Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրավաբանների նախաձեռնությունն ուղղված է Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ներդրումների հոսքն ավելացնելու և օտարերկրացի հավանական ներդրողներին ներգրավելու նպատակով «Անձնական իրավաբան» ծառայության իրավաբանների խումբը մշակել է «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ: Այն ուղղված է ինչպես ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների կողմից մեր երկրի տնտեսության մեջ ներդրումները դյուրացնելուն, այնպես էլ օտարերկրացիների համար Հայաստանում ներդրում կատարելը գրավիչ դարձնելուն:

Օրենքի նախագծի, ծառայության ստեղծման և զարգացման, ինչպես նաև ծառայության առաջարկած անվճար իրավաբանական խորհրդատվության մասին b4b.am-ը զրուցել է ծառայության համահիմնադիր Սերգեյ Հարությունյանի և ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Մարի Մանուկյանի հետ:

Ինչպե՞ս է առաջացել տվյալ նախաձեռնությունը:

Սերգեյ Հարությունյան
Սերգեյ Հարությունյան.
-Վերջին ժամանակահատվածում մեր սփյուռքի հայրենակիցների շրջանում առանձնակի աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձանց թիվը: Այս հետաքրքրության հիմքում, իհարկե առանցքային են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և այն սպասումները և հույսերը, որոնք մեր հայրենակիցները տածում են Նոր Հայաստանի վերաբերյալ: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել, այն ավելի գրավիչ է դարձել մարդկանց համար: Մենք, ի թիվս այլ իրավաբանական ծառայությունների, մատուցում ենք նաև ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավաբանական ծառայություններ օտարերկրացիներին, որոնց մեջ շատ են հայկական սփյուռքի ներկայացուցիչները: Շփվելով տվյալ մարդկանց հետ և ունենալով բականանին մեծ փորձ միգրացիոն իրավունքի ոլորտում՝ մեզ մոտ ձևավորվել է որոշակի պատկերացում, թե ի՞նչ հարցեր են հետաքրքրում մեր հայրենակիցներին և առհասարակ օտարերկրացիներին, որոնք ցանկանում են հաստատվել Հայաստասնում, ինչպես նաև, թե ի՞նչ խնդիրներ և իրավական կագավորման բացթողումներ կամ թերություններ կան նշված ոլորտում: Ես ինքս, լինելով նախկին սփյուռքահայ, ունեցել եմ նման հարցեր և ցանկություն՝ գալ Հայաստան և ներդրում ունենալ երկրի զարգացման գործում:

Մարի Մանուկյան.
-Այժմ գործում է ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կամ հեշտացված կարգ՝ ազգությամբ հայերի համար: Հայ լինելը հիմնականում հաստատվում է օրենքով սահմանված՝ եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին վկայականներով: Այսինքն, առկա է մոտեցում, որով ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը բացառվում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կամ, օրինակ՝ այն անձանց համար, որոնք թեև ազգությամբ հայ են, սակայն չունեն իրենց ազգությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր, կամ որ նրանք դավանում են այլ կրոնի, կամ չունեն կրոնական պատկանելիություն: Մենք մեր սփյուռքահայ հաճախորդների շրջանում հարցում ենք անցկացրել, և նրանք դրական են արձագանքել մեր առաջարկած նախագծին՝ նշելով, որ սպասում են դրա ընդունմանը:

Սերգեյ Հարությունյան.
-Ես անցած տարի օգոստոսին եմ հաստատվել Հայաստանում, և ազգությունս ապացուցելու խնդիր չեմ ունեցել, քանի որ իմ խորհրդային ծննդյան վկայականում հատուկ տողով նշված է ազգությունը: Սակայն այլ երկրների տրամադրած ծննդյան վկայականներում նման տող չկա:

Մարի Մանուկյան.
-Բնականաբար, նաև տարիներ շարունակ մենք ունենք ժողովրդագրական ցուցանիշի անկում, որի բացասական հետևանքները կարիք չկա նշելու, ինչպես նաև տարիներ շարունակ դիտվում է դրամային միջոցների ներհոսքի և ներդրումների անկում:

Այս և այլ պատճառներով, ակնհայտ է, որ մեր հասարակությունն ինքնապարփակված է, և չկա մշակութային փոխանակում, հատկապես` առաջադեմ և զարգացած երկրների հետ, քանի որ հիմնական միգրացիան Հայաստան դիտվում է միայն Իրանից և Հնդկաստանից: Այսինքն՝ Հայաստանը, կամա թե ակամա, վարում է ինքնամեկուսացման քաղաքականություն:

