Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական աճի գաղտնիքը թաքնված է Սահմանադրականության մեջ. Հայկ Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 28 Հուլիս 2017

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը համոզված է՝ Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիքը սահմանադրականության բարձր մակարդակն է։

Հայկ Սարգսյանի հետ մեր զրույցը, այսպիսով, ոչ միայն և ոչ այնքան տնտեսության մասին է, որքան սահմանադրականության, և տնտեսության վրա դրա ազդեցության մասին։

* * *

Պրն Սարգսյան, սկսենք ամենաթարմ տնտեսական ցուցանիշներից։ 2017 թվականի հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն ամփոփվել են և գրանցվել է տնտեսական ակտիվության 6.2% աճ։ Ի՞նչ է ասում Ձեզ այս թիվը, և ի՞նչ արդյունքով կամփոփենք 2017 թվականը։

– Մի քանի ցուցանիշներ կան, որոնք իսկապես լավատեսության հիմքեր են ստեղծում, օրինակ, նույն 6.2% տնտեսական ակտիվության աճը։ Կարծում եմ՝ տարին կեզրափակենք ավելի լավ, քան պլանավորված էր բյուջեով. 3.2%-ի փոխարեն՝ աճը կլինի 4%-ի շրջակայքում։

Լավատեսությանս հիմքը նախ՝ վստահության մթնոլորտն է, որը կցանկանայի, որ առավել թափ առներ և լիներ շարունակական, ու նաև` կառավարության ծրագրով ստեղծված աճի  նախադրյալները։ Չեմ ուզում թվերով շատ ծանրաբեռնել, բայց մեխանիզմների բարելավման առումով կառավարության ծրագիրն իսկապես տնտեսական աճի ու զարգացման հնարավորություններ է ընձեռում, և միջնաժամկետ ծախսերի ծրագրում դրանք արդեն ամրագրվեցին կոնկրետ թվերի տեսքով։

Մեխանիզմների մասով կարող եմ առանձնացնել, օրինակ, ներդրումային հիմնադրամի գաղափարը, որն առկա էր ծրագրում: Սակայն դա չպետք է սոսկ հռչակվի և մնա թղթի վրա։ Ներդրումային հիմնադրամի ձևավորումն ու գործունեությունը պետք է դառնա ռեալ գործընթաց: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս առումով արդեն կոնկրետ քայլեր են կատարվել. Կենտրոնական բանկը ձեռնարկել էր տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը այս տարվա օգոստոսին վերակազմավորվեց որպես ներդրումային հիմնադրամ։ Հիմնադրամը թույլ կտա սկզբունքորեն այլ կառուցակարգերով միջոցներ հավաքագրել ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրից, այդ թվում՝ շատ փոքր գումարներով, հստակ ծրագրերի համար, և դա կարող է տնտեսության համար լուրջ շարժիչ ուժ դառնալ։ Նշեմ նաև, որ ներդրումային հիմնադրամը գործում է բանկային ռեժիմներից էապես տարբերվող մեխանիզմներով, ինչը տվյալ պարագայում շահեկան է։

Օտարերկրյա ներդրումները, Ձեր կարծիքով, հայտարարված չափո՞վ կլինեն։ 830-840 մլն դոլար՝ այս տարի, և 3.4 մլրդ դոլար՝ 5 տարվա ընթացքում։

– Կարծում եմ՝ այո, գուցե և փոքր շեղումներով, կլինեն, և տնտեսական աճի աղբյուրը հենց ներդրումներն են լինելու։ Նկատի ունեմ ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլ նաև ներքին ռեսուրսները։ Ներդրումները պարտադիր պետք է լինեն, որովհետև դրա այլընտրանքը չկա։ Մենք՝ տնտեսագետներս, լավ գիտենք, որ մեր տիպի երկրները 5-7% տնտեսական աճ ապահովելու համար պարտավոր են ՀՆԱ-ի մինչև 1/4-ի չափով ներդրումներ ապահովել։ Մեր պարագայում՝ մոտ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի դեպքում, տարեկան 2-2.5 մլրդ դոլարի ներդրումներ պետք է լինեն։ Ինչ էլ անենք՝ այս խնդիրը պետք է լուծենք։

Պետք է, բայց ինչպե՞ս։

– Չեմ խոսի ամենատարբեր միջավայրերի բարելավման և այլ գործոնների մասին։ Կասեմ ամենակարևորը՝ պետք է բարձրացնել սահմանադրականության մակարդակը երկրում։

Ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում երկարաժամկետ կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն առաջիկա տարիներին ընթանալու է երկու խումբ սահմանափակումների պարագայում: Սահմանափակումների առաջին խումբը մեզ պարտադրված փաստացի պատերազմական իրավիճակն ու ցամաքային մասնակի շրջափակումն է։ Այս սահմանափակումները ես դիտարկում եմ՝ որպես յուրօրինակ տրանսակցիոն ծախսեր, որն, ի դեպ, լրացուցիչ բեռ է նույն բիզնեսի համար: Համոզված եմ, որ դրա հաղթահարումը տնտեսության առավել նպաստավոր կառուցվածքային տեղաշարժերի մեջ է, ինչն առանձին քննարկման թեմա է:

Իսկ երկրորդ խումբը սահմանադրականության ակնհայտ դեֆիցիտն է։ Իհարկե, դա միայն մեզ չի բնորոշ: Տարբեր երկրներում այն տարբեր չափով է արտահայտվում։ Նկատենք, որ այդ դեֆիցիտի կրճատումն առավելապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետությամբ։ Սրա գիտակցումն ամենագլխավորն է:

Ի՞նչ ասել է՝ սահմանադրականություն և սահմանադրականության դեֆիցիտ։

– Խոսքը Սահմանադրության մեջ ամրագրված նորմերի և դրանց կիրարկման մասին է։ Եթե Սահմանադրության նորմերը պատշաճ ձևով կյանքի չեն կոչվում, ապա ունենք սահմանադրականության դեֆիցիտ։ Այդ դեֆիցիտը տարբեր երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում, տարիների ընթացքում մշտապես առկա է եղել՝ իհարկե, տարբեր չափով։ Հենց այդ դեֆիցիտն է մարդկանց վստահության ու լավատեսության ինչ-որ չափով կորստի պատճառը, որն էլ հանգեցնում է նրանց վարքագծային բոլոր բացասական հետևանքներին` անտարբերություն, քաղաքացիական և սոցիալական ակտիվության պակաս, աննախաձեռնողականություն և այլն:  Եվ այսօր ամենակարևոր  խնդիրն այդ դեֆիցիտի կրճատումն է, որովհետև այստեղ է թաքնված սոցիալ-տնտեսական առաջընթացի երաշխիքը։  Սահմանադրականության բարձր մակարդակն իրապես կարող է ստեղծել բավարար նախապայմաններ՝ բարձր տնտեսական աճ և տնտեսական զարգացում ապահովելու համար։

Այսինքն, մեր երկարաժամկետ տնտեսական աճի գաղտնիքը թաքնված է Սահմանադրության մե՞ջ։

– Սահմանադրականության մեջ, և ոչ թե՝ Սահմանադրության։ Այսինքն՝ ինչպես են երկրի Սահմանադրության մեջ ամրագրված նորմերն իրականում կյանքի կոչվում։ Կառավարության «ռադարային էկրանի» վրա պետք է լինեն Սահմանադրականության վիճակի բնութագրիչները:

Սահմանադրության մեջ պարունակվող ամենատարբեր նորմերը` տնտեսական, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, քաղաքական, և այլն, պետք է կենսունակ լինեն և առավելագույնս իրագործվեն։

Սահմանադրականության հիմնախնդիրը պարզաբանեմ կոնկրետ նորմերից մեկի օրինակով։ Սահմանադրության 200-րդ հոդվածն ասում է, որ  ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը։ Նախկինում որպես նորմ՝ գնաճի զսպումն էր։ Այսինքն՝ ֆինանսական կայունության ապահովումը դարձավ սահմանադրական նորմ, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց ու տնտեսավարող սուբյեկտների սպասումների վրա: Սա հարյուրավոր նորմերից ընդամենը մեկն է։ Կան այլ նորմեր՝ կապված պատշաճ կենսամակարդակի, աշխատանքի, կրթության, ֆիզիկական, մտավոր ու կորպորատիվ սեփականության իրավունքների, ազատ մրցակցության հնարավորության և այլ սոցիալ-տնտեսական նորմերի հետ։ Իրավական և ժողովրդավարական ոլորտից՝ անկախ դատաիրավական համակարգի, քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի  և այլնի վերաբերյալ նորմերը։ Նորմերի այսօրինակ հավաքածուների կամ, այլ կերպ՝ ինդիկատորների միջոցով հնարավոր է բնութագրել կոնկրետ երկրում սահմանադրականության մակարդակը:

– Սահմանադրականության դեֆիցիտը, փաստորեն, արգելակում է մեր տնտեսական աճը։ Ինչպե՞ս, ի՞նչ չափով։

– Դա հենց ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այսօր դեռևս բացակայում են իրավական կարգավորումների տնտեսական հետևանքների գնահատման արդյունավետ մեխանիզմները։ Ավելի պարզ, եթե մենք չգիտենք, թե Սահմանադրության այսինչ նորմի ոչ պատշաճ կիրարկումն ինչպես և ինչ չափով է ազդում տնտեսության վրա, կարգավորումների վերաբերյալ բավարար լուծումներ չենք ունենա: Մինչև այդ մեխանիզմները չստեղծվեն և այդ հետևանքները չգնահատվեն, մենք չենք կարողանալու առանձնացնել առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները, որի հետևանքով էլ սոցիալ-տնտեսական ոլորտում չենք ունենալու պոտենցիալ հնարավորությունների լիարժեք  գործադրում։

Օրինակ, տարբեր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հռչակվում էին տարբեր թեզեր՝ այս կանենք կամ այն։ Որևէ մեկը չի փորձել գնահատել, թե ինչպիսին կլիներ վնասը կամ օգուտը, եթե այդ թեզերը կյանքի կոչվեին։ Չեմ ուզում քաղաքական ենթատեքստ հաղորդել, բայց, իրոք, կային վտանգավոր թեզեր, որոնք կարող էին խարխլել մեր տնտեսական համակարգն ու կայուն զարգացման հիմքերը։ Ավելին, կարծում եմ, մեր պառլամենտում արդեն ընդունված առանձին օրինագծեր վնասակար են եղել հասարակության համար…

Սահմանադրականության մակարդակը չափելի՞ է։ Հնարավո՞ր է համեմատություն անցկացնել տարբեր երկրների սահմանադրականության մակարդակների միջև։

– Այո, և մենք արդեն ունենք որոշակի մեթոդիկայով առանձին գնահատումներ։ Եթե փորձենք տարբեր ինդիկատորների միջոցով ներկայացնել սահմանադրականության մակարդակը, կարելի է խմբավորել այսպես՝ իրավունքի գերակայության նորմեր և կայուն զարգացման նորմեր։ Մասնավորաբար, այս երկու ամփոփ բաղադրիչներով մենք կարող ենք խոսել սահմանադրականության մակարդակի մասին կոնկրետ երկրում։ Դա էր մեր նպատակներից մեկը, երբ ստեղծվեց Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը։

Կենտրոնի հիմնական նպատակը, եթե մեկ նախադասությամբ ասեմ, տնտեսաիրավական կարգավորումների և դրանց հետևանքների գնահատման մեխանիզմների մշակումն է ու դեֆիցիտի կրճատման գործընթացների կառավարումը։ Բնական է, պետք է նախ՝ դեֆիցիտի մակարդակը բացահայտվի, պետք է տեսնենք՝ որոնք են «նեղ տեղերը», և որո՞նք են սահմանադրականության «լոկոմոտիվ» նորմերը, որոնց վրա պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել։

Գնահատման մեթոդիկայի ստեղծումը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել սահմանադրականության ախտորոշման խնդիրը, այլև կառավարել երկրում դրա դեֆիցիտի հաղթահարման գործընթացը։ Այսինքն, ոչ միայն խնդիրը բացահայտել, այլ նաև տալ լուծումները։ Դրա համար էլ սահմանադրականության հիմնախնդրի մասին խոսելիս մենք առանձնացնում ենք հետևյալ երեք բառերը՝ ախտորոշում, մշտադիտարկում և կառավարում։

– Դուք խոսում եք սահմանադրականության մասին, իսկ երբեմներբեմն, հատկապես ընդդիմությունը, հարց է բարձրացնում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Արդյո՞ք սա չէ խնդիրների լուծման արմատական ուղին։

– Հարցադրման հեղինակներն իրավացի են, բայց ի՞նչ առումով։ Եթե առաջընթացի տեսլականը դիտարկվում է համակարգային փոփոխությունների հարթությունում, ապա գործ ունենք առավել սահմանադրականացման պահանջի հետ։ Համակարգային փոփոխություններ պահանջելով մարդիկ ուզում են առավելագույնս իրականացված տեսնել մեր սահմանադրության մեջ ամրագրված, դիցուք, առաջին հոդվածի դրույթները՝ ունենալ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Այսպիսով սահմանադրականացումն ու համակարգային փոփոխություններն ուղղորդվում են գրեթե նույնական խնդիրների լուծմանը։

