Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր ընկերություններն այլևս չեն կարողանա թաքցնել ֆինանսական հաշվետվությունները

Վերադարձ լուրերի բաժին

12:19 , 17 Մարտ 2018

Իշխանությունն ընդունել է Մանե Թանդիլյանի օրենսդրական նախաձեռնությունը

Մարտի 13-ին, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Հանձնաժողովը նաև որոշեց առաջարկել 2018 թվականի մարտի 20-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել հետևյալ օրենքների նախագծերը՝ 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով։

Նշենք, որ ՀՀ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել այս օրենքների նախագծերին և արել մեկական առաջարկություն, որոնք ընդունվել են։ Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Էդուարդ Շարմազանովն էլ նիստի ավարտին ասել է. «Այնքան լավ նախագիծ են ներկայացրել, որ այլևս կարիք չկա առաջարկություններ ներկայացնելու»: Այսինքն, կարելի է համոզված լինել, որ օրենքն ընդունվելու է, ինչը շատ լավ է: Ոչ բոլորի համար, իհարկե։

Սակայն ամեն ինչ՝ հերթով։

Ֆինանսական թափանցիկության մասին բոլորը միշտ խոսել են, խոսում են և կխոսեն։ Խոսքը ոչ միայն պետական կառույցների թափանցիկության մասին է, այլ նաև՝ խոշոր մասնավոր ընկերությունների։

2011 թվականին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, այս նպատակով ներդրվեց խոշոր ընկերությունների՝ պարտադիր աուդիտ անցնելու իրավական պահանջը։ Այսինքն՝ խոշոր մասնավոր ընկերությունները պարտավոր էին աուդիտ անցնել և հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները։

2014 թվականին՝ արդեն Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, պարտադիր աուդիտի պահանջը հանվեց (նշենք, որ այդ պահանջը հիմա կրկին «վերականդանանում է»), սակայն ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը մնաց ուժի մեջ։

Այսպես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն՝ խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Խոշոր համարվում են այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Նման կազմակերպությունների թիվը մոտ 1000 է։

Սակայն հաշվետվությունները հրապարակելու պահանջը համատարած խախտվում է. խոշոր ընկերություններից քչերն են դրան հետևում։ Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: Այսինքն, խոշոր ընկերությանը ոչինչ չի խանգարում իր հաշվետվության գրքույկ տպագրել՝ 1000 օրինակով, և դա տեղավորել ընկերության չհրկիզվող պահարաններում (գործնականում դժվար է պարզել՝ գրքույկները տարածվե՞լ են, թե՞ ոչ)։

Ու երբ լրագրողը կամ շահագրգիռ որևէ այլ կողմ դիմում է, ասենք, ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող գերխոշոր մի ընկերության ու խնդրում տրամադրել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը (քանի որ համացանցում չի գտել), նրան պատասխանում են՝ ցավում ենք, բայց մենք հաշվետվությունը տպագրել էինք գրքույկների ձևով, և բոլոր օրինակներն արդեն բաժանված են։

Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն գործնական լուծում չէր առաջարկվում, որը թույլ կտար ապահովել օրենքի կիրարկման ապահովումը։

Մանե Թանդիլյանն այս «սողանցքը» վերացնելու համար առաջարկել է օրենքի պահանջի մեջ լրացում անել և սահմանել, որ խոշոր ընկերությունը պարտավոր է իր հաշվետվությունը տրամադրել շահագրգիռ կողմերին՝ 5-օրյա ժամկետում։ Ու չտրամադրելու դեպքում՝ ենթարկել վարչական պատասխանատվության։

Կառավարությունն առաջարկել է ժամկետը երկարացնել՝ դարձնել 10 օր։ Փոխարենը, կառավարության առաջարկով, ավելացվել է նաև հաշվետվությունները պարտադիր կերպով ընկերությունների ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջը։

Սա նշանակում է, որ խոշոր ընկերություններն այլևս չեն կարող ասել՝ ցավում ենք, բայց բոլոր գրքույկները բաժանել ենք։ Կամ՝ թերթում հրապարակել ենք, գնացեք, ինչպես ուզում եք, թերթը գտեք։ Խոշոր ընկերությունը, այս օրենքի ընդունմամբ, օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո տրամադրում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Ու յուրաքանչյուր հարցման ժամանակ օրենքը խախտելը կառաջացնի կլորիկ տուգանք։

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի N 54 արձանագրության 61-րդ կետով հավանության էր արժանացել Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգը, որի շրջանակներում նախատեսվում է մշակել ոլորտների կարգավորման նոր օրենսդրական նախագծերի փաթեթ:

Այսինքն՝ կառավարությունը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է անդրադառնալ նաև ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանն առնչվող հարցերին:

«Ելքն» առաջ է ընկել ու արագացրել այս պրոցեսը։ «Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը չեն հակասում վերոնշյալ հայեցակարգի ընդհանուր տրամաբանությանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծերի հիմնական նպատակը հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հասանելիության ապահովումն է շահագրգիռ անձանց և այլ օգտագործողների համար, առաջարկում ենք խնդրի առավել արդյունավետ լուծման նպատակով փոփոխություններ կատարել ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերում»,- նշված է կառավարության եզրակացության մեջ (խոսքը հենց կայքերում և azdarar.am-ում հրապարակման պահանջի մասին է):

Եթե նախագիծն ընդունվի, ապա արդեն ապրիլի 1-ից խոշոր ընկերությունները կհայտնվեն նոր իրավիճակում և չեն կարողանա «ցրել» իրենց գործունեությամբ հետաքրքրվողներին։

Բնականաբար, այս նախագիծը նրանցից շատերի սրտով չի լինելու, բոլորը չէ, որ ցանկանում են թափանցիկ աշխատել։ Այս առումով, բավականին հետաքրքիր կլինի հետևել՝ ով է դեմ արտահայտվելու այս նախագծին։

Ավելացնենք նաև, որ այս նախագիծն անուղղակիորեն հարվածելու է տպագիր լրատվամիջոցների շահերին, որովհետև հաշվետվությունները վճարովի հիմունքներով իրենց մոտ չեն հրապարակվելու։ Կարող են տեսակետներ հնչել, որ այս օրենքի ընդունմամբ Azdarar.am-ն է մոնոպոլ դիրքում հայտնվում և եկամուտներ գեներացնում, սակայն, որքանով մեզ հայտնի է՝ ընկերությունների տարեկան հաշվետվությունները Azdarar.am-ում հրապարակվելու են անվճար։

Այնպես որ, մոտ ապագայում տնտեսական լրագրողներն ու ընթերցողները մեծ ծավալով հետաքրքիր նյութերի հումք կստանան՝ հնչեղ անուններով անձանց պատկանող ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների տեսքով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