Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի «պարադոքսը» (հարցման արդյունքների ամփոփում)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

09:01 , 05 Դեկտեմբեր 2016

B4B.am-ը շարունակում է ամփոփել «10 հարց՝ տնտեսության մասին» հարցման արդյունքները։

Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել է նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտերնետի միջոցով։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 1200 հոգի։

Հերթը հասավ ամենակարևոր մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հասարակության (ֆեյսբուքահայության) վերաբերմունքին և ՀՀ իշխանությունից ունեցած ակնկալիքներին։

Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում։ Հարցմանը պատասխանել են 1251 հոգի։

Հարցվողների մեծ մասը՝ 45%-ը, պատասխանել են՝ դրական։ 31%-ը չեզոք վերաբերմունք ունի, 12%-ը դժվարացել է պատասխանել։ Կարեն Կարապետյանի նշանակմանը բացասական վերաբերմունք ունեն հարցվածների 12%-ը։

Այսինքն, Կ. Կարապետյանի նշանականման նկատմամբ վերաբերմունքը մեծ հաշվով դրական է։

1

Այս արդյունքները որոշ չափով տարբերվում են «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցումների արդյունքներից։ Նոյեմբերի 2-16-ն անցկացված այդ հարցմանը  մասնակցել են ՀՀ 1104  քաղաքացիներ։

Նույն՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում» հարցին «Գելլափի» հարցման մասնակիցների 57.2 տոկոսն ավելի շուտ դրական էին գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը, 29 տոկոսը՝ լիովին դրական, 4 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 1.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 8.2 տոկոսը դժվարացել էր պատասխանել։

Ինչևէ, վերադառնանք մեր հարցմանը։ Երկրորդ հարցը վերաբերվում էր նոր կառավարության կազմի նկատմամբ վերաբերմունքին։ 1184 պատասխանածներից միայն 28%-ն է դրական վերաբերվում։

Մեծ մասը՝ 40%-ը, դժվարացել է պատասխանել։ Իսկ բացասական վերաբերմունք ունեցողները 32% են։

2

Ինչպես տեսնում եք, հասարակությունը տարբեր կերպ է վերաբերվում վարչապետին և կառավարությանը։

Սակայն խզումը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ենք սպասելիքները։

Այսպես, հարցվածների 66%-ը գտնում են, որ նոր կառավարության գործունեության արդյունքում իրենց ընտանեկան բարեկեցությունը չի բարելավվի։ Այդ թվում՝ 24%-ը համոզված են դրանում։

Հարցվածների 12%-ն է բարեկեցության ավելի բարձր մակարդակ ակնկալում, սակայն՝ ոչ համոզված։ Իսկ համոզված լավատեսները ընդամենը 1% են կազմում։

3

«Հավատո՞ւմ եք լուրջ բարեփոխումներին՝ մաքսային, հարկային և այլ համակարգերում» հարցի դեպքում պատկերը գրեթե նույնն է։ Մեծ մասը՝ 39%-ը, չի հավատում։ 36%-ն էլ կասկածում է, որ լուրջ բարեփոխումներ կիրականացվեն։

16%-ը այս հարցին պատասխանել է՝ թերևս այո։ Եվ միայն 6%-ն է համոզված պատասխանել՝ այո։ Նշենք նաև, որ այս հարցին պատասխան չունեցողների կշիռը բավականին փոքր է՝ ընդամենը 3%։

4

Կոռուպցիայի դեմ պայքարի առումով պատկերը շատ ավելի տխուր է։

Հարցվածների 62%-ը չի հավատում, որ իշխանությունը ցանկանում է և ի վիճակի է իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ։

Եվս 15%-ի կարծիքով, իշխանությունը ցանկանում է, սակայն ի վիճակի չէ։ 14%-ը հավատում է իշխանության հակակոռուպցիոն պայքարին, սակայն՝ վերապահությամբ։ 3%-ը պատասխանել են՝ ավելի շուտ այո, միանշանակ այո ասողների կշիռը ևս 3% է։

Պարզ ասած, հասարակությունը չի հավատում կոռուպցիայի դեմ իրական պայքարին։

5

Քանի որ ինտերնետային հարցման ընթացքում յուրաքանչյուր պատասխանից հետո համակարգը ցույց էր տալիս այդ պահին առկա հարաբերակցությունը, շատերը դեռ այն ժամանակ տարակուսանք էին հայտնում՝ ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված այս, պատկերավոր ասած,  «պարադոքսը»։

Ինչպե՞ս կարող է հասարակությունը դրական վերաբերմունք ունենալ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն այսպիսի մեծ անվստահություն ունենալ բարեփոխումների և ձեռնարկվելիք այլ քայլերի նկատմամբ։

Միգուցե Կարեն Կարապետյանը խարիզմատիկ է, ա՞յդ պատճառով։ Միգուց հասարակությունը նրան ավելի խելացի է համարում, կամ ավելի ազնիվ… Այս հարցին պատասխանելու համար թերևս պետք է մասնագիտական լուրջ վերլուծություն արվի։

Սակայն մեր հարցաշարի մեջ կար ևս մեկ հարց, որը նույնպես մասնակիորեն կարող է բացատրել այս հակասությունը։ Այն է՝ իշխանության ո՞ր թևից է կախված երկրի տնտեսական հաջողությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը իշխանության մեկ թևի՝ գործադիր իշխանության ղեկավարն է։ Իսկ հարցման մասնակիցներից միայն 18%-ն է կարծում, որ հաջողությունը կախված է միայն կառավարությունից։

Այսինքն, վերը նշված հակասությունը կարող ենք մեկնաբանել հետևյալ կերպ` հասարակությունը դրական է վերաբերվում վարչապետին, սակայն գտնում է, որ միայն նրա հնարավորությունները քիչ են՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

6

Իսկ ումի՞ց է կախված հաջողությունը։

32%-ի կարծիքով՝ դա կախված է երկրի նախագահից (իհարկե, նախագահը համարվում է գործադիր իշխանության գլուխ, սակայն մենք տարանջատել ենք Նախագահի և Կառավարության ինստիտուտները)։

Հարցման մասնակիցների 6%-ը երկրի տնտեսական հաջողությունը պայմանավորում է դատական իշխանության որակով, իսկ օրենսդիր իշխանության դերը առանձին ամենակարևորն են համարել հարցվածների 3%-ը։

Մեծ մասը՝ հարցվածների 41%-ը, գտնում է, որ երկրի տնտեսական հաջողությունը կախված է իշխանության բոլոր թևերից հավասարապես։ Այսինքն՝ միայն վարչապետի ու կառավարության փոփոխությունը բավարար չէ՝ լուրջ փոփոխություններ ակնկալելու համար։

Հ.Գ. – Հատուկ ընդգծենք, որ սա ոչ թե պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցում է, այլ ինտերնետով անցկացված պարզ քվեարկություն։ Այս արդյունքները վերին ատյանի ճշմարտություններ չեն, սակայն թույլ են տալիս այլընտրանքային պատկեր ունենալ՝ հասարակական կարծիքի վերաբերյալ։

 Ձեզ կարող են հետաքրքրել նաև հարցման արդյունքների հիման վրա գրված հետևյալ նյութերը՝

Միլիոնատեր պաշտոնյաների նկատմամբ վերաբերմունքն ավելի նորմալ է, քան մոնոպոլիստների

Ինչ սպասելիքներ ունեն ՀՀ գործարարները 2017-ից և ինչն է նրանց ամենից շատ խանգարում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։

22 միլիարդ դրամի շահույթ. ինչով է պայմանավորված Արդշինբանկի աննախադեպ ցուցանիշը

Սա աննախադեպ ցուցանիշ է. Հայաստանում ոչ բանկ երբեք անգամ դրա կեսի չափ շահույթ չի գրանցել։