– Ձեր վերջին հրապարակումներից մեկը, որը համահեղինակությամբ է, վերնագրված է «Սահմանադրականություն.ախտորոշում, մշտադիտարկում, կառավարում»։ Ի՞նչ է այն պարունակում։

– Դա իրականացվել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի» համագործակցությամբ։ Գիտական մշակումների ներկա փուլը ներառում է սահմանադրականության մակարդակի ախտորոշման, մշտադիտարկման և կառավարման եղանակների ու գործիքների ստեղծումը։ Այն գործադրվել է տարբեր երկրների ու դրանց խմբերի կտրվածքով։ Հետազոտությունների ամփոփումից ու ամբողջականացումից հետո մեր կենտրոնում կունենանք արտահանելի գիտական արդյունք հասարակագիտության ոլորտից։ Դրան են ուղղված մեր ջանքերը։

– Մարդիկ ասում են, որ առանց նման հետազոտությունների պարզից էլ պարզ է, որ մինչև չլավացվի մրցակցությունը, չկրճատվի կոռուպցիան, չբարելավվի դատաիրավական համակարգը, մենք կդոփենք տեղում։ Որքանո՞վ է արդարացված գիտական հետազոտությունների պահանջը։

– Իհարկե, իրավացի եք։ Ավելին, թվարկված անհրաժեշտ բարելավումների ցանկը կարելի է շարունակել. բիզնեսի և քաղաքականության տարանջատում, իրավունքի գերակայություն, ինստիտուտների կայացում և այլն։ Այս ամենն ակնհայտ է, բայց սոսկ թվարկումը պարզունակ կլինի։ Բերեմ մեկ օրինակ։ Խնձորի՝ ծառից վայր ընկնելու պատճառը հայտնի է, բայց, երբ այդ նույն խնձորը տեղադրում են օդապարիկում, այն վեր է բարձրանում։ Երկու դեպքում էլ կա գիտական բացատրությունը։ Երկրներում սահմանադրականացման գործընթացները պահանջում են փոխկապակցված բազմաբնույթ խնդիրների համատեղ (այսինքն՝ ցանցային) լուծումներ։ Դրանք անհրաժեշտ է դիտարկել որոշակի ինդիկատորների համախմբով, համաշխարհային զարգացման օրինաչափությունների վերադրմամբ։ Առանց պատշաճ գիտական սպասարկման ու հիմնավորման չի կարելի ակնկալել լուրջ արդյունքներ։ Ի վերջո, պատճառահետևանքային կապերի հանգույցում պետք է բացահայտվեն առաջընթացի խոչընդոտներն ու խթանիչները, դրանց դիրքավորումները և մշակվեն իրավատնտեսական կարգավորումների գործուն մեխանիզմներ։

Կառավարության ծրագրով առաջիկա տարիներին նպատակադրվել է տարեկան միջինը 5% տնտեսական աճ։ Սա՞ է այն առավելագույն նշաձողը, որին Հայաստանը կարող է հավակնել իր սահմանափակման՝ սահմանադրականության ներկայիս դեֆիցիտի պայմաններում։

– Ես կարծում եմ, որ տնտեսական աճի պոտենցիալ հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Մյուս կողմից՝ հասկանում եմ նաև կառավարության զգուշավորությունը՝ ունենալ նշաձող, որը պետք է իրատեսական լինի։ Բայց եթե մենք այսօր աշխատանքի կազմակերպման, ռազմավարական ծրագրերի մշակման և գործադրման առումով հետևողական քայլեր անենք, հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեն։

Օրինակ, բնօգտագործման ոլորտում հատկապես մեծ հնարավորություններ ունենք. ոլորտում կուտակված շատ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն։ Մասնավորաբար՝ Սյունիքի տարածաշրջանում պետք է խտանյութերի պարզ արդյունահանումից անցում կատարել վերջնարդյունքների (հազվագյուտ մետաղների կորզում և այլն)։ Կամ՝ մենք բնավ լիարժեք չենք օգտագործում մեր հողը, մասնավորապես՝ մեր 1,8 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողերը։ Ինքս Թալինի շրջանից եմ, և ամեն անգամ այնտեղ գնալիս՝ ափսոսանք եմ ապրում Աշտարակից Գյումրի տանող ճանապարհի ամբողջ երկայնքով առկա ու չօգտագործվող հողատարածքների համար։ Այդ տարածքները կարելի էր պարզապես այգեստան դարձնել։

Ի՞նչն է խանգարում։

– Կարծում եմ՝ առաջին հերթին՝ խանգարում է վատ գիտակցումը, որ մենք արդե՛ն իսկ ունենք ներդրում՝ հենց այդ հողի տեսքով։ Իսրայելի գյուղատնտեսության օրինակը շատ է բերվում։ Բայց այնտեղ ավելի դժվար է եղել, որովհետև նրանք նախ՝ պետք է այդ հողը ստանային՝ անապատը վերածեին օգտագործելի հողի։ Իսկ մեզ մոտ այդ խնդիրը լուծված է։ Մնում է գործել՝ ապահովել սահմանադրականության բարձր մակարդակ, ներդրումային հոսքի բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ տարածքները յուրացվեն։

Սահմանադրականության և տնտեսության կապի մասին մի բան ավելացնեմ՝ այսօր տնտեսագիտական միտքը եկել է այն համոզման, որ կառավարման ամենաարդյունավետ ձևն ինստիտուտների զարգացումն է։ Ունես լավ ինստիտուտներ՝ ի դեմս, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, և այլն, կունենաս լավ տնտեսություն։ Չունես՝ չես կարողանալու գործադրել աճի պոտենցիալը։

– Տարոն Աջեմօղլուն ինստիտուտների դերը կարևորում է՝ դրանց կայացածություն ըպայմանավորելով ժողովրդավարության մակարդակով։ Օրինակ, Սինգապուրումինստիտուտներն աշխատում են, սակայն ժողովրդավարություն չկա։ Որքանո՞վ է կարևոր ժողովրդավարությունը։ Հնարավո՞ր է ունենալ լավ ինստիտուտներ՝ առանց ժողովրդավարության բավարար մակարդակի։

– Ո՞վ ասաց, որ ժողովրդավարությունը կամ ավտորիտար համակարգն ինստիտուտներ չեն: Այո, տարաբնույթ ինստիտուտներ են: Խնդիրն այլ է՝ մենք ի՞նչ արժեքների ենք դավանում` եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական։ Ցանկալի կլիներ, որ կառավարման ոլորտում ունենայինք եվրոպական մոդելներ:

Ես հետևում եմ Ռուսաստանի տնտեսական անցուդարձին և վերլուծական մտքին։ Վերջին երկու տասնամյակներից առաջինում նրանց մոտ եղել է տարեկան միջինը 7% տնտեսական աճ, երկրորդ տասնամյակում՝ 2007-2016թթ., աճը գործնականում մոտ է եղել զրո տոկոսին։ Ինչի՞ հետևանք է՝ սահմանադրականության ցածր մակարդակի։ Որոշ վերլուծաբաններ, իհարկե, դա պայմանավորում են նավթի գներով, բայց մյուսները կոնկրետ վերլուծություններով ցույց են տալիս, որ անկումն ընդամենը 20-25%-ի չափով է պայմանավորված նավթի գներով։ Անկման հիմնական պատճառը սահմանադրականության ցածր մակարդակն է։

Մեր մեթոդիկան թույլ է տալիս այդ գնահատումը կատարել անցումային երկրների կտրվածքով: Հայաստանը սահմանադրականության ընդհանուր մակարդակի առումով շատ ավելի շահեկան վիճակում է, քան ԵԱՏՄ տարածքի երկրները։ Ե՛վ Ռուսաստանից ենք առաջ, և՛ Ղրղըզստանից և՛ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ուկրաինայից, Ուզբեկստանից ուԱդրբեջանից։ Սակայն մեր նշաձողը սա չէ։ Համեմատության մեջ, եթե այդ երկրներից լավ վիճակում ենք, դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք եղածով։

– 2015 թվականից մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Եթե այդ միության գլխավոր դերակատար Ռուսաստանում սահմանադրականության մակարդակն  ավելի ցածր է, քան Հայաստանում, ապա ինտեգրումը մեզ այդ առումով ի՞նչ է տալու։ Մե՞նք ենք նրանց վրա դրական ազդելու՝բարձրացնելով սահմանադրականությունը, թե՞ նրանք են մեզ ետ տանելու։

– Միմյանց վրա փոխազդելու խնդիրն այլ հարթությունում է: Որքան էլ ԵԱՏՄ ազդեցությունը առանձին գնահատումների համաձայն ոչ նպաստավոր լինի, չենք կարող անվտանգության բաղադրիչը մի կողմ դնել: Ուստի պետք է շարունակել համագործակցությունը քաղաքատնտեսական հարթությունում «և-և» բանաձևով, և շահեկանորեն ինտեգրվել եվրասիական տարածքին և եվրոպական արժեհամակարգին։ Հիշեցնեմ, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հաստատեց, որ Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և որ չստորագրելու պատճառներ չկան։ Սա հենց նշանակում է, որ իշխանությունը առաջնորդվում է «և-և» բանաձևով։

Ռուսաստանում ֆինանսների նախկին նախարար Կուդրինի գլխավորությամբտնտեսագետների թիմ է աշխատում, որը պետք է մշակի Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական քաղաքականությունը՝ ուր են իրենք ցանկանում հասնել 2025 թվականին։ Այդտեղ ներգրավված են երկրի լավագույն տնտեսագետները, այդ թվում՝ Մոսկվայի պետականհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Աուզանը։ Հայաստանում գիտական շրջանակների մասնակցությամբ նման քննարկումներ լինո՞ւմ են։ Կոնկրետ Դուք՝ որպես Մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ներգրավվա՞ծ եք կառավարության հետ համատեղ նման քննարկումներում։

– Իհարկե, մենք նման քննարկումներից զերծ չենք մնում։ Ես նաև Հանրային խորհրդի անդամ եմ, և իմ շատ հարցադրումներ իսկապես կարողանում եմ տեղ հասցնել: Նույն ներդրումային հիմնադրամի խնդիրը ես 4 տարի առաջ ներկայացրել եմ որպես կարևորագույն մեխանիզմ՝ պոտենցիալ հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար։ Այսօր մեր տնտեսագիտական համայնքի և կոնկրետ մեր ֆակուլտետի միտքն ինչ-որ չափով տեղ հասնում է։ Լսելը՝ լսում են, բայց պետք է նաև հետևողական լինեն ռացիոնալ հարցադրումների կենսագործման առումով։

– Դուք մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտեցիք, որ լավատեսորեն եք տրամադրված։Ո՞րն է այդ լավատեսության պատճառը։ Ի՞նչն է փոխվել կամ ի հայտ եկել, որ նախկինում չկար, որ լավատեսություն է հաղորդում։

– Ես կարծում եմ, որ այսօր հանրապետության նախագահն ու վարչապետը միասնական խնդիր են լուծում՝ երկիրն առաջ տանելու ուղղությամբ։ Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն դասավորումները կամ վերադասավորումները, համոզված եմ, որ երկրի կառավարման ընդհանուր համակարգի բարելավմանն ուղղված այդ քայլերը շարունակական կլինեն։  Մենք պետք է կարողանանք Արցախի հետ միասին այս 40 և ավելի հազար քկմ տարածքի վրա մեր պոտենցիալը լավագույնս գործադրել։ Ի վերջո, բոլոր երկրներում այդ «հրաշքները»՝ սինգապուրյան, չինական և այլն, պայմանավորված են եղել սահմանադրականության մակարդակի բարձրացմամբ։ Սա է հիմնասյունը կամ հիմնաքարը։

Իսկ ընդհանուր լավատեսությանս հետ կապված՝ մի դրվագ պատմեմ, որ ավելի պարզ լինի։ Երբ Սահմանադրականության ախտորոշման մասին պրեզենտացիան էի պատրաստում, այդ օրը պատահաբար լրատվամիջոցներից մեկում կարդացի հարցազրույց Արցախում ծառայող 20-ամյա զինվոր Դավիթ Վարդանյանի հետ։ Նա այսպիսի մի միտք էր արտահայտել. «Ես Հայաստանը տեսնում եմ՝ որպես մտավոր, տնտեսական և մշակութային հանգույց։ Այլ մշակույթները հասկանալու և նրանց հետ հարաբերություններ կառուցելու մեր ունակությունը մեզ բացառիկ մրցակցային առավելություն է տալիս և հնարավորություն ընձեռում դառնալ տարածաշրջանի առաջատար»: Այս միտքն ինձ այնքան դուր եկավ, որ հանեցի և դարձրեցի իմ պրեզենտացիայի բնաբան։

Ասեմ, որ ես միայն հետո իմացա, որ այդ 20-ամյա զինվորը Ռուբեն Վարդանյանի որդին է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