ այսօր բավական է, որ հասկանանք ու խախանդ լինենք։ Բարեբախտաբար, դրամը հավասարակշռված է, ինչ տատանում էլ որ լինի, բնականի մեջ է լինելու, այսինքն ի օգուտ իրական հատվածի։ Այսինքն, եթե ռուբլին թուլանա, սակայն դրամը մնա անսասան, մեր արտահանողները կտուժեն։ Սա այն դեպքն է, որ բնական տատանումները լավ են, կարևորը՝ անիմաստ տեղը չվազեք զուգարանի թուղթ առնելու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: