Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ և ինչքան ենք ներմուծում Թուրքիայից

Վերադարձ լուրերի բաժին

15:58 , 10 Մայիս 2017

Ադրբեջանական խնձորի թեմայի շուրջ առաջացած աղմուկն աստիճանաբար սկսում է մարել։ Դեռ նախորդ հրապարակումներից մեկում անդրադառնալով այդ թեմային՝ գրել էինք, որ «ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանում» հարցից ոչ պակաս կարևոր է «ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ Հայաստանում» հարցը։ Որովհետև եթե ինչ-որ ապրանք արգելված չէ և մրցունակ է գին/որակ հարաբերակցությամբ, ապա այն, միևնույն է, հայտնվելու է որևէ երկրի շուկայում՝ անկախ նրանից, թե ինչպիսին են հարաբերություններն արտադրող երկրի հետ։

Լավագույն օրինակը Թուրքիան է, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է՝ չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը։ ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանությունը 2000-ականների կեսերից սկսեց աճել և տարեկան 40 մլն դոլարից 2008 թվականին հասավ պիկային ցուցանիշի՝ մոտ 270 մլն դոլարի։

Դրանից հետո շրջանառությունը նվազել և աճել է, սակայն միջինում Թուրքիայի հետ արել ենք տարեկան 220-225 մլն դոլարի առևտուր։

Խոսքը գրեթե ամբողջությամբ թուրքական ապրանքների ներմուծման մասին է (Հայաստանից արտահանվել է տարեկան միջին 1 մլն դոլարի ապրանք)։ 2014 թվականին ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանառությունը հասավ 233.8 մլն դոլարի։ 2016-ին ցուցանիշը կտրուկ նվազեց՝ հասնելով 138.4 մլն դոլարի։

Սակայն 2016-ից աճի տեմպը սկսեց վերականգնվել։ 2016 թվականին Թուրքիայից ներմուծվել է 646 անուն ապրանք՝ 163,4 մլն դոլար մաքսային արժեքով։ 2015 թվականին ներմուծվել էր 635 անուն ապրանք՝ 136.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Այսինքն՝ աճել է թե՛ տեսականին, թե՛ ընդհանուր արժեքը։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2017թ. առաջին եռամսյակի տվյալները վկայում են, որ թուրքական ապրանքների ներմուծման աճի տեմպն այս տարի ավելի արագ է վերականգնվում։ Այսպես, 2017 թվականի հունվար-մարտին ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանառության ծավալը կազմել է 45.3 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3.6%-ն է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ այս երկրի հետ առևտրաշրջանառությունն աճել է 86.2%-ով։

Այդ թվում՝ Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է ընդամենը 261.6 հազար դոլար, իսկ Թուրքիայից Հայաստան (ըստ ապրանքի ծագման երկրի)՝ 45.09 մլն դոլար: Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիան՝ իր կշռով, երրորդ տեղում է (5.6%), և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին և Չինաստանին։ Սա տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունները (կամ դրանց բացակայությունը), սակայն մյուս կողմից՝ նաև օրինաչափ է, որովհետև Թուրքիան կարողանում է առաջարկել ապրանքներ, որոնք մրցունակ են և Հայաստանում պահանջարկ են վայելում։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն օրերս հրապարակել է 2016 թվականի ՀՀ արտաքին առևտրի տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով, որտեղից երևում է, թե որ երկրից ինչ ապրանքներ ենք ներմուծել և ինչ քանակով։ Ինչպես նշեցինք, 2016 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 646 անուն ապրանք։ Այսինքն՝ ներմուծման կառուցվածքը բավականին դիվերսիֆիկացված է։ Մենք այդ ցանկից առանձնացրել ենք առավել բարձր մաքսային արժեք ունեցող 20 ապրանքները՝ ներմուծման ծավալներով և փոփոխություններով։

Ինչպես տեսնում եք, Թուրքիայից Հայաստան ամենից շատ ներմուծվում է քիմիական արտադրանք՝ լվացող և մաքրող միջոցներ։ 2016-ին ներմուծվել է 2974 տոննա՝ ավելի քան 6.7 մլն դոլար մաքսային արժեքով։ Հաջորդը կանացի հագուստն է (կոստյումներ, ժակետներ և այլն)։ 2015 թվականի համեմատ՝ այս ապրանքի ներմուծումն աճել է 56%-ով և կազմել 5.4 մլն դոլար։ Հիմքագործային պաստառների ներմուծման ծավալները քառապատկվել են՝ հասնելով 5.3 մլն դոլարի։ Տրիկոտաժե արտադրանքի (մայկաներ և այլն) ներմուծման ծավալները եռապատկվել են՝ հասնելով 5.2 մլն դոլարի։ Իհարկե, այս աճը մասամբ կարող է պայմանավորված լինել մաքսազերծման գործընթացի կատարելագործմամբ (այսինքն՝ հագուստը մեկ այլ ավելի էժան ապրանքի անվան տակ Հայաստան չի մտնում), սակայն հարցի էությունը՝ թուրքական ներմուծման կառուցվածքը, դրանից չի փոխվում։

Turkey-Imp

Ադրբեջանական խնձորի թաքնված վտանգների մասին խոսելիս չէր խանգարի ուշադրություն դարձնել այս ցանկի 5-րդ հորիզոնականին՝ թարմ կամ չորացված ցիտրուսային պտուղներ։ 2016 թվականին ներկրվել է մոտ 7 հազար տոննա պտուղ՝ 4.65 մլն դոլար մաքսային արժեքով։ Ո՞վ կարող է ասել, որ դա պակաս ռիսկային է սպառողների առողջության տեսանկյունից, քան ադրբեջանական խնձորը։ Կամ հենց նույն լվացող ու մաքրող միջոցները (օճառ և այլն)՝ արդյո՞ք ցանկության դեպքում չեն կարող դրանց միջոցով էլ թունավորել մեզ։

Իհարկե՛ կարող են։ Սա բոլորն են հասկանում։ Սակայն շարունակում են սպառել թուրքական ամենատարբեր ապրանքները՝ այն պարզ պատճառով, որ դրանց ավելի շահավետ այլընտրանք այս պահին չկա։ Առավելևս՝ տեղական այլընտրանք, որը շատ ավելի կարևոր խնդիր է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մտահոգիչ ցուցանիշների ժամանակը

Օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի մտահոգիչ է դառնում՝ հատկապես նախորդ տարվա ֆոնին

#Գործկա՞, թե՞ #գործչկա

Մարդիկ ակնկալում են ստանալ այնքան, որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի գոնե նվազագույն պահանջմունքները։

Որ ոլորտում որքան ներդրում էր կանխատեսվում և որքանն է կատարվել. $830 մլն-ի բացվածքը

2017 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արդեն իսկ կատարվել է շուրջ 376 մլն դոլարի ներդրում, ինչը հայտարարված ծավալի 45%-ն է