Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարը

Վերադարձ լուրերի բաժին

20:20 , 25 Մարտ 2016

Այսօր` մարտի 25-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Բացման խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն էապես կարևորեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում` նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու.

«ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ներկայումս համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019թ.-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Մենք բաց ենք նոր նախաձեռնությունների, ծրագրերի քննարկման ու իրագործման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրերի առանցքային ուղղություններից մեկն է: Վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց, գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պամանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ մենք չենք բավարարվում ունեցած ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և նախագծերի իրականացումը»,- ասաց վարչապետը:

իտձմ01

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի և ՀՀ կառավարության միջև` ի դեմս ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի:

Կարեն Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը գերկարևոր նշանակություն ունի ինչպես ԻՏՁՄ-ի, այնպես էլ աջակից ընկերությունների և առհասարակ ողջ հանրության համար. «Միությունը նախատեսում է մինչև 2019թ.-ը ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրապետության բոլոր 1400 դպրոցներում: Լաբորատորիաների առկայությունը հնարավորություն կտա բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, նպաստել նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ դարձնել տեխնոլոգիական համաշխարհային հսկաների կողքին»,- ընդգծեց նա:

Իր ելույթում մանրամասն ներկայացնելով Միության նախորդ տարվա արդյունքները և եկող տարվա անելիքները` պարոն Վարդանյանը նշեց, որ 2014թ.-ին իրենք մշակել են ԻՏՁՄ նոր ռազմավարությունը, որը բաղկացած էր հիմնական 4 ուղղություններից` կրթություն և աշխատուժի զարգացում, Հայաստանի բարձր տեխնոլոգիական բրենդի ներկայացում աշխարհով մեկ, ՀՀ կառավարության հետ համագործակցության կազմակերպում և ձեռներեցության զարգացում: Կարեն Վարդանյանը միաժամանակ նաև հանդես եկավ խնդրանքով, որն ուղղված էր կառավարությանը և վերաբերում էր ՀՀ ընկերություններին ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաներ չտրամադրելու խնդրին.

«ՏՏ ոլորտը կապված է արևմտյան շուկաների հետ և Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 70%-ն արտահանվում է հենց Միացյալ Նահանգներ, սակայն նոր հյուպատոսը տարբեր պատճառներով չի տրամադրում ԱՄՆ մուտքի վիզաներ: Ընդամենը երեկ հերթական երկու ընկերությունները մերժումներ են ստացել: Մեր խնդրանքն է, պարոն վարչապետ, որ Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հանձնարարական ստանա և ԱՄՆ դեսպանատան ու հյուպատոսարանի հետ լուծի այդ խնդիրները, որովհետև եթե մենք ԱՄՆ-ի հետ հիմնական գործընկերներ ենք, ապա այդ իրավիճակը պետք է թափանցիկ լինի: Հուսով ենք` այդ հարցը շուտով կլուծվի»,- նշեց նա:

Հանդիպման ավարտին լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունը պարոն Վարդանյանի բարձրացրած խնդիրների շուրջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ խնդիրների մի մասն արդեն լուծված է. «Մենք շարունակելու ենք համագործակցությունը ՏՀՏ ոլորտի հետ, աջակցելու ենք և օգնելու ցանկացած հարցում: Դրան զուգահեռ` նաև մարդիկ են հայտնվում, գործարարներ, բարերարներ, որոնք ցանկանում են աջակցել տվյալ ոլորտին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 20-22 տոկոս աճը դառնա 40 և ավելի տոկոս»,- հավելեց նա:

իտձմ03

Հիշեցնենք, որ Միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը: Դրանք են` «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես-ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: