Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության և վարչապետի փոփոխությունը՝ տնտեսական TOP-10-ի առաջատար

Վերադարձ լուրերի բաժին

18:47 , 30 Դեկտեմբեր 2016

Ինչպես և խոստացել էինք, ամփոփում ենք Հայաստանի՝ 2016 թվականի կարևորագույն տնտեսական իրադարձություններին վերաբերող հարցման արդյունքները։

Հիշեցնենք՝ մենք առանձնացրել էինք 25 տնտեսական իրադարձություն, և առաջարկել էինք, որ ընթերցողներն իրենք որոշեն կարևորագույնները՝ օնլայն քվեարկության միջոցով։ Այդ արդյունքների (յուրաքանչյուրի ստացած միավորների) հիման վրա կազմել ենք տարվա տնտեսական իրադարձությունների TOP-10-ը։

 

     1. Կառավարության և վարչապետի փոփոխություն (147 միավոր)

Ձայների մեծ առավելությամբ՝ տարվա կարևորագույն տնտեսական իրադարձություն է ճանաչվել ՀՀ կառավարության և վարչապետի փոփոխությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա հայտարարեց, որ երկրի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ, և ինքը որոշել է հրաժարական տալ ու նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել երկրի ախագահին:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով մինչ այդ աշխատում էր «Գազպրոմբանկում»՝ որպես առաջին փոխնախագահ։ Կարեն Կարապետյանը կաբինետը համալրեց բիզնես ոլորտից տեղափոխված մարդկանցով (Իգնատի Առաքելյան, Աշոտ Մանուկյան, Լևոն Ալթունյան, Վահան Մարտիրոսյան, Վարդան Հարությունյան)։ Նրա կառավարությունը շատերը համարեցին «տեխնոկրատների» կառավարություն։

 

     2. Իրանական գազի տարանցում Վրաստան (98 միավոր)

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման մասին խոսակցությունները վաղուց կային, սակայն առավել ակտիվացան 2016-ի սկզբին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո։ Դեռևս նախկին կառավարության օրոք՝ 2016 թվական օգոստոսի 4-ին, որոշում ընդունվեց ստեղծել «Էներգաիմպեքս» 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն, որը կունենա Իրանից գազ եւ էլեկտրաէներգիա գնելու եւ այն այլ երկրներ տարանցելու իրավունք։ Նոյեմբերի 29-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության Իրան կատարած այցի  շրջանակներում նախաստորագրվեց է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ՝ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Թեման թարմացավ նաև դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ՀՀ կատարած այցելության ընթացքում։ Այսինքն, դեռ փաստացտ գազ չենք տարանցել, սակայն գործընթացի մեկնարկը տրված է։

 

     3. Արագաչափերի և կարմիր գծերի փոխանցումը պետությանը (94 միավոր)

Նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ասաց՝ «ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից»: Նա հանձնարարեց կառավարությանը՝ 10-օրյա ժամկետում համապատասխան բանակցություններ վարել և որոշումներ կայացնել այս հարցով՝ հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը:

 

     4. ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ից ազատումը (93 միավոր)

Այս տարվա փետրվարի սկզբին ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին։

Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում ՀՀ-ը չի ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։

Փետրվարի 24-ին հարցին անդրադարձավ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Նա հայտարարեց, որ գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Սակայն, նրա տեղեկացմամբ, 2017թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին, քանի որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել։

Սակայն մինչև 2017-ը սպասելու կարիք չեղավ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 16-ին հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով Եվրասիական տնտեսական միությունից մեքենաներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկի գանձումը վերացավ։

 

     5. Բանկերի միաձուլումները (92 միավոր)

2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ԿԲ-ն փոխեց առևտրային բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Գործող բանկերը պետք է մինչև 2017թ. հունվարի 1-ը բավարարեին այս պայմանին։ Այլընտրանքը կա՛մ ձուլվելն էր այլ բանկի հետ, կամ բանկի կարգավիճակից հրաժարվելը։

Միաձուլման առաջին գործարքների մասին հայտնի դարձավ դեռ 2015-ի դեկտեմբերին, սակայն դե-յուրը դրանք տեղի ունեցան 2016-ի ընթացքում։

Նախ, 2015-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ «Հայէկոնոմբանկը» իրեն է միացնում ղազախական ԲՏԱ-Հայաստան բանկը (տեղեկությունը հաստատվեց Սուքիասյանների ընտանիքի կողմից)։ Գործարքն ավարտվեց օգոստոսի 24-ին, երբ ԿԲ-ն ուժը կորցրած ճանաչեց ԲՏԱ-Հայաստան բանկի լիցենզիան։

Հաջորդը «ՊրոԿրեդիտ Բանկն» էր։ 2015-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ «ՊրոԿրեդիտ Բանկը» ձեռք է բերվում «Ինեկոբանկի» կողմից (2016-ի մայիսի 10-ին ԿԲ-ն  ուժը կորցրած ճանաչեց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան)։

Ձեռք բերվող հաջորդ բանկը, շատերի համար զարմանալի կերպով, դարձավ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկը՝ կլանվելով «Արդշինբանկի» կողմից։  2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։

Իսկ 2016 թվականի նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանում «Արարատբանկին»։ ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 20-ին առաջ հայտարարեց, որ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկի» (Պահպանվող Բանկ) և «Զարգացման հայկական բանկի» (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

Այսպիսով, Հայաստանյան առևտրային բանկերի թիվը պակասեց 4-ով և բանկային ոլորտը 2017 թվականը կդիմավորի 17 բանկով։

 

    6. Գազի գնի նվազումը (87 միավոր)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության՝ իր վարած առաջին իսկ նիստում հանձնարարեց պետական կառույցներին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնել, «մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես, վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը»:

Նոյեմբերի 2-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր նվազեցնել սակագները՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի գազ սպառողների համար, ինչպես նաև՝ սահմանել է 3 նոր սպառողական խմբեր (սոցիալապես անապահով խավ, ջերմոցային տնտեսություններ և վերամշակող ընկերություններ), որոնց համար կսահմանվի է՛լ ավելի ցածր սակագին (առավել մանրամասն՝ այստեղ

ՀԾԿՀ-ն նոյեմբերի 25-ի նիստում հաստատեց նոր սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից։

Շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ «Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց նվազեցնել սակագինը։ Ըստ վարչապետի՝ ընկերությունն այդ կերպ փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա, բիզնեսը հնարավորություն ունենա աշխատել:

Ինչ վերաբերում է սակագների նվազեցման հետևանքով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքին, նշվում է, որ գումարների չորս աղբյուր կա` Վրաստանի տարածքով գազի տրանզիտի գնի նվազում, սակագների նվազման արդյունքում գազի սպառման աճ, ֆինանսական ծախսերի օպտիմալացում և վարկերի նվազեցում, «Գազպրոմ»-ի կողմից՝ ֆինանսական ռիսկերի չեզոքացում։

 

     7. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը (81 միավոր)

2016 թվականի նոյեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:

Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

 

     8. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումները (77 միավոր)

2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: Դրանից առաջ նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թվականի ընթացքում սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7-րդ նվազեցումն էր։

2015թ դեկտեմբեր – 2016թ հունվարին այն 8.75 տոկոս էր։ Իսկ 2015 թվականի փետրվարից մինչև օգոստոս պահպանվում էր չափազանց բարձր մակարդակի՝ 10.5%-ի վրա։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր 2014 թվականի դեկտեմբերի փոխարժեքային շոկի հետևանքով։ ԿԲ-ն մոտ 9 ամիս չէր նվազեցնում այն, և առաջին անգամ նվազեցրեց 2015 թվականի օգոստոսին՝ 10.5%-ից նվազեցնելով մինչև 10.25%։

Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկավորում է առևտրային բանկերին։ Դրա նվազեցումը, շատ պարզ ասած, նշանակում է փողի էժանացում, որը որոշ ժամանակ անց հանգեցնում է վարկերի տոկոսադրույքների նվազման, ինչն, իհարկե, նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Զարմանալի չէ, որ կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելո՞ւ են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան՝ ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն:

 

     9.  Հայկական սմարթֆոնների թողարկումը (76)

Այս տարվա հունիսին վաճառքում հայտնվեցին հայաստանյան արտադրության Armphone սմարթֆոնները և Armtab պլանշետները։ Արտադրողը Technology & Science Dynamics (TSD) ընկերությունն է։ Չնայած քննադատություններին, որ այս սարքավորումների դետալների չնչին մասն է հայկական, Armphone-ը և Armtab-ը մեծ իրարանցում առաջացրեցին շուկայում։

ԱՎԾ տվյալներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արտադրվել է 1588 հատ պլանշետ և 1195 հատ բջջային հեռախոս։

Դեկտեմբերի կեսին վաճառքում հայտնվեց հայաստանյան արտադրության առաջին smart (խելացի) ժամացույցը՝ TSD Flex-ը։

Ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ սարքավորումների արտադրությունը հասցնել 4000-ի։ Միաժամանակ, TSD-ն սկսել է սմարթֆոնների և պլանշետների փորձնական վաճառքները արտերկրում` Ռուսաստանում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, Ֆրանսիայում և Իրանում։

 

     10. Արևային էներգիայի գնման սակագնի բարձրացումը (72 միավոր)

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 16-ին որոշում ընդունեց արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։ ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը դա «պատմական որոշում» համարեց։

Խոսքն այն մասին է, որ ՀԾԿՀ-ն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 42.645 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։ Մինչ այժմ, վերականգնվող էներգիայի ռեսուրսների կայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը 26.5 դրամ/կՎտժ էր։

Այս որոշմամբ պետությունը, փաստորեն, երաշխավորում է, որ ՀԷՑ-ը 20 տարի ամբողջությամբ կգնի 150-1000 կՎտ հզորություն ունեցող արևային էլեկտրակայանների արտադրած էներգիան՝ շատ ավելի բարձր գնով։

Այսինքն, սրանով պետությունը շահագրգռում է արևային էներգետիկայի զարգացմանը, ինչը կարող է աշխուժություն մտցնել այս ոլորտում։

* * *

Մեզ համար բավական զարմանալի էր, որ ընթերցողների քվեարկության արդյունքում՝ Հարկային օրենսգրքի ընդունումը դուրս մնաց կարևորագույն իրադարձությունների առաջին տասնյակից։ Այն հավաքել էր 54 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը։

Մնացած տնտեսական իրադարձությունները բաշխվել են հետևյալ կերպ.

12. Նոր բանան ներկրողների մուտքը շուկա` 52 միավոր,
13. Օֆշորային սկանդալը (Պանամայի ցուցակը)` 45 միավոր,
14. Բավրայի նոր մաքսակետի բացումը` 43 միավոր,
15. Պետական բյուջեի եկամուտների թերակատարումը` 43 միավոր,
16. 10 մլն դոլարի ներդրումը Codefights ստարտափում` 42 միավոր,
17 Yandex տաքսիի մուտքը հայաստանյան շուկա` 34 միավոր,
18. Աշտարակ կաթի սնանկացումը՝ 32 միավոր,
19. Menu.am-ի մուտքը բելառուսական շուկա՝ 30 միավոր,
20. Վերին Լարսի անցակետի երկար ժամանակով փակումը՝ 29 միավոր,
21. Ամուլսարի հանքի աշխատանքների մեկնարկը՝ 23 միավոր,
22. Հովիկ Աբրահամյանի՝ մոնոպոլիաների դեմ պայքարը՝ 21 միավոր,
23. Նյու Յորքում անցկացված ներդրումային ֆորումը՝ 21 միավոր,
24. FAST Foundation-ի հիմնադրումը՝ 20 միավոր,
25. Վերահսկիչ պալատ – Ձեռնարկությունների ինկուբատոր – Picsart կոնֆլիկտը՝  19 միավոր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։