Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Խոշորացման ճիշտ իրագործումն այն կարող է դարձնել ՀՀ ամենահաջողված բարեփոխումը»,- Սուրեն Պապիկյանի հարցազրույցն Արմենպրեսին

Վերադարձ լուրերի բաժին

13:23 , 22 Փետրվար 2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխարեն կստեղծվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նոր ստեղծվելիք գերատեսչության գործառույթների, կառավարության ծրագրում տարածքային կառավարման վերաբերյալ կետերի և այլ թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

– Պարո’ն Պապիկյան, կառավարության նոր կառուցվածքի առաջարկվող նախագծով ձեր ղեկավարած գերատեսչության անվանման մեջ «զարգացման» բառը կփոխարինվի «ենթակառուցվածքների» բառով: Գործնականում ի՞նչ փոփոխություն է սա ենթադրում կոնկրետ ձեր և նախարարության գործառույթներում:

– Եթե այսօր շրջանառվող նախագիծը փոփոխությունների չենթարկվի, ապա նախարարությունը կկոչվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Ասում եմ, քանի որ քննարկվելու է դեռևս նախարարական կոմիտեում, այնուհետև տեղափոխվելու է Ազգային ժողով, և քննարկումների մի նոր փուլ է անցնելու: Ենթադրվող նախարարությունն իր մեջ ներառելու է տարածքային կառավարման ոլորտը, Ջրային պետական կոմիտեն, Պետգույքի կառավարման կոմիտեն, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտ և ճանապարհաշինություն հատվածը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Նոր մոդելով մենք ունենալու ենք տարածքային կառավարումը և բոլոր ենթակառուցվածքներն իր մեջ ընդգրկող նոր գերատեսչություն:

– Ի՞նչ խնդիր է լուծում այս փոփոխությունը:

– Մեր պետական կառավարման համակարգում հաճախ կրկնվող գործառույթներ ունենք: Հաճախ տարբեր գերատեսչություններ նույն բանը կատարող ստորաբաժանումներ ունեն, որի առկայությունը ճիշտ չենք համարում: Նաև այդ բազմաֆունկցիոնալ ու կրկնվող գործառույթներով նախարարություններին պետք է փոխարինելու գան նախարարություններ, որոնք հստակ գիտեն` ինչով են զբաղվում: Այսինքն` այդ լղոզվածությունը, երբ հաճախ խնդիրը կա, լուծողները, նույնիսկ, շատ են, երբեմն դժվար է գտնել, թե ով պետք է դա լուծի, որովհետև պատասխանատուն հստակ չէ: Այս պարագայում մենք կունենանք հստակ պատասխանատուներ, և կիմանանք` ումից ենք պահանջում, և ում առջև ենք դնում խնդիրը:

– Այս փոփոխությունների հետևանքով կրճատումներ չե՞ն լինելու:

– Կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները, բնական է, կկրճատվեն, բայց նախնական փուլում այսպիսի նպատակ կա, որ տեղի ունենա միավորումը, այնուհետև կրճատումն ու փոփոխությունները կատարվեն հընթացս: Հաշվի են առնվելու տվյալ մասնագետների որակները: Չեմ բացառում, որ կունենանք քննություններ, որոնց արդյունքում կհասկանանք, թե որ մասնագետը որքանով է համապատասխանում պետական կառավարման համակարգին: Նաև համակարգին նոր կադրերով համալրվելու հնարավորություն պետք է տանք:

– Փետրվարի 14-ին Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որում տարածքային կառավարման վերաբերյալ հատվածում նշված է, որ կվերանայվեն մարզպետարանների կազմակերպական կառուցվածքները: Ինչպիսի՞ վերանայումների մասին է խոսքը, և արդյոք այս համատեքստում հնարավոր են նաև մարզպետարանի ղեկավար համակարգի օպտիմալացումներ:

– Վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչներ փորձում են այդ գործընթացի նախաձեռնողի դերում հանդես գալ: Իրականում, սա սկսվել է հոկտեմբեր-նոյեմբերին: Ես, ամռանը մարզերում, համայնքներում լինելով, հասկացել էի, որ մարզպետարանների ուռճացված, լճացած համակարգը նույնպես փոփոխության կարիք ունի, և սկսած նոյեմբերից՝ մենք խորհրդատվական մի ընկերության հետ ձեռնարկեցինք ուսումնասիրություն Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում, և արդեն ունենք պատկեր` ինչպիսին պետք է լինի նոր մարզպետարանի կառուցվածքը: Այդ ընթացքում կրճատվելու են նաև փոխմարզպետների հաստիքները: Այս պահին մեր մարզպետարանների զգալի մասում՝ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում արդեն կա մեկ փոխմարզպետ: Մենք դեռ պետք է հասկանանք` հնարավոր է արդյոք մեկ փոխմարզպետի առկայությամբ բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները դնել մեկի վրա ու արդյունք ապահովել: Մեր հիմնական նպատակը ոչ թե անձանց կրճատումն է, այլ արդյունք ապահովելը: Իհարկե, այստեղ նաև ֆինանսի խնայման խնդիր կա:

– Համայնքների խոշորացման ծրագրի մասին խոսելիս արդեն տարիներ շարունակ նշվում է, որ պետք է փորձարկել դրա արդյունավետությունը: Ի վերջո, եթե այժմ հետ հայացք նետենք, որքանո՞վ է արդյունավետ կամ անարդյունավետ համայնքների խոշորացումը:

– Ես կարծում եմ, որ խոշորացումը խիստ արդյունավետ գործընթաց է, և ճիշտ կատարելու պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի վերջին շրջանի ամենահաջողված ու արդյունավետ բարեփոխումներից մեկը: Մենք այստեղ խնայում ենք միջոցներ, նաև տնտեսական որոշակի ակտիվություն ենք կարողանում հաղորդել համայնքներին: Ութ ամսվա ուսումնասիրությունների արդյունքում ես հանգել եմ այն եզրակացության, որ հետագա խոշորացումը պետք է լինի համայնքի բնակիչների հետ համաձայնեցված, նրանց հետ քննարկումների արդյունքում միայն: Այդ պարագայում մենք կունենանք հաջողված, խոշորացված համայնքներ:

– Կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում տնտեսական հեղափոխության մասին խոսելիս անընդհատ ընդգծվում էր այն հանգամանքը, որ տնտեսական հեղափոխության իրականացմանը պետք է աջակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, օրինակ` ՀԴՄ կտրոն պահանջելով: Այս տրամաբանությամբ ինչպե՞ս ՀՀ քաղաքացին պետք է մասնակցի իր համայնքի զարգացման գործընթացին:

– Տնտեսական հեղափոխության իրականացման շրջանակներում գիտենք, որ տարեկան մինչև 24 մլն դրամ ֆինանսական շրջանառություն ունեցող փոքր ձեռնարկությունները կամ բիզնեսները չեն հարկվելու: Սա մեծ հնարավորություն է տալիս՝ համայնքներում բիզնես արտադրություն սկսել: Բայց ամենակարևորն ու առաջինը քաղաքացու պատրաստակամությունն է՝ աշխատել ու արարել սեփական երկրում: Երբ մենք կունենանք քաղաքացի, ով առավոտից երեկո մտածում է իր երկրի շենացման մասին, և դրանում փոքրիկ ջանք է գործադրում, այդ ժամանակ կունենանք այլ իրականություն: Կառավարությունը պարտավոր է ու պետք է ստեղծի հնարավորություններ, բայց անընդհատ օգնելու դեպքում մենք մարդուն հետ ենք վարժեցնում ու ինքը սկսում է չաշխատել: Քաղաքացին պետք է սրտացավ լինի ու հասկանա, որ այդ 5 լուման կամ դրամը, որը ՀԴՄ վերցնելու արդյունքում պետք է հայտնվի բյուջեում, իր գրպանում է: Այսինքն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետական բյուջեն ընկալի որպես իրենը: Հասկանա, որ դա իր հայրենիքի, իր երեխաների ապագայի ու իր պետության պաշտպանության համար է: Երբ մենք դրան չվերաբերվենք, որպես օտարի կամ մի գումարի, որից օգտվում է ինչ-որ արտոնյալ խավ, այդ ժամանակ մենք կունենանք այլ իրականություն, այլ մտածողությամբ հանրություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]