Ի՞նչ նպատակների լուծմանն է ուղղված նախաձեռնությունը:

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք հասկանում ենք, որ վաղուց անհրաժեշտություն է հասունացել փոփոխելու ներգաղթողների դիմանկարը, խրախուսելու ավելի որակյալ միգրացիա` նախապատվություն տալով տնտեսապես գործուն անձանց: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործող կարգավորումների կատարելագործմանը և առկա ռիսկերի նվազեցմանը: Բնականաբար, դա կհանգեցնի ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, իսկ որպես հետևանք՝ նաև դրամային միջոցների ներհոսքի և ներդրումների մեծացմանը: Ներդրումային միջոցները լավ նախադրյալ են էժան վարկերի ձևավորման և մի շարք տնտեսական ճյուղերի զարգացման համար: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրարկման բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:

Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս: Հատկապես ո՞ր ոլորտներում են ցանկանում ներդրում կատարել մեր հայրենակիցները և այլազգիները:

Սերգեյ Հարությունյան
-Շատ հետաքրքրված են անշարժ գույքի ոլորտում ներդրում կատարելով: Շատերն էլ պատրաստ են ներդրում կատարել արդյունաբերության ոլորտում՝ տարբեր սարքավորումների, կահույք և այլ ապրանք արտադրելու համար: Կանադայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Ռուսաստանից մեծ է օրգանական գյուղատնտեսության մեջ ներդրում անելու հետաքրքրությունը: Նաև վերականգնվող էներգետիկան, հատկապես արևային էներգիան է մեծ հետաքրքրություն առաջացնում:

Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը որպես տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղ է հռչակել տեղեկատվական տեխնոլոգիաները: Ի՞նչ արտոնություններ կամ առավելություն են ստանում քաղաքացիության համար դիմողները ձեր նախագծով:

Սերգեյ Հարությունյան.
-ՏՏ ոլորտի աշխատողներն ունեն մեծ շարժունակություն, և նրանց աշխատանքը հնարավոր է կատարել աշխարհի բոլոր վայրերից: Եթե մենք ցանկանում ենք ներգրավել ՏՏ ոլորտի ներդրումներ, անհրաժեշտ կլինի Հայաստանում ստեղծել ՏՏ կլաստերներ, որպեսզի մասնագետները և ներդրողները գան և հաստատվեն Հայաստանում:

Ի՞նչ է առաջարկում ձեր նախագիծը:

Մարի Մանուկյան.
– «Անձնական իրավաբան» ծառայության թիմն առաջարկում է կատարել հետևյալ փոփոխությունները.
1. ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ այն անձանց ովքեր պատրաստակամ են 7 միլիոն դրամ նվիրաբերել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների վերականգնման ու պահպանության և վերականգնվող էներգիայի տարածման նպատակով ստեղծվելիք ներդրումային հիմնադրամին: Այդ գումարը մենք ստացել ենք՝ հաշվարկելով, թե որքան գումար կարող է տարեկան ծախսել օտարերկրացի ընտանիքը Հայաստանում:
Կամ՝
Հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության միակ բաժնետեր, այդ բաժնետիրոջը հնարավորույթուն տալ ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գնելով անշարժ գույք և ավանդ ներդնելով Հայաստանի Հանրապետության բանկերում: Անշարժ գույքի ձեռքբերման նվազագույն արժեքը Երևանում պետք է լինի 30 միլիոն դրամ, իսկ մարզերում՝ 15 միլիոն դրամ: Այս հաշվարկի նպատակն է, որպեսզի խրախուսվի անշարժ գույքի ձեռքբերումը մարզերում: Ինչ վերաբերում է ավանդին, ապա դրա նվազագույն չափը պետք է կազմի 10 միլիոն դրամ:

Հարկ ենք համարում նշել, որ նախագծով նաև նախատեսված է, որ ներդրում կատարելու միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձանց համար սահմանվում են նաև արտոնություններ, մասնավորապես՝ հարկային դաշտում՝ նրանց կողմից հիմնադրված ընկերությունների համար:

Այսօր քաղաքացիություն ստանալու ճանապարհով որոշ մարդիկ փորձում են խարդախություններ և այլ ապօրինի գործողություններ անել: Ի՞նչ գործիքներ եք առաջարկում այդ քայլերը կանխելու համար:

Մարի Մանուկյան.
– Նախևառաջ հիմնադրամին նվիրատվություն կամ ներդրում անել ցանկացող անձը պետք է նախապես թույլտվություն ստանա համապատասխան մարմիններից: Առաջին հերթին մեր անվտանգության մարմիններն ուսումնասիրում են, թե արդյոք տվյալ անձը սպառնալիք չի ներկայացնում մեր երկրի անվտանգությանը: Մեր առաջարկած նախագծով հայտատուն իրավունք չունի օտարելու ձեռք բերված անշարժ գույքը կամ հանելու ավանդը բանկից՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահից սկսած՝ հինգ տարվա ընթացքում։ Որպես այլ կանխարգելիչ միջոց՝ նաև առաջարկում ենք, որպեսզի նշված եղանակով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձն իրավունք չունենա ձեռք բերել հողամաս ՀՀ տարածքում՝ նույնպես քաղաքացիություն ստանալու պահից հինգ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր կիսամյակը մեկ քաղաքացիություն ստացած անձինք պետք է ապացույցներ ներկայացնեն, որ ավանդը կամ ձեռք բերած գույքը շարունակում է պատկանել իրենց:

Այդ ճանապարհով նաև լուծվում է ազգային անվտանգության և անցանկալի անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու ռիսկը։ ՀՀ քաղաքացիություն ստացած անձի քաղաքացիությունը կարող է դադարեցվել նաև այն դեպքում, եթե նա ստանալով քաղաքացիություն՝ իրականում նպատակ է հետապնդել խախտելու Հայաստանի Հանրապետության և այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ կնքված առանց մուտքի վիզայի ժամանելու ռեժիմի մասին համաձայնագրերը և ապօրինաբար հաստատվել այլ երկրներում:

Հարկային ի՞նչ արտոնություններ եք առաջարկում:

Մարի Մանուկյան.
-Մենք նախատեսում ենք, որպեսզի օրենքով սահմանվի այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանն ունի փոքր շրջանառություն: Առաջակում ենք, որպեսզի այն անձինք, որոնք Հայաստանում կհիմնեն ձեռնարկություն և կարտահանեն այդ երկրներ, ազատվեն շահութահարկից: Հարկային իրավունքի մեր մասնագետները մշակում են նաև այլ առաջարկներ: Պետք է նշեմ, որ մեր նշածները մենք անփոփոխ չենք համարում: Մեր նախաձեռնությունը դեռ պետք է մշակվի և քննարկվի տարբեր կողմերի հետ: Մեր նպատակն այն է, որպեսզի նախագիծը դառնա բոլորի համար ընդունելի: Արդեն մի քանի պատգամավորի հետ քննարկել ենք, և նրանցից ստացել միայն դրական արձագանք:

Ինչ վերաբերում է գործող կարգով ՀՀ-ում երեք տարի մշտապես բնակվելու միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությանը, ապա այդ ցենզը նույնպես առաջարկվում է բարձրացնել մինչև հինգ տարի՝ խրախուսելով, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած անձինք դիմեն մեր նախագծով առաջարկվող քաղաքացիություն ստանալու եղանակին:

Ըստ ձեր առաջարկած նախագծի՝ ներդրումային հոսքերը պետք է կառավարի նոր հիմնադրամը: Ինչու՞ չեք ցանկացել օգտագործել արդեն գործող ներդրումային հիմնադրամների ներուժը:
Մարի Մանուկյան

Մարի Մանուկյան.
– Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ ներդրումային հիմնադրամ, որի գործունեության հիմնական նպատակը կլինի զարգացնել հատկապես գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգիայի ոլորտները: Սակայն կառավարությունը կարող է որոշել այլ ուղղություններով կիրառել ներդրումները: Իսկ հիմնադրամների գործունեության թափանցիկությունը պետք է ապահովի կառավարությունը՝ որ հիմնադրամով էլ իրականացվեն ներդրումները:

Շատ երկրներ քաղաքացիություն տարամադրելուց առաջ ստուգում են, թե հայտատուն որքան լավ գիտե տվյալ երկրի լեզուն և պատմությունը: Դուք ի՞նչ եք առաջարկում այդ հարցում:

Մարի Մանուկյան.
– Այդ նորմն արդեն գործում է: Քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է հանձնի հայոց լեզվի քննություն և իմանա Հայաստանի Սահմանադրությունը: Սակայն այդ նորմի արմատական փոփոխություն մեր նախագծով չենք առաջարկում: Մեր նպատակն այն է, որպեսզի տնտեսապես ակտիվ սփյուռքահայերը և օտարերկրացիները գան, ներդրումներ կատարեն Հայաստանում և զարգացնեն մեր երկրի տնտեսությունը:

Ի՞նչ նպատակ եք հետապնդում նախագծով:

