Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր հարկատուների ցանկի «հրաշքները»

Վերադարձ լուրերի բաժին

09:04 , 13 Օգոստոս 2016

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցանկին՝ ընդհանուր գծերով, արդեն անդրադարձել ենք։ Սակայն ցանկն այնքան ծավալուն է, որ դրանում ուսումնասիրության անսպառ նյութ կա։

Մենք ուսումնասիրել ենք 1000 խոշոր հարկատուներից առաջին 200-ի ցուցանիշները։ Դրանք այն ընկերություններն են, որոնք 2016 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել ավելի քան 290 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Պարզ ասած, սրանք Հայաստանի գերխոշոր ընկերություններն են։
Նշենք, որ այս տարվա ցանկում առաջին 200 տեղերը զբաղեցնող ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 261.3 մլրդ դրամ։ 1000 խոշորները միասին վճարել են 347.6 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերը տարվա առաջին կիսամյակում կազմել են 512.6 մլրդ դրամ։ Այսինքն՝ 200 գերխոշոր հարկատուներն ապահովել են ՀՀ հարկային մուտքերի կեսից ավելին։
Իհարկե, բոլորի մոտ փոփոխությունը տարբեր է։ Կան ընկերություններ, որոնց վճարած հարկերի չափն ու դիրքը ցանկում չնչին փոփոխություններ են կրել, կան նաև, որ զգալիորեն նվազեցրել են հարկերը (օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը)։

Մեր դիտարկած 200 ընկերություններից 77-ն այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ հարկ են մուծել, քան նախորդ տարի։ Տոկոսային առումով ամենամեծ նվազումն ունեցել է «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը, որի վճարած հարկերը նվազել են 79.2%-ով՝ 2.8 մլրդ դրամից հասնելով 389 մլն դրամի։
Սակայն կան և այնպիսիք, որոնք հարկերի շեշտակի աճ են ունեցել։ Ոչ թե անգամներով, այլ տասնյակ անգամներով։

Առաջին 200 հարկատուների շարքում մենք առանձնացրել ենք այն ընկերություններին, որոնք տոկոսային առումով ամենաշատ հարկերի աճն են ունեցել (տես աղյուսակը)։

Ուշադրության են արժանի հատկապես առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները։ Նրանց միավորում է մեկ ընդհանուր բան՝ այդ 10-ից ոչ մեկը նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկում չի եղել։

Իսկ ինչպե՞ս ենք հաշվել, թե նրանց հարկերը որքանով են աճել, եթե տվյալները չկան։ Շատ պարզ։ Նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկում ամենից քիչ հարկ վճարած ընկերությունը վճարել էր 46.5 մլն դրամ։ Այսինքն՝ աճի այս չեմպիոնները 46.5 մլն դրամից էլ պակաս են վճարել, այլապես տեղ կգտնեին ցանկում։ Մենք պայմանականորեն նրանց համար որպես համեմատության հիմք՝ վերցրել ենք 46 մլն դրամը և այս տարվա ցուցանիշը համեմատել 46 մլն-ի հետ։ Այսինքն, շատ ավելի հավանական է, որ ընկերությունները նախորդ տարվա առաջին կիսամյակում շատ ավելի քիչ են վճարել կամ ընդհանրապես չեն վճարել։ Այսինքն՝ աճի մեր ցուցանիշն այս նորահայտ ընկերությունների համար շատ ավելի համեստ է, քան իրականում կա։

Ու, ըստ այդմ, շատ ուշագրավ պատկեր է ստացվել։

Տեսեք, առաջին հորիզոնականում է հայտնվել «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունը։ Այս տարվա առաջին կիսամյակում այն պետբյուջե է վճարել 1 մլրդ 361 մլն դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը։
Նախորդ տարվա ցանկում այս ընկերությունը բացակայում է։ Ավելին ասենք, պետռեգիստրի տվյալներով՝ «Ակվիլոն Թրեյդ» ՓԲԸ-ն գրանցվել է 2015 թվականի հունիսին։ Այսինքն՝ շատ հավանական է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում ընդհանրապես հարկեր չի մուծել։

Այս ընկերության անունը ոչ մի տեղ գրանցված չկա: Հնարավոր չէ պարզել՝ ինչով է զբաղվում։ Դատելով անվանումից և այն հանգամանքից, որ վճարված հարկերի մեծ մասը հավաքագրվել է մաքսային մարմինների կողմից՝ կարելի է ենթադրել, որ ընկերությունը զբաղվում է ներմուծումներով։

HARKATU-TOP25

Մի շարք ընկերությունների դեպքում, որոնք նախորդ տարվա ցանկում չկային, որոշ բաներ հայտնի են։ Օրինակ՝ «Սալսա Դիվելոփմենթն» արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող շինարարական ընկերություն է, որը զբաղվում էր կառավարության նոր մասնաշենքի շինարարությամբ։ «Քոնթուր Գլոբալի», «Հրազդան Ցեմենտի» մասին որոշ բաներ գիտենք։ «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթորի» անվանումից կարելի է գլխի ընկնել, որ կապ ունի հանքարդյունաբերության հետ։ Գագիկ Մարկոսյանի  հարցը նախորդ հրապարակումներից մեկում պարզեցինք. ըստ ամենայնի՝ նա ՀԱԷԿ-ի արդեն նախկին տնօրենն է, ով մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։

Սակայն մյուսներն անհայտ են։ Օրինակ՝ «Արմստրուկոմ» ընկերությունը՝ 508.6 մլն դրամի հարկերով, որը գրանցվել է 2015 թվականին։ Կամ ավելի վառ օրինակ՝ «Էս Էմ» ընկերությունը։ Այն գրանցվել է այս տարվա ապրիլին և 327.6 մլն դրամի հարկերով հանգրվանել ցանկի 176-րդ հորիզոնականում։
Իհարկե, շատ լավ է, որ ստեղծվում են նոր ընկերություններ և կարճ ժամանակահատվածում թռիչք ունենում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ, երբ մի քանի ամսվա ընկերությունը մի քանի միլիոն դոլարանոց շրջանառություն է ունենում ու միանգամից դառնում խոշոր հարկատու, այստեղ, մեղմ ասած, մութ կետերը շատ են։

Ու քանի որ կառավարությունը (ինչպես հայտարարվել է) որդեգրել է թափանցիկ գործելաոճի, թաքնված շահերը բացահայտելու, մենաշնորհների ու մյուս արատավոր երևույթների դեմ պայքարելու քաղաքականություն, թերևս ճիշտ կաներ խոշոր հարկատուների ցանկը փոքր-ինչ ձևափոխեր։ Օրինակ, ավելացնել 1-2 աղյուսակ, որտեղ նշված կլինեին այս ընկերությունների շահույթն ու շրջանառությունը, հիմնական գործունեության ոլորտը, հիմնական բաժնետերերին (եթե հնարավոր է) և գոնե 1 կոնտակտային հեռախոսահամար։

Ըստ 168.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը նվազել է 33 մլն դոլարով. Ցուցանիշ, որն ԱՎԾ զեկույցում չեք գտնի

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ստացումները նվազել են 33.4 մլն դոլարով կամ 6.6%-ով