Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:58 , 06 Մարտ 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում: 

«Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:

Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երևանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները և նշել. «Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջև բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,– ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության և այլ ոլորտներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