Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար

Վերադարձ լուրերի բաժին

18:20 , 09 Հուլիս 2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարությունն ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Լիճք» ենթակայանը շահագործվում է 1961թ.-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Միաժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում վերջին տարիներին արտադրող կայանների ավելացումը պահանջում է վերանայել բարձրավոլտ ենթակայանների և օդային գծերի հզորությունները՝ արտադրված էլեկտրական էներգիան վերջնական սպառողին հասցնելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նման որոշում ընդունելու հրատապությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներում ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ: «Այն ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, մասնավորապես՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է մեր կողմից ընդունվի «Լիճք» կայանի միջոցով: Այս փուլում «Լիճք»-ն ի վիճակի չէ դա իրականացնել: Հաշվի առնելով, որ «Մասրիկ 1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսի շինարարությունը՝ հրատապ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ «Լիճք»-ի շինարարությունը իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփական ֆինանսական միջոցների հաշվին: «Սա ևս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին։ Գնային առաջարկների ներկայացման հարցումներ են ուղարկվել նախկինում ընկերության այլ ենթակայանների վերակառուցման աշխատանքներում ներգրավված կապալառուներ ABB, General Electric, Siemens AG, Kaskad-Energo LLC ընկերություններին: Ի պատասխան գնային առաջարկ է ներկայացրել միայն Kaskad-Energo LLC ընկերությունը: Ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Ներկայացված գնային առաջարկի նվազեցման համար իրականացված բանակցությունների արդյունքում՝ գնային առաջարկը կազմում է 8 857 600 ԱՄՆ դոլար»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սա նաև Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանագրի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել: «Բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է այդ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել: Հետևաբար հրատապությունը նրանում է, որ մենք պետք է սինխրոնացնենք «Մասրիկ» կայանի և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վնասներ չկրի»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Մասդար» ընկերության ներդրումային ծրագրին: «Երբ կառավարության նիստում քննարկում էինք «Մասդար» ընկերության առաջարկած նախագծի շուրջ միջազգային մրցույթ հայտարարելու հարցը, ասում էինք, թե արդյոք այս մեխանիզմով մրցույթները հետաքրքրություն կառաջացնեն: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մրցույթին ևս 2 խոշոր ընկերություններ են հայտ ներկայացրել, և ակնհայտ է, որ մրցույթը կկայանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դա արվում է հրապարակային, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա ամենաշահավետ առաջարկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանը պնդում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

«Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 800 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման և 850 ԱՄՆ դոլար` վերանորոգված վիճակում։

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: