Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծրագրային պայքարի սպասելիս

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 08 Օգոստոս 2018

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։

Տեսեք, Հայաստանում ընդդիմությունը երբեք կոնցեպտուալ առումով լուրջ այլընտրանք իշխող ուժի վարած տնտեսական քաղաքականությանը չի առաջարկել (բացառությամբ, թերևս, Հրանտ Բագրատյանի ծրագրի): Ընդդիմության հիմնական ասելիքը եղել է հետևյալը՝ իշխանությունը կեղծում է ընտրությունները, թալանում է ժողովրդին, ղեկավարում է դատարաններին, իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ, տնտեսությունն էլ՝ ստվերի։ «Ընտրեք մեզ, մենք օրինականություն կհաստատենք»,- սա է եղել ընդդիմության հիմնական մեսիջը կամ խոստումը։

Իհարկե, նախընտրական ծրագրերում եղել են նաև տնտեսական քաղաքականությանը վերաբերող դրույթներ ու խոստումներ, սակայն եկեք խոստովանենք, որ դրանք եղել են զուտ «պտիչկա» դնելու համար։ Տպավորությունը միշտ եղել է այնպիսին, որ ընդդիմությունը ցանկանում է անել նույն բաները, ինչ իշխանությունը, պարզապես՝ ավելի արդյունավետ ձևով և առանց օրենքը խախտելու։

Ընդդիմության ընդհանուր «տնտեսական բանաձևը», կարելի է ասել, հետևյալն էր. եթե իշխանությունը փոխվի, և օրինականություն ապահովվի, ապա դա կհանգեցնի տնտեսության զարգացմանը, մնացածը (տնտեսական քաղաքականություն և այլն) տեխնիկայի գործ է։

Սակայն այս մոտեցումն այլևս չի աշխատի, այն ժամանակավրեպ և իմաստազուրկ է դարձել։ Որևէ մեկը չի կարող Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին մեղադրել կոռուպցիայի, ապօրինի հարստանալու և այլ հանցանքների մեջ։ Սա նշանակում է, որ Փաշինյանի թիմին մրցակից ուժերը պետք է ավելի լուրջ մոտենան ընտրություններին։ Քննադատությունը պետք է լինի առողջ ու հիմնավորված, ու բացի այդ՝ պետք է ծրագրային լուրջ այլընտրանք առաջարկի իշխանությանը։

Ընտրություններին մասնակցող ուժերը չեն կարող ակնկալել ընտրողների ձայները՝ միայն այն բանի համար, որ իրենք մաքուր են, մյուսները՝ կեղտոտված։ Կամ՝ որ իրենք ավելի փորձառու են ու ավելի հայրենասեր։ Իշխանության ձգտող ուժերը պետք է կարողանան համոզել, որ իրենք ավելի լավ կկառավարեն երկիրը։

Ընդ որում, համոզեն ոչ թե՝ անձերի վրա հիմնվելով, այլ՝ կոնկրետ, երկրի զարգացման սեփական տեսլականը ներկայացնելով, որը պետք է լինի հիմնավորված և իրատեսական։ Կարճ ասած, եկել է ժամանակը՝ սուր ելույթներից ռեալ ծրագրային պայքարի անցնելու, ինչը մտավոր լուրջ պոտենցիալ է պահանջում։ Հռետորաբանությունից անցնելը լուրջ, ինչ-որ առումով նաև՝ գիտական, վերլուծական աշխատանքի, բավականին դժվար գործ է. ՀՀ քաղաքական ուժերը դրան սովոր ու պատրաստ չեն։

Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլև հենց Նիկոլ Փաշինյանի թիմին, որն այսօր փաստացի իշխանություն է։

Ի վերջո, հեղափոխության նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին և նրա համակիրներին իշխանության բերելն էր, այլ նախկիններին փոխելը և նորմալ, արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություններ ձևավորելը։ Իհարկե, անցումային այս փուլում բնական է, որ հենց հեղափոխություն արած ուժը պետք է ստանձներ երկրի կառավարման ղեկը՝ մինչև ընտրությունները։ Սակայն որոշակի պահից սկսած՝ հեղափոխություն արած ուժը նույնպես պետք է փորձի համոզել հասարակությանը, որ հենց ինքն է արժանի հաջորդ 5 տարին երկիրը ղեկավարելու։

«Ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ 15-20 տարի անց և ինչպե՞ս պետք է հասնենք դրան»։ Սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն բոլոր քաղաքական ուժերը (այդ թվում և՝ Նիկոլ Փաշինյանի թիմը) առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Պետք է լինի ոչ միայն տեսլական, այլև քայլերի հաջորդականություն, որոնք երկարաժամկետ կտրվածքով մեր երկրի համար զարգացում կապահովեն։

Այսօր դա չկա։ Գործող իշխանությունը դեռ այդ մասին չի խոսում։ Այն առայժմ շարունակում է նախկին իշխանության տնտեսական քաղաքականությունն ու տրամաբանությունը։ Ասում են, որ այժմ ախտորոշման փուլ է. ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի, վիճակագրության ճշգրտման ու թափանցիկության ապահովման փուլ։ Այսինքն, նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ ունենք այսօր իրականում, հողը քարերից մաքրել, նոր միայն մտածել, թե այդ հողն ինչպե՞ս օգտագործել՝ գործարա՞ն կառուցել, թե՞ այգի։ Ու եթե այգի, ապա ինչի՞ այգի։

Իհարկե, սկզբի համար սա շատ կարևոր է։ Սակայն ընտրություններից առաջ իշխանությունը պետք է արդեն կոնկրետ ծրագիր ներկայացնի։ Սեփակա՛ն ծրագիր, իրատեսական ու հիմնավորված։

Վերադառնալով մյուս ուժերին` նշենք, որ «հնաբնակները» (ԲՀԿ, ՀՅԴ և այլն) նույնպես պետք է վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև վճռորոշ են լինելու ոչ թե՝ փողն ու ներքին պայմանավորվածությունները, այլ՝ նոր գաղափարները։ Թե որքանո՞վ կկարողանան այս ուժերն ադապտացվել նոր իրականությանը, ժամանակը ցույց կտա։ Չի բացառվում ու լավ կլինի, եթե քաղաքական դաշտը համալրվի նոր, թարմ ուժերով` ինտելեկտուալներով համալրված, որոնք կկարողանան մասնագիտական հարթության մեջ լուրջ այլընտրանք ներկայացնել իշխանությանը։

Այսօր կան բոլոր նախադրյալները, որ պոպուլիզմին, փողին ու վարչական լծակներին փոխարինեն գիտելիքը, փորձն ու կրեատիվը։

Սակայն այս ամենին կարող է խանգարել երկու բան։ Առաջինը՝ հասարակության տնտեսագիտական կրթվածության ցածր աստիճանը։ Որքան էլ ցավալի լինի, պետք է խոստովանել, որ մեր հասարակությունը պատրաստ չէ որակյալ քաղաքական պայքարի։ Գոնե նվազագույն գիտելիքներ են պետք, որ մարդը կարողանա տարբերել պոպուլիզմն իրականությունից։

Իսկ երկրորդ խնդիրը, որը պետք է արագ հաղթահարվի, ձևավորված մթնոլորտն է, երբ Նիկոլ Փաշինյանի թիմին ուղղված ցանկացած, թեկուզև՝ օբյեկտիվ ու սրտացավ քննադատություն, հասարակության որոշ շերտերի կողմից արժանանում է հայհոյանքների և վիրավորանքների։ Լինի կադրերի հարցով, տնտեսական կամ արտաքին քաղաքականության հարցով՝ կառավարության տեսակետից տարբերվող ցանկացած կարծիք արժանանում է, լավագույն դեպքում, քննադատության, վատագույն դեպքում՝ լուտանքների, վիրավորանքների կամ հայհոյանքների։ Մինչդեռ ցանկացած իշխանության (թեկուզ՝ ամենաազնիվ և ամենաժողովրդավարական) ընդդիմություն է պետք և առողջ քննադատություն։

Եթե այս ամենը ամփոփենք, կստացվի հետևյալը. գիտակից մարդիկ ակնկալում են ծրագրային պայքար։ Իսկ ծրագրային պայքարի համար նախ պետք է լինեն ծրագրեր, այդ ծրագրերը ներկայացնող ուժեր, և երկրորդ՝ համապատասխան մթնոլորտ, որտեղ նման պայքարը հնարավոր և արդյունավետ կլինի։

Ընդ որում, այս առումով (որքան էլ շատերի համար տարօրինակ հնչի) ամենաէֆեկտիվ օպոնենտը և ընդդիմությունը կարող է դառնալ ՀՀԿ-ն։ երկար տարիներ լինելով իշխանության մեջ՝ ՀՀԿ-ն բոլորից լավ է պատկերացնում, թե ինչ վիճակ է երկրում, և որ քայլերն են իրատեսական։ Այսինքն՝ զուտ ծրագրային, գաղափարական պայքարի դաշտում բավականին հետաքրքիր կլինի ՀՀԿ-ՔՊ դեբատը, եթե, իհարկե, ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին։ Իհարկե, շատերը համարում են, որ ՀՀԿ-ի վարկանիշն այնքան ցածր է, որ անգամ «մաքրվելուց» հետո գերհիմնավորված ծրագիր առաջարկելու դեպքում էլ նրանց համար դժվար կլինի ստանալ ընտրողների փոքր մասի քվեն։ Սակայն, անկախ դրանից՝ ՀՀԿ մասնակցությունից քաղաքական դաշտը միայն կշահի։

Ավելացնենք նաև, որ մինչ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, որը լավ ինդիկատոր կարող է լինել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ու քաղաքական ուժերը որքանով են պատրաստ ծրագրային պայքարի։ Ցավոք, մինչ այս պահը պայքարն ու քննարկումները հիմնականում կենտրոնացած են անձերի վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: