Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը պատերազմ է հայտարարում կոռուպցիային և մենաշնորհներին. Հովիկ Աբրահամյանի ուշագրավ ելույթը

Վերադարձ լուրերի բաժին

12:08 , 12 Մայիս 2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարությամբ, որով ըստ էության պայքար է սկսվում մենաշնորհների դեմ: Տրվել են մի շարք հանձնարարականներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի ժամանակ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ: Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինը արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը:

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն:

Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ մայիսի 14-ից սկսվում են պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, նա խնդրեց բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք կարող են համառոտ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ կան ուշագրավ հետազոտություններ նաև Սփյուռքում: Դրա վառ օրինակն է Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված «Հայերը 2115-ին» զեկույցը: Նման հետազոտությունները ևս պետք է դառնան խորը ուսումնասիրության առարկա:
«Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների:

Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկը արդեն իսկ վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ»,- ասել է նա::

Ըստ նրա՝ թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ.

«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջոկրդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողու¬թյուններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը: Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թ. բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն:

Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին»,-հայտարարել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ասել է նաև, որ ամբողջությամբ գիտակցում է այն հանգամանքը, որ իր հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ:

«Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց: Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով:

Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ:

Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ որպես գործադիր իշխանության ղեկավար ամբողջությամբ գիտակցում և հասկանում է, որ վերը հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողանանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ:
«Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը:

Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը: Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որևէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու:

Առայժմ այսքանը: Եվ վերջում, մեկ անգամ ևս ընդգծեմ. կառավարությունը ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: