Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. «Եթե ոչ, ապա փակել ջրառի կետը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:57 , 23 Փետրվար 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: «Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն: Մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին 10-օրյա ժամկետում՝ կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: «Մենք անհամամասնությունից ընտրել ենք ամենաանհամամասնության 20 համայնքները և շարունակական գնալու ենք առաջ»,-ասել է վարչապետը:

Հաջորդ հանձնարարականը ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների վերաբերյալ է: «Յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվում է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է «Սևան-Հրազդանյան էներգետիկ» (Միջազգային էներգետիկ կորպորացիա) համակարգով, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չի արձանագրվել»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև Սևանա լճից ջրի բացթողումների սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը: Խնդրի կարգավորմանը կառավարության ղեկավարը առաջարկել է մասնակցել նաև ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին:

Վարչապետը հանձնարարականեր է տվել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների և իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների և իրավական անվտանգության ապահովմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կիրառման ապահովման համար կատարվել է զգալի աշխատանք: «Մասնավորապես՝ ընդունվել է 5 նոր օրենք, որոնցից 4-ը սահմանադրական օրենք է: Սակայն, կարծում եմ, որ մեր կողմից կատարվող աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքը և ըստ այդ արդյունքների ձևակերպել մեր հետագա գործողությունները»,-ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին մինչև 2017թ. հունիսի 10-ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը: 1-ամսյա ժամկետում նախարարությունը պետք է կատարի ուսումնասիրություն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի` ՀՀ Սահմանադրության, սահմանադրական օրենքների և օրենքների պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: 3-շաբաթյա ժամկետում կներկայացվի հաշվետվություն ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է 2-շաբաթյա ժամկետում գույքագրել ՀՀ Ազգային ժողովում գտնվող մշակված նախագծերը և այդ նախագծերի հետագա քննարկման կամ հետ կանչելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ներկայացնել ՀՀ կառավարությանը: «Բազմաթիվ օրենքների նախագծեր կան, որոնք ԱԺ-ում են, բավականին երկար ժամանակ ոչ քննարկվում են, ոչ ընդունվում, ոչ ադապտացվում են, ոչ էլ տալիս են կարծիք, կարևոր է, կարևոր չէ, ակտուալ է, թե չէ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Կհամակարգվեն Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ընթացիկ նախագծային աշխատանքները

Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի զարգացման» նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017թ. հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով հանձնարարվել է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Կոմիտեն կներկայացնի նաև նախագծային աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: