Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարկուտի և հակակարկտային պաշտպանության մասին

Վերադարձ լուրերի բաժին

11:39 , 10 Հուլիս 2018

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտաշես Առաքելյանը ստեղծել է մի համակարգ, որը մեր գյուղատնտեսությանը կարող է մեծ օգուտ տալ։ Խոսքը հակակարկտային կայանների մասին է։ Տարիներ շարունակ կարկուտը միշտ լուրջ խնդիրներ է ստեղծել գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Հետո այդ խնդիրները դարձել են կառավարության խնդիրներ. ցուցաբերվել է աջակցություն, տրամադրվել սուբսիդավորում և այլն։ Իսկ տարիներ շարունակ գործող հակակարկտային կայանների արդյունավետությունը խիստ ցածր է, դրանք խնդիրը չեն լուծում։

Արտաշես Առաքելյանը հավաստիացնում է, որ իր գյուտը կլուծի կարկուտի խնդիրը։ Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածը։

* * *

Ամենից առաջ ուզում եմ ասել, որ այս հոդվածը ուղղված չէ որևէ անձի, կազմակերպության կամ պետական կառույցի դեմ, քանզի ցանկացած տնտեսվարող սուբյեկտ (թե ֆիզիկական, թե իրավաբանական) և կառավարություն ինքն է որոշում ինչ մեթոդներով և միջոցներով կազմակերպել իր սեփականության ու պետական տարածքների պաշտպանությունը բնական աղետներից: Սա միայն տեղեկատվություն է հանրությանն ու կառավարությանը, գործարարներին, ներդրողներին ու բարեգործներին հակակարկտային պաշտպանության ներկայիս մեթոդների և միջոցների կիրառման անարդյունավետության, և 2012թ-ից մշակված առավել արդյունավետ ու անհամեմատ էժան մեթոդներով ու միջոցներով նրանց փոխարինման անհրաժեշտության վերաբերյալ, ի շահ իրենց և ժողովրդի:

Բոլորիս հայտնի է, որ կարկուտը զուտ բնական երևույթ է և չի ենթարկվում ոչ մեկի որոշումներին, պահանջներին կամ ցանկություններին: Այն ծնվում, ձևավորվում և թափվում է այնտեղ, ռրտեղ դրա համար ստեղծվում են համապատասխան մթնոլորտային պայմաններ: Ուստի կակուտի դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է հիմնվել այն հիմնական բնական օրենքների վրա, որոնք ապահովում են կարկուտի վաղ կանխատեսումը, հայտնաբերումն ու ճանաչումը՝ մեծ հավանականությամբ:

Տարեցտարի կարկուտն ու տեղատարափ անձրևները հսկայական վնասներ են հասցնում ինչպես աշխարհի շատ ու շատ պետությունների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությանը, գյուղերի ու քաղաքների բուսածածկույթին, քաղաքացիական ու պետական սեփականության օբյեկտներին՝ տների ու շենքերի կտուրներին և պատուհաններին, ավտոմեքենաներին և տրանսպորտի մյուս միջոցներին, գնացքներին և ինքնաթիռներին, հեռուստատեսությանն ու կապին, արևային ու ջերմային էներգիայի վահանակներին, և այլն: Այդ իսկ պատճառով էլ գյուղական և քաղաքային տարածքների արդյունավետ հակակարկտային պաշտպանության կազմակերպման խնդիրը եղել և մնում է խիստ արդիական աշխարհի բազմաթիվ պետությունների համար:

Ներկայումս աշխարհում հակակարկտային պաշտպանությունը հիմնականում իրականացվում է երեք եղանակներով՝ կարկուտի կանխարգելմամբ, կարկուտի ազդեցության մեղմացմամբ և վերևից բուսականությանը հակակարկտային ցանցով ցանցապատմամբ:

Կարկուտի կանխարգելման եղանակի դեպքում նախօրոք կանխում են ամպերում կարկուտի առաջացումը, կամ կանգնեցնում են փոքր սառցահատիկների հետագա հնարավոր աճը:       Կարկուտի ազդեցության մեղմացման եղանակի դեպքում խոչընդոտում են փոքր և միջին տրամաչափի կարկտահատիկների միավորմանն ու մեծ կարկտահատիկների առաջացմանը: Վերևից բուսականության ցանցապատումը հիմնովին բացառում կամ հնարավորինս փոքրացնում է կարկուտի ֆիզիկամեխանիկական ազդեցությունը բույսերի վրա:

Աշխարհով մեկ կարկուտի կանխարգելման կամ մեղմացման համար հիմնականում կիրառվում են հետևյալ երկու մոթոդները՝ հրթիռներով կամ արկերով ամպերի սերմանացանմամբ՝ արծաթի յոդիտով կամ այլ ռեագենտներով ու աէրոզոլներով, որոնք ստիպում են ջրային գոլորշուն և ջրի մանր կաթիլներին սառչել և թափվել ցած ավելի բարձր ջերմաստիճաններում (-15 – -200C), քան բնական ջերմաստիճանային պայմաններն են (մոտավորապես -400C), կամ ամպերի վրա ազդում են ձայնային տիրույթի հարվածային ալիքներով, որոնք գեներացվում են ձայնային գեներատորներով կամ վառոդային հրանոթներով: Նկարագրված երկու եղանակներն էլ անարդյունավետ են արդեն իսկ կազմավորված կարկուտի դեմ, և նրանց ներկայացվող հիմնական պահանջը այդ սարքերի ճիշտ ժամանակին գործարկումն է, որն ուղղակիորեն կապված է կարկտածին և կարկտաբեր ամպերի ճիշտ ժամանակին և մեծ հավանականությամբ հայտնաբերման ու ճանաչման հետ:

Ինչ խոսք, որ վերևից բույսերի ցանցապատման եղանակը պաշտպանության շատ արդյունավետ եղանակ է և շատ շահավետ է ցանց ներկրողներին ու գործողներին, երկաթե խողովակ ու մետաղալար ներկրողներին, երկաթբետոնյա սյուներ և շաղախ կամ շաղախի բաղադրամասերն արտադրողներին և վաճառողներին, ցանցապատման աշխատանքներն իրականացնող ընկերություններին, և այլն: Սակայն ցանցապատումը բավական թանկ հաճույք է նույնիսկ ներկայիս խոշոր հողատերերի համար, քանի որ մեկ հեկտարի ցանցապատումը գնահատվում է մոտ 5000-7000 ԱՄՆ դոլար, իսկ նրա տարեկան շահագործումը (գարնան սկզբին փռելն ու աշնանը հավաքելն ու պահեստավորելը) համաձայն միջազգային նորմերի գնահատվում է մոտավորապես 1200-1500 ԱՄՆ դոլար: Չպահեստավորվելու դեպքում ցանցը կմնա ձմռան սառնամանիքի, ձյան ծանրության ու սառցալեզվակների սեղմման ուժերի երկարատև ազդեցությունների տակ: Իսկ դրան հաջորդող Հայաստանյան ամռան շոգի ու արևի կիզող ճառագայթների ազդեցության պատճառով ցանցի օգտագործելիության ժամկետը խիստ կկարճանա: Իհարկե միայն արժեքը չէ, որ որոշիչ է այս դեպքում: Հիմնական թերությունն այն է, որ ցանցապատումն արդյունավետ է միայն թույլ կամ միջին հզորության կարկուտի դեպքերում: Հզոր կարկուտի դեպքում ցանցապատումը կարող է բերել ավելի վատթար հետևանքների, քանի որ ցանցի վրա հավաքվող կարկուտի ծանրության տակ ցանցապատման ողջ կառույցը կարող է փլուզվել և ջարդել ու տրորել իր տակ մնացած բոլոր ծառերն ու բույսերը: Հզոր կարկուտից հետո ցանցապատված տարածքի տերը ոչ միայն պետք է հիմնովին մաքրի աղետի ենթարկված տարածքը, փոխի ու վերականգնի փլուզված ցանցը, այլև ստիպված պետք է լինի հիմնովին վերականգնել ու ծառատնկել փչացած այգին, վերասածիլել բանջարանոցն ու ծաղկանոցը: Հետևաբար խելամիտ կլինի ցանցապատման հետ զուգահեռ պաշտպանել ցանցապատված տարածքը հակակարկտային պաշտպանության ավելի էժան միջոցներով՝ կանխարգելելու համար հզոր կարկուտի հնարավոր առաջացումը՝ նրա վաղաժամ հայտնաբերման ու ճանաչման շնորհիվ:

Անհրաժեշտ է ի նկատի ունենալ նաև այն փաստը, որ մի քանի հեկտար մակերեսով ցանկացած այգու, բանջարանոցի կամ այլ ցանքատարածության կարկտահարման հավանականությունն տվյալ տարում կամ հաջորդ մի քանի տարիների ընթացքում բավականաչափ փոքր է: Հետևաբար ցանցապատումից հետո ցանցապատված տարածքը, մինչև ցանցի օգտագործելիության ժամկետի ավարտը կարող է ընդհանրապես չենթարկվել կարկտահարման:

Այսպիսով, հակակարկտային պաշտպանության եղանակներին ներկայացվող հիմնական պահանջը՝ կարկուտի վաղաժամ կանխատեսումն ու հայտնաբերումն է:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է հակակարկտային պաշտպանական համակարգ՝ բաղկացած տարածության մեջ տեղաբաշխված ձայնային գեներատորներից կամ հրթիռներ արձակող սարքերից (հրթիռային կայաններից), որոնք կառավարվում են կարկտաբեր ամպերը հայտնաբերող օդերևութաբանական հզոր ռադիոլոկոցիոն կայանից (մետեոռադարից): Բացի այդ, կան նաև անկախ գործող հակակարկտային պաշտպանության ձայնային գեներատորներ, որոնք իրականացնում են  ընդհանուր հակակարկտային պաշտպանության համակարգից դուրս գտնվող գյուղատնտեսական տարածքների հակակարկտային պաշտպանությունը՝ կառավարվելով տարածքը սպասարկող համայնքային օպերատորի կողմից՝ հեռախոսակապի միջոցով: Նման կառավարումը ներառում է մարդկային գործոն, որն էլ հանդիսանում է հակակարկտային պաշտպանության անարդյունավետության հիմնական պատճառը:

Ձայնային գեներատորների միջոցով իրականացվող հակակարկտային պաշտպանության եղանակը անհամեմատ էժան է ցանցապատումից, քանի որ մեկ գեներատորն ապահովում է 50-70 հեկտար տարածքի պաշտպանությունը: Սակայն այն արդյունավետ է միայն գեներատորը ճիշտ ժամանակին գործարկելու դեպքում: Համաձայն գոյություն ունեցող գիտական տվյալների, ձայնային գեներատորները պետք սկսեն գործել կարկուտի տեղալուց 15-20 րոպե առաջ: Շուտ սկսելու դեպքում գեներատորի աշխատանքը լրիվ անիմաստ է, իսկ ուշացնելու դեպքում փոքրանում է պաշտպանության արդյունավետությունը: Բացի այդ, գեներատորի փողի երկարությունը պետք է լինի առնվազն 4մ:

Հրթիռներով ամպերի սերմնացանման եղանակը տարածության մեջ տեղակայված հրթիռային կայաններով ըստ էության ավելի թանկ մեթոդ է, քան թէ ձայնային գեներատորներով իրականացվող մեթոդը, քանի որ հրթիռն իր մեջ պարունակում է առնվազն 12գ աղացած արծաթի յոդիդ, իսկ քանի որ մեկ հրթիռով հարց չի կարող լուծվել, արդյունավետության համար անհրաժեշտ է տալ համազարկ բաղկացած 10-20 հրթիռներից: Հետևաբար, եթե մեկ հրթիռի գինը գնահատվի մինիմում 5000 դրամ, ապա մեկ համազարկի արժեքը կկազմի մինիմում 50000ՀՀԴ: Հրթիռային կայանների համար անհրաժեշտ է ունենալ մշտապես կամ ժամանակավոր գործող տախնիկական անձնակազմ՝ գոնե կայանը համազարկից հետո հրթիռներով վերալիցքավորելու և հաջորդ համազարկին նախապատրաստելու համար: Բացի այդ, հրթիռներով իրականացվող եղանակը փչացնում է բնությունն ու էկոլոգիան, քանզի հրթիռի կտորտանքներն ու արծաթը ամեն դեպքում թափվում են ցած և աղտոտում են հողը:

Հիմա անդրադառնանք մետեոռադարներին: Ներկայումս ՀՀ-ում հակակարկտային պաշտպանության համար փորձում են օգտագործել ռուսական “Антиград” մետեոռադարներն ու նրանով կառավարվող հրթիռային կայանները: Սակայն ժողովրդական առածն ասում է. “Եթե քաչալը դարման ունենար, առաջինն իր գլխին կքսեր”: Եթե ռուսական “Антиград”-ը լիներ հակակարկտային պաշտպանության արդյունավետ միջոց, ապա Ռուսաստանի հարավային շրջանները տարիներ շարունակ չէին ենթարկվի կարկուտի աղետաբեր հարվածներին: Խոսքը միայն ռուսական մետեռադարներին չի վերաբերվում: Այն վերաբերվում է ընթանրապես ռադարների կիրառմանը կարկտածին և կարկտաբեր ամպերի հայտնաբերման ու ճանաչման գործընթացում: Ռադարի աշխատանքի հիմքում ընկած է ամպերից կամ մթնոլորտային այլ գոյացումներից անդրադարձած կամ ետ ցրված ռադիոլոկացիոն ալիքների ընդունումն ու մշակումը: Ռադիոլոկացիոն ցրումը կամ անդրադարձումը իր բնույթով ռեզոնանսային է և ռադիոլոկացիոն ազդանշանը ցրվում և անդրադառնում է անձրևի այն կաթիլիներից կամ այն սառցահատիկներից, որոնց չափսերը կամ մասնիկների միջև եղած հեռավորությունները համեմատական են ռադիոալիքի երկարությանը: Այդ իսկ պատճառով խոշոր կաթիլներով կամ մեծ ջրապարունակությամբ ամպից ցրված ռադիոալիքի հզորությունը կարող է գերազանցել քիչ ջրապարունակությամբ (այս դեպքում սառցապարունակությամբ) փոքրահատիկ կարկուտով կարկտաբեր ամպից անդրադարձած ալիքի հզորությանը: Ջրի կաթիլի ողորկության և սառցահատիկի մակերևույթի տձևության ու անհարթության հետևանքով անձրևային ամպից եկող անդրադարձումը անհամեմատ փոքր է միևնույն ջրապարունակությամբ կարկտային ամպից եկող անդրադարձումից, որի պատճառով մետեոռադարը մեծ հավանականությամբ գրանցում է կարկուտը, բայց չի կարողանում գրանցել կամ ճանաչել այն ամպը, որը կարող է դառնալ կարկուտի պատճառ, քանի որ ռադիոլոկացիոն ցրման գործակիցը թույլ է կախված օդի, ամպի կամ մասնիկների ջերմաստիճաններից: Այդ պատճառով էլ ռադիոլոկացիոն դիտման ժամանակ հնարավոր է բաց թողնել այն ամպը, որում ջրային գոլորշին կամ կաթիլը կարող է փոխարկվել կարկուտի` այսինքն բաց թողնել ջրային գոլորշու ու կաթիլի կարկուտի փոխարկման պահը` կարկտաբեր ամպի առաջացման պահը: Իսկ եթե Հանրապետության տարածք է ներխուժել արդեն կարկտային ամպ, ապա այն պետք է ինչ որ մի տեղ թափվի, քանի որ նրա դեմն առնելու ոչ մի տեխնիկական միջոց գոյություն չունի, բացի միջուկային պայթյունից:

Հակակարկտային ռադարի միակ առավելությունը՝ նրա կողմից դիտվող տարածքի ընդարձակությունն է, որը կարող է ձգվել տասնյակ կիլոմետրերից հարյուրավոր կիլոմետրեր՝ կախված ռադարի հզորությունից ու զոնդման պայմաններից:

Հակակարկտային ռադարի թերություններն առավել շատ են: Դրանց թվում հարկ է նշել.

-Հակակարկտային ռադարի արժեքը, որը կարող է կազմել հարյուրավոր հազար ԱՄՆ դոլարից մինչև մի քանի միլիոն ԱՄՆ դոլար՝ կախված ռադարի հզորությունից:

– Հակակարկտային ռադարի շահագործման համար անհրաժեշտ է ստեղծել դիտման հատուկ պայմաններ՝ տեղադրել այն դիտման բարձր աշտարակի կամ դիտակետի վրա և ապահովել ուղիղ տեսանելիություն պայման: Հայաստանի Հանրապետության լեռնային ռելևֆի պատճառով համընդհանուր հակակարկտային պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ունենալ առնվազն 5-6 ռադար: Կամ յուրաքնչյուր մարզ պետք է առանձին կազմակերպի իր հակակարկտային պաշտպանությունը:

– Հակակարկտային ռադարի շահագործման համար անհրաժեշտ է ունենալ մշտական գործող սպասարկող անձնակազմ:

– Հակակարկտային ռադարը կարող է հայտնաբերել ու ճանաչել միայն միջին ու մեծ տրամաչափի կարկտահատիկով կարկտային ամպը: Սակայն այն չի կարող հայտնաբերել ու տարազանել այն ամպը, որը կարող է վերածվել կարկուտի: Իսկ եթե Հանրապետություն ներխուժել է արդեն կազմավորված միջին ու մեծ հզորությամբ կարկտաամպ, ապա նրա դեմ ոչինչ անել արդեն հնարավոր չէ, և երբեմն ավելի նպատակահարմար է նրան չգրգռել ու թողնել, որ ինք իրեն թափվի, որտեղ որ կթափվի, հնարավոր վնասը կարող է ավելի փոքր լինել:

– Հակակարկտային ռադարի պատահական շարքից դուրս գալու դեպքում, ողջ վերահսկվող տարածքը կմնա առանց հակակարկտային պաշտպանության: Եվ սա ռադարներով կառավարվող հակակարկտային պաշտպանության ամենամեծ թերությունն է:

Դառնանք ներկայումս ներդրվող “Антиград” մետեոռադարներին: Դրանք շատ թանկ արժեն (մոտավոր արժեքը երկու միլիոն ԱՄՆ դոլար), ունակ չեն միարժեք լուծելու խնդիրը, չեն ապահովում հուսալիության և հավաստիության բարձր մակարդակ, էներգատար են, չունեն մեծ մանևրայնություն, պահանջում են տեղակայման ու շահագործման հատուկ պայմաններ, մշտական սպասարկող անձնակազմ և ստեղծում են կողմնակի ու հզոր ռադիոխանգարումներ իրենց տեղադրման շրջակայքում կամ տիեզերքում գործող կապի, հեռահաղորդման ու հեռազոնդման ռադիոհամակարգերի ու հեռուստակայանների անխափան ու որակյալ աշխատանքի համար: Ի հաշիվ մեծ հզորության ու ալիքի կարճության, այդ ռադարները հանդիսանում են նաև սպասարկող անձնակազմի ճառագայթման հզոր աղբյուր, ու նրանց առողջության պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքի հատուկ պայմաններ:

Այսպիսով, կարկուտի կանխարգելման կամ ուժի մեղմացման, գյուղատնտեսությանն ու էկոնոմիկային հասցվող վնասի նվազեցման համար անհրաժեշտ է ստեղծել առավել արդյունավետ, էժան և հուսալի հակակարկտային պաշտպանության եղանակներ և միջոցներ:

2012թ-ին, միջազգային երկու խոշոր նախագծերի արդյունքների հիման վրա առաջացավ մի գաղափար, որը գյուտի կարգավիճակով 2013թ-ին արտոնագրվեց Հայաստանի Հանրապետությունում (արտոնագիր թիվ 2769A): Միջազգային փորձաքննության փուլից հետո գյուտը 2016թ-ին արտոնագրվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (արտոնագիր թիվ ZL2012800716222) և ԱՄՆ-ում (արտոնագիր թիվ 9491912): 2017թ-ին գյուտն արտոնագրվեց Կանադայում (արտոնագիր թիվ 2862959), Ռուաստանի Դաշնությունում (արտոնագիր թիվ 2631894) և Եվրոպական Միությունում (արտոնագիր թիվ 2725893), որի հիման վրա գյուտն արդեն իսկ արտոնագրվել է Գերմանիայում (արտոնագիր թիվ 602012030161.9), Անգլիայում (արտոնագիր թիվ EP2725893), Ֆրանսիայում (արտոնագիր թիվ EP12753044.22), Իսպանիայում (արտոնագիր թիվ E12753044), Իտալիայում (արտոնագիր թիվ 502017000082569), Շվեցարիայում (արտոնագիր թիվ 12753044) և Թուրքիայում (արտոնագիր թիվ 2017/09327/EP2725893): Ներկայումս գյուտն արտոնագրվում է նաև Հնդկաստանում: Նշեմ, որ արտասահմանյան պետություններում գաղափարը գյուտի կարգավիճակով արտոնագրվում է միայն այն դեպքում, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին՝ հանդիսանում է նորույթ,  օժտված է անհրաժեշտ ստեղծագործական (գյուտարարական) մակարդակով, արդյունավետ է համեմատ նախորդների և գործնականում իրականացվելի է: Ձեր ուշադրությունը կուզեմ սևեռել այն բանի վրա, որ արտոնագրված են ոչ միայն հակակարկտային միջոցները (սարքերը), այլ նաև հակակարկտային պաշտպանության եղանակները: Իսկ գիտակներին հայտնի է, որ կիրառման մեթոդի արտոնագրումն անհամեմատ ավելի բարդ ու դժվար գործընթաց է, քան համապատասխան սարքի արտոնագրումը:

Խոսքը գնում է լրիվ ինքնավար ու ինքնաշխատ հակակակարկտային պաշտպանություն իրագործող մեթոդի և այդ մեթոդն իրականացնող լայնամասշտաբ հակակարկտային պաշտպանության ցանցի (համակարգի) վերաբերյալ, որի հիմքում ընկած են տարածության մեջ բաշխված ձայնային գեներատորներն ու ռադիոմետրիկ ընդունիչների հիման վրա գործող կարկուտի վաղ հայտնաբերման ու ահազանգման սարքերը, որոնք ի տարբերություն հակակարկտային ռադարների գրանցում են միայն ամպերի սեփական ռադիոճառագայթումը և զուրկ են այն բոլոր թերություններից, որոնք բնորոշ են հակակարկտային ռադարներին: Նախնական գնահատմամբ, սերիական արտադրության դեպքում, կարկուտի վաղ հայտնաբերման ու ահազանգման սարքը կարժենա 1000-1500 ԱՄՆ դոլար: Առանձին գործող մեկ ձայնային գեներատորի արդյունավետ սպասարկման համար, որն ապահովում է 50-70 հեկտար տարածքի պաշտպանություն, անհրաժետ է ընդհամենը երկու սարք: Շատ թվով ձայնային գեներատորներից բաղկացած ցանցի դեպքում հայտնաբերող ու ահազանգող սարքերի թիվը՝ կախված հակակարկտային պաշտպանության կազմակերպման եղանակից, կրկնակիից քիչ կլինի: Մշակված եղանակի առավելությունը նաև այն է, որ նա նույն արդյունավետությամբ կարող է կազմակերպել ինչպես  առանձին վերցված որևէ փոքրիկ հողակտորի, որևէ համայնքի, որևէ շրջանի հակակարկտային պաշտպանությունը, այնպես էլ ողջ հանրապետության և նույնիսկ ողջ տարածաշրջանի  համընդհանուր հակակարկտային պաշտպանությունը: Եվ ի տարբերություն մետեոռադարներով իրականացվող հակակարտային պաշտպանության, երբ ռադարի պատահական շարքից դուրս գալու դեպքում մի հսկայական տարածք մնում է առանց կառավարման ու պաշտպանության, նոր մեթոդի դեպքում կարկուտի վաղ հայտնաբերման ու ահազանգման ցանկացած սարքի պատահական խափանման դեպքում առանց պաշտպանության կմնա միայն համապատասխան ձայնային գեներատորի հակակարկտային պաշտպանության տակ գտնվող 50-70հա մակերեսով տարածքը:

Հաշվի առնելով գյուտի տեխնիկատնտեսական առավելությունները 2013թ-ից սկսած տեղեկացրել եմ պետական տարբեր կառույցներին և նրանց ղեկավարներին արված գյուտի և ներդրման առավելությունների մասին: Սակայն քար լռությունից բացի ուրիշ պատասխանի չեմ արժանացել: Միակ դեմ փաստարկն եղել է այն, թե այդ ինչպես պատահեց, որ հարյուր տարուց ավել գոյություն ունեցող խնդրահարույց խնդրի լուծումը հանկարծ ծագեց հայ գիտնականի գլխում: Դրան պատասխանվեց, որ գյուտը ծնվում է այն գլխում, որն այդ պահին դրա համար պատրաստ է: Ասքանով հարցը փակվեց, գնվեց ու տեղակայվեց ռադարը, որի կիրառման արդյունավետությունը Ձեզ արդեն հայտնի է: Ես կգոհանայի նաև մերժման գրավոր պատասխանով, որպեսզի առանց խղճի խայթի նշույլի անգամ, վաճառեմ արտոնագրերս, այդ թվում նաև Հայաստանի արտոնագիրը, արտասահմանցի գործարարներին՝ չինացի, ամերիկացի, եվրոպացի, հնդիկ, թուրք, կամ ռուս գործարարներին, որոնք հետագայում ավելի թանկ գնով այն կվերավաճառեն Հայաստանին, քանի որ կարկուտը խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամ չի ճանաչում, ենթարկվում է միայն և միայն բնության օրենքներին:

Հոդվածի և գյուտի հեղինակ՝ ֆ-մ.գ.դ., ա.գ.ա. Արտաշես Կորյունի Առաքելյան

Հեռ. 093-771-482, է-փոստ. arakelyanak@yahoo.com

artashes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։