Սերգեյ Հարությունյան.
– Երկիրը նախագծով ստանում է տնտեսապես ակտիվ և ստեղծագործ քաղաքացիների ներգրավման հնարավորություն, կկարգավորվի ժողովրդագրական խնդիրը, որը հիմա սրությամբ զգում ենք: Երկրում կզարգանա մշակութային բազմազանությունը:

Պետք է չմոռանանք, որ նախագծով մենք քաղաքացիություն ստացող անձից չենք պահանջում հրաժարվել առաջին քաղաքացիությունից: Այսինքն՝ իրենք ակամայից դառնում են Հայաստանի դեսպաններն այդ երկրներում՝ մեծացնելով Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն այդ երկրներում:

Նախագծով առաջարկվող այս և այլ կարգավորումներով մենք, բնականաբար, չենք կարող լուծել նշված ոլորտում առկա բոլոր խնդիրները, սակայն առնվազն հնարավորություն ենք ընձեռում անձանց, ովքեր այլ և առկա հիմքերով չեն կարողանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, ստանալու այն մեկ այլ մատչելի և հայրենանվեր եղանակով, քանի որ այն նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Բացի դրանից, նախագիծը հրապուրիչ է դարձնում Հայաստանը ոչ միայն մեր հայրենակիցների համար, այլ նաև օտարերկրացիների համար, ովքեր կատարելով ներդրումներ՝ ՀՀ-ում հնարավորություն կստանան օգտվել Հայաստանի և մի շարք երկրների միջև կնքված առանց մուտքի վիզաների ռեժիմից:

Եվ, իհարկե, չմոռանանք այն բոլոր առավելությունների մասին, որոնք ունի Հայաստանը՝ անվտանգություն, ցածր գներ, կայունություն և տնտեսության զարգացման ներուժ, ժողովրդավարության բարձր և աճող ցուցանիշներ, մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ, տուրիզմի, հատկապես՝ էկոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ, որակյալ և բնական սնունդ և այլն։

Հարկավոր է ընդգծել նաև, որ նշված նախագիծը մշակելով և շրջանառության մեջ դնելով՝ մենք չենք հետապնդում որևէ ֆինանսկան շահ և միայն փորձում ենք օգնել իշխանությանը՝ երկիրը ճիշտ ուղղությամբ զարգացնելու ազգանվեր գործում։

Կցանկանայի նշել «Անձնական իրավաբան» ծառայության ևս մեկ նորարարության մասին: Մենք մատուցում ենք շուրջօրյա անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Ծառայության հետ կարող են կապ հաստատել աշխարհի ցանկացած կետից՝ ոչ միայն +374 44 24 00 24 հեռախոսահամարով, այլ նաև ժամանակակից մեսենջերների միջոցով։

personallawyer.am կայքում ստեղծվել է իրավական ֆորում: Այնտեղ ամեն ոք կարող է ուղղել իր իրավական հարցը և ստանալ մանրակրկիտ պատասխան իր իրավիճակի վերաբերյալ։ Շատ դեպքերում ժամանակին ստացած իրավաբանի խորհուրդը կարող է ազատել հետագա ծախսերից և ժամանակի կորստից։ «Անձնական իրավաբան» ծառայությունը խորհրդատվություն է տրամադրում իրավունքի ցանկացած ուղղության վերաբերյալ: Մեր հաճախորդների զանգերին պատասխանում են պրոֆեսիոնալ իրավաբանները, այլ ոչ թե հեռախոսավարները: Նրանք տրամադրում են իրավական հարցի վերլուծություն ոչ միայն հայերեն, այլ նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով։ Այս առավելությունների շնորհիվ ծառայությունն ունի մեծ պահանջարկ նաև սփյուռքում։ Հույս ունենք շուտով նաև ստեղծել հավելվածներ Android և iOS համակարգերի համար: Դրանց միջոցով նույնպես հաճախորդները կկարողանան մեզ հետ կապվել աշխարհի ցանկացած երկրից՝ ցանկացած ժամին:

2018 թ. հիմնված մեր ընկերությունը նպատակ ունի հաճախորդներին ցույց տալ, որ իրավաբանական խորհրդատվությունը կարող է լինել հասանելի, իսկ իրավաբանական ծառայությունը՝մատչելի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլորը դեմ են»-ին կողմ են ոչ բոլորը

Ամփոփվել և վերլուծվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքները:

«Կա մտադրություն և ռազմավարություն՝ ընթանալու կարևոր ուղղություններով»,- Ռալֆ Յիրիկյանը՝ տնտեսական հեղափոխության և կառավարության տեսլականի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարը պատմել է սոցիալական, տնտեսական զարգացման ոլորտների նոր նախագծերի և արդեն իրականացվողների մանրամասների մասին:

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։