Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Ճշմարիտյանն արձագանքում է «մոլորվածներին» և «կասկածողներին»

Վերադարձ լուրերի բաժին

14:01 , 10 Հոկտեմբեր 2016

Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը իր էջում հրապարակել է Yerkir.am-ի հին հոդվածներից մեկը (2015 թվականի հոկտեմբերի 15-ի նյութ), որը վերնագրված էր այսպես «Մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական աճը, գուցե, որովհետև մաշկի խնդիր ունեն. Կարեն Ճշմարիտյան»։ Էկոնոմիկայի նախկին նախարարի հնչեցրած մտքերը դեռ այն ժամանակ բուռն քննարկման առարկա դարձան, սակայն Ճշմարիտյանը չանդրադարձավ հնչող քննադատություններին և վիրավորական մեկնաբանություններին։

Այժմ, երբ 1 տարվա վաղեմության նյութը կրկին մտցվել է շրջանառության մեջ, Կարեն Ճշմարիտյանը ծավալուն մեկնաբանություն է հրապարակել այդ օգտատիրոջ գրառման տակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շատ շնորհակալ եմ այս հին և պատվիրված վերնագրով նյութը հրապարակողին:

Չգիտեմ ինչ նպատակ են հետապնդում, բայց միևնույն է ` շատ ուրախ եմ, որ այս հարցը նորից բարձրացվեց: Ուղղակի հաջողություն է: Այն ժամանակ պարզապես ժամանակ չեմ ունեցել, չեմ ցանկացել և հետևաբար` չեմ պատասխանել: Իսկ այժմ` մեծ ուրախությամբ և «հաճույքով» կարձագանքեմ:

Նշեմ, որ երբեք պատասխան լուտանքներ և անձնական վիրավորանքներ չեմ հնչեցնի բոլոր նրանց հասցեին, ովքեր նյութին չվերաբերվող բացառապես վերնագրեր հորինող և ընթերցող` հաստիքային, կամ արտահաստիքային հայհոյող, բամբասող, չարախոսող տկարամիտների բանակին են զինվորագրվել: Առավել ևս, որ այդ սակավաթիվներին չեմ էլ ճանաչում:

Իսկ «մոլորվածներին» և «կասկածողներին» պարզապես խորհուրդ կտամ` կարդացեք այս նյութը մինչև վերջ, աշխատեք հասկանալ, իսկ եթե չեք հասկացել` փնտրեք և գտեք մեկին, որն ունակ է բացատրելու Ձեզ: Եթե այդպիսին էլ չկա Ձեր շրջապատում (որն ամենահավանականն է), ապա հարցը ուղղեք ինձ` ես հաճույքով կպարզաբանեմ:

Հետաքրքրվեք այն մարդու, նրա վաստակի, համբավի, մարդկային որակների և կենսագրության մասին, որին այդքան ցանկանում եք վիրավորել` գոնե միայն նրա համար, որպեսզի չիջեցնեք Ձեր հայացքը` այն պահին, երբ դեմ հանդիման կհանդիպեք նրան ու կամաչեք, և որպեսզի այդ պահին ներողամտություն հայցելու բարոյական իրավունք ունենաք: Մինչև վերջ կարդացեք այս նյութը, և ոչ միայն այս նյութը, այլ նաև` այն գրվածքները, որոնց վերաբերյալ ցանկանում եք Ձեր «դարակազմիկ», «հայրենապաշտ», «ուղեղի և քոսի խնդիր չունեցող հորթի տրամաբանությամբ» «առողջ» կարծիքը, կամ վերաբերմունքը արտահայտել:

Եվս մեկ անգամ` Շնորհակալ եմ»:

Ավելին, հաջորդ մեկնաբանության մեջ Կարեն Ճշմարիտյանը նաև համապատասխան հատվածն է մեջբերել հոդվածից, իր իսկ ձևակերպմամբ, պարզապես ալարկոտների համար, ովքեր մինչև վերջ չեն կարդացել հոդվածը և մեկնաբանություններ են անում՝ հիմնվելով միայն վերնագրի վրա. «Ես համաձայն եմ` բոլորս ենք ուզում մեր մաշկի վրա զգալ: Եվ եթե աշխատավարձերը բարձրանալիս մարդիկ իրենց մաշկի վրա դա չեն զգում, ուրեմն ես համաձայն չեմ դրա հետ: 4 տոկոս աճն այն աճը չէ, որը ժողովուրդը միանգամից պետք է զգա: Ես էլ կարող եմ մատնանշել ոլորտներ, որտեղ և’ եկամուտներն են ավելացել, և’ աշխատավարձերը, օրինակ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, ջերմոցներում, տրանսֆորմատորների արտադրությունում, ոսկու նոր հանքավայրերում կամ Թեղուտում: Ինչպե՞ս կարող մարդն իր մաշկի վրա չզգալ, երբ 1500 մարդ Թեղուտում աշխատում է: Եվ եթե եկամուտների ավելացմամբ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում ազդեցությունը, ուրեմն… այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք»:

Մեզ հետ զրույցում Կարեն Ճշմարիտյանն այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ, որ այդ «…չարության ու մոլորության…» մեջ մեր մեղքն էլ կա: Մենք շատ մտքեր ունենք և ջանքեր ենք գործադրում, բայց մեր ժողովրդի հետ ուղղակի` դեմ առ դեմ քիչ ենք շփվում` շատ քիչ ենք շփվում: Հիմնականում շփվում ենք լրատվության միջոցով, և հետևաբար նրանց ենք հանձնում ու վստահում ժողովրդի կարծիքի և վերաբերմունքի ձևավորումը ոչ միայն մեր, այլ նաև` թող զարմանալի չթվա` բայց նույնիսկ իրենց իսկ կյանքի որակի և շատ ու շատ այլ հարցերի նկատմամբ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-բիզնես գործընկերային երկխոսությունը՝ կոմիտեի առաջնահերթություն

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները և հստակեցրել գործընկերային ուղենիշները:

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար: