Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի արտոնությունները

Վերադարձ լուրերի բաժին

23:54 , 17 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

gov-17-15-19-1

Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ և ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված փաստացի տվյալները: Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Քննարկվել են մաքսատուրքից ազատման և ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության և արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման և հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ:

gov-17-15-19-2

Հաջորդիվ անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:

Nikol_Pashinyan_17-05-19-3

Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը: «Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին և հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: