Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի հանձնարարականները՝ կառավարության այսօրվա նիստում

Վերադարձ լուրերի բաժին

18:38 , 01 Փետրվար 2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների գործունեության վերաբերյալ էր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայումս ներկայացվում են հանրապետական գործադիր մարմինների 2017 թ. կատարված աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումները։ Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թ. նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թ. համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը Համաշխարհային տնտեսական համաժողովում մասնակցության արդյունքների վերաբերյալ էր: «Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ»,-նշել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։

Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։ Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն կառավարության աշխատակազմ։

Վարչապետը հանձնարարական է տվել նաև արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ: «Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,-նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ էր: «Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2018 թվականի զեկույցում։ Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը»,-նշել է վարչապետը և հանձնարարել արդարադատության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման, վերակազմակերպման մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Հանձնարարվել է նաև գործարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համակցված լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը և ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հունվարյան տնտեսական ցուցանիշները. Ինչ կհետևի տպավորիչ մեկնարկին

Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: