Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը նախատեսում է լուծել մանկատան 300 շրջանավարտի բնակարանային խնդիրը

Վերադարձ լուրերի բաժին

01:29 , 08 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լուծել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրը: Բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան շուրջ 300 շրջանավարտի: Նրանց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից:

Zaruhi_Batoyan_47I2611

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը համակարգված չի եղել և կրել է դրվագային բնույթ. մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից:

«Այդ նպատակի համար, ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ է 1,9 մլրդ դրամ։ Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն ՀՀ տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ»,- ասել է նախարարը:

Բացի այդ, որոշմամբ հաստատվող ծրագրի շահառուները հոգեբանական աջակցության, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույն ապահովել իրենց զբաղվածությունը: Նախատեսվում է նաև բարելավել կազմակերպություններում բնակվող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունների մակարդակը և հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրման գործընթացը:

Nikol_Pashinyan_47I2539
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի բազմաթիվ բնակարավայրերում այդ գումարով հնարավոր է բնակարան գնել. «Բայց եթե մարդն աշխատել է, ունի միջոցներ և ցանկություն, ապա կարող է ձեռք բերել ավելի թանկարժեք բնակարան»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդիրը կառավարությունը լուծում է հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում խնայված, գոյացած միջոցների հաշվին:

Վարչապետը նշել է նաև, որ նման որոշումները ռազմավարական առումով հայեցակարգային խնդիր ունեն. «Ես կնախընտրեի, որ այս 1,9 միլիարդը ժամանակին ծախսված լիներ նրանց կրթության վրա, որպեսզի հիմա նրանք որևէ մեկի կարիքը չունենային և այսօր, օրինակ՝ IT ոլորտում, 100 տոկոսով երաշխավորված աշխատանք ունենային, վարձով ապրեին՝ 6 ամիս, մեկ տարի և իրենց վաստակած աշխատանքով հիպոթեկային վարկ վերցնեին և իրենց համար բնակարան գնեին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մանկատան երեխաների նկատմամբ պետության ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթություն տալը, որպեսզի նրանք կարողանան հասուն տարիքում իրենց բարեկեցությունն ապահովել արժանապատիվ, ազնիվ աշխատանքով՝ չունենալով որևէ մեկի գթասրտության անհրաժեշտությունը:

Վարչապետը նշել է նաև, որ տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են:

Gov_TM_2408

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, տարեցները պետք է խնամվեն, որովհետև պետությունն է նրանց պատասխանատուն, ժամանակակից ամենաբարձր ստանդարտներով: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այսօրվա մեր միջոցներով, ճիշտ կազմակերպելու դեպքում, այդ ստանդարտները կարելի է շատ արագ, էականորեն բարձրացնել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ խնայվել՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Իսկ նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները, ինչո՞ւ չեն ծառայացվել այս նպատակներին, ինչո՞ւ այդ երեխաների համար մինչև հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրենց աշխատանքով իրենց աղքատությունը հաղթահարեն. որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել»,- թեման եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։