Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրանում շարունակվում է «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

23:01 , 07 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 5-8-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում, անցկացվում է «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում է Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար, Իրանի միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Հոսսեյն Էսֆահբոդին, Իրանի միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Մ.Ղանբարին, ՌԴ, Վրաստանի, Տաջիկստանի, Արգենտինայի և այլ երկրների դիվանագիտական կորպուսը՝ դեսպանների գլխավորությամբ։

Ցուցահանդեսին մասնակցել են սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, բանկային, լոգիստիկ ծառայությունների և այլ ոլորտներ ներկայացնող ավելի քան 100 հայկական ընկերություններ։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է հետևյալը․ «Հայաստանի Հանրապետությունը կարևորում և առաջնահերթ է համարում բարեկամ Իրանի հետ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը։ Տնտեսական համատեղ նախագծերի իրականացումը, գործարար կապերի խորացումը և փոխգործակցության խթանումը կկրեն շարունակական բնույթ և ուղղված կլինեն երկկողմ համագործակցության ընդլայնմանը և առևտրաշրջանառության ծավալների աճին: Դրա վառ օրինակն է այս ցուցահանդեսի կազմակերպումը։

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ իրանական գործարար շրջանակների համար գրավիչ հարթակ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ մուտք գործելու հարցում:

Իրանական գործարար շրջանակների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ հետ GSP+, իսկ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ` GSP առևտրի արտոնյալ ռեժիմներից: Այս տեսանկյունից ևս Հայաստանը կարող է լինել հեռանկարային և փոխշահավետ համագործակցության հանգույց:

Այս ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի իրանական շահագրգիռ գործարար շրջանակներին հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներ ներկայացնող ընկերությունների կողմից արտադրվող ապրանքներին ու մատուցվող ծառայություններին: Լիահույս եմ, որ հայ և իրանցի գործարարները կօգտագործեն այս հնարավորությունը` փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:»

Եզրափակելով խոսքը, Հովհաննես Հովհաննիսյանը նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արտաշես Թումանյանի, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիի, GIZ-ի ներդրումը ցուցահանդեսի կազմակերպման գործում և շնորհակալություն հայտնել իրենց կատարած մեծածավալ աշխատանքի համար:

Նա նաև շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում իրանական կողմի աջակցությունը Իրանում «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսի կազմակերպմանը և պատրաստ է աջակցել 2017թ. Հայաստանում իրանական ապրանքների և ծառայությունների ներկայացման համար ցուցահանդեսի կազմակերպման գործընթացին։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը մաղթել է ցուցահանդեսին արդյունավետ աշխատանք, իսկ մասնակիցներին՝ հաջող համագործակցություն:

Հավելենք, որ Թեհրանում կազմակերպված «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես իրանցի գործարարների, այնպես էլ բնակչության շրջանում։