Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կա՞ արդյոք ներգաղթ

Վերադարձ լուրերի բաժին

09:19 , 09 Նոյեմբեր 2018

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ նկատվում են ներգաղթային միտումներ. ավելի շատ մարդիկ են վերադառնում Հայաստան, քան հեռանում են։

Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ իր ելույթում խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Շարունակվում են ներգաղթային միտումները, մայիսի 1-ից մինչև օրս 13 հազարով ավելի մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9 հազարով ավելի է եղել, քան եկածների: Այս տարվա ամռանը, իհարկե, դրական տարբերությունը շատ ավելի մեծ էր, բայց պայմանավորված էր տուրիստական սեզոնով»:

Որքանո՞վ են իրականությանը մոտ ներգաղթային միտումների ակտիվացման մասին հայտարարությունները։

Սկսենք ամենապարզից՝ բնակչության թվից։

ՀՀ Վիճակագրական կոմիտեն (ՎԿ) եռամսյակը մեկ հրապարակում է ՀՀ մշտական բնակչության թիվը։ Ըստ մի քանի օր առաջ հրապարակված ամենաթարմ զեկույցի՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.2 հազար մարդ։

ՎԿ զեկույցներիի հիման վրա անհնար է ճշգրիտ պատկեր ստանալ, թե հեղափոխությունից հետո շարժն ինչպես է եղել, քանի որ, ինչպես նշեցինք, տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ։ Սակայն մենք կարող ենք հոկտեմբերի 1-ի դրությամբ ցուցանիշը համեմատել այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ցուցանիշի հետ։

Այդ համեմատությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի ապրիլի 1-ի համեմատ՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 700-ով։

POP-msht

Հատուկ նշենք, որ ՎԿ-ն բնակչության թիվը թարմացնում է ըստ երկու ցուցանիշների՝ բնական աճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) և միգրացիան (մեկնածների և եկածների թվի տարբերությունը)։ Բնական աճն այս տարի (ինչպես և նախորդ տարիներին) դրական է՝ մի քանի հազարով ավելի շատ մարդ է ծնվել, քան նվազել։ Ու եթե բնական աճի պարագայում ունենք բնակչության թվի նվազում, դա արդե՛ն իսկ վկայում է այն մասին, որ ապրիլի 1-ից մինչ օրս միգրացիայի սալդոն բացասական է՝ Հայաստանից հեռացածներն ավելի շատ են, քան եկածները։ Սակայն կա նաև մեկ այլ՝ ավելի ճշգրիտ գործիք, որը թույլ է տալիս պատկերացում կազմել մարդկանց շարժի մասին։ Խոսքը վերաբերում է ՀՀ սահմանային գրանցումներին՝ ըստ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի (ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների)։ Մենք պաշտոնական վիճակագրության զեկույցներից վերցրել ենք միայն ՀՀ փաստաթղթեր ունեցող անձանց սահմանահատումների տվյալները։

Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան մուտք են գործել 1 483 500 ՀՀ փաստաթղթեր ունեցող անձինք (ենթադրվում է՝ ՀՀ քաղաքացիներ), և Հայաստանից դուրս են եկել 1 525 682 անձ։ Բացասական հաշվեկշիռը՝ – 42 182 մարդ։ Այսինքն, այդքանով ավելի շատ մարդիկ են մեկնել, քան վերադարձել, ինչը նշանակում է, որ հունվար-սեպտեմբերի կտրվածքով ունենք արտագաղթ։

Սակայն այնպես չի, որ ամեն ինչ տխուր է։ 2017թ. հունվար-սեպտեմբերին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ էր՝ -75.3 հազար մարդ։ Այսինքն, տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով ունենք ոչ թե ներգաղթ, այլ արտագաղթի նվազում։

Սակայն դինամիկայի մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար մենք վիճակագրության տվյալները վերածել ենք եռամսյակների և համադրել նախորդ տարվա նույն եռամսյակների հետ։

Ինչպես տեսնում եք, 2018թ. երրորդ եռամսյակում ունեցել ենք ներգաղթ (պայմանական ասած)՝ 8600-ով ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են մուտք գործել Հայաստան, քան ելք արածները։ Սա, իհարկե, ինչ-որ տեղ նաև սեզոնայնությամբ է պայմանավորված, քանի որ տարվա վերջին ՀՀ ժամանումներն ավելանում են, սակայն նախորդ տարվա համեմատ ակնհայտ աճ կա. 2017թ. երրորդ եռամսյակում դրական հաշվեկշիռն ընդամենը 300 մարդ էր։

MIGR-SEP

Այսինքն, կարող ենք ասել, որ նախորդ տարվա համեմատ իրոք դրական դինամիկա ունենք։ Դա, ի դեպ, երևում է նաև երկրորդ եռամսյակի թվերից՝ բացասական հաշվեկշիռը 60.6 հազարից նվազել է մինչև 48.1 հազար։

Սակայն դա միանշանակ կերպով հեղափոխության հետ կապել չի կարելի, քանի որ առաջին եռամսյակների համեմատությունը նույնպես արտագաղթի տեմպի նվազում է ցույց տալիս։

Ավելին ասենք, 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, նույնպես բարելավում կա։ 2016 թվականին Հայաստանից մեկնած ու Հայաստան ժամանած քաղաքացիների հաշվեկշիռը -54 հազար էր, իսկ 2017 թվականին՝ -36.2 հազար։ Դատելով դինամիկայից՝ այս տարի այդ թիվն ավելի կնվազի, ինչը, իհարկե, լավ է։

Սակայն այս տվյալները դեռ հիմք չեն արտագաղթի կամ ներգաղթի մասին խոսելու համար։ Նախ, ավելի ճիշտ կլինի տվյալները համեմատել՝ տարին ամփոփելուց հետո։ Եվ երկրորդ, ներգաղթ նշանակում է՝ ոչ թե պարզապես Հայաստան եկող մարդկանց թվի առաջանցիկ աճ, այլ՝ Հայաստան եկող և այստեղ մնացող մարդկանց թվի աճ։ Այսինքն, պետք է դեռ որոշ ժամանակ սպասել՝ հասկանալու համար՝ այդ մարդիկ մնո՞ւմ են Հայաստանում, թե՞ այնուամենայնիվ որոշում են հետ գնալ այնտեղ, որտեղից եկել են (կամ՝ մեկ այլ երկիր)։ Իսկ այդ մասին հնարավոր կլինի գոնե մոտավոր պատկերացում կազմել հաջորդ տարվա կեսերին, երբ վիճակագրությունը կհրապարակի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ասենք, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։