Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կարող է լինել, եթե Լիդիանը դատի տա Հայաստանին. Քենիայի նախադեպը

Վերադարձ լուրերի բաժին

09:56 , 25 Հոկտեմբեր 2018

Հայաստանի բնապահպանները երեկ ակտիվ շրջանառում էին Infocom ալիքից վերցված մի լուր, որտեղ նշված էր, որ Քենիան հաղթել է հանքարդյունաբերության շուրջ Կանադական հանքարդյունաբերական ընկերության հետ ունեցած դատը՝ տեղական օրենքների խախտումների հիմքով

«Արբիտրաժային դատարանը մերժել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի՝ Կանադայի հանքարդյունաբերական ընկերության դուստր ձեռնարկության կողմից Քենիայի դեմ հայցը, որոշելով, որ չնայած, որ ապացույցներ չկան, որ դրանց արտոնագիրն ստացվել է կոռուպցիոն ճանապարհով, այն ստացվել է շրջակա միջավայրի պահպանման տեղական օրենքների խախտմամբ»:

Հայաստանի բնապահպանները սա ներկայացնում էին որպես նախադեպ՝ ակնարկելով, որ ճիշտ նույն կերպ Լիդիանը չի կարող դատը շահել, եթե դիմի արբիտրաժային դատարան։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը մանրամասն անդրադարձել է Քենիայի դեպքի մանրամասներին (որի մասին նշված լուրում ոչինչ գրված չէ) և զուգահեռներ տարել Լիդիանի կողմից Հայաստանի Հանրապետությանը դատի տալու հնարավորության հետ։

Ստորև ներկայացնում ենք Աշոտ Խուրշուդյանի գրառումը։

* * *

Երկու խոսք՝ փաստարկված խոսքի մասին

Որոշում կայացնողը գիտնական չի, որ հղումներով, ապացույցներով ու փաստերով հիմնավորված փաստարկված խոսք լսի որոշում կայացնելու համար։ Ցանկացած անցորդ կարող է գեղեցիկ «հորանջել» որոշում կայացնողի ականջին, ու այդ խոսքը դառնա որոշիչ։ Այժմ, օրինակի վրա ցույց կտամ, թե ինչպես են աշխատում փաստերով, ու ինչպես պետք է աշխատեն փաստերով։ Ու այո, հենց Ամուլսարի մասին կխոսամ։

Այսօր բնապահպանների մոտ այսպիսի լուր տարածվեց.

«Քենիա։ Տրիբունալը մերժել է ICSD ներկայացված պահանջի իրավարարարությունը, ներկայացված կանադական հանքարդյունահանող կազմակերպության դուստր կազմակերպության կողմից, որոշելով, որ թեպետ չկա ապացույց, որ նրանց լիցենզիան տրամադրվել է կաշառքով, այն տրվել է բնության պահպանությանը կոչված տեղական օրենսդրության խախտմամբ»։ https://bit.ly/2yxNZK9

Վերջ, այլ փաստարկում չկա, ու միայն այս լուրը բավարար է փափուկ բարձ դնելու որոշում կայացնողների գլխի տակ, իբր թե Ամուլսարն ու այս դեպքը նույնական են։

Իսկ ի՞նչ պետք է անել։ Ահա թե ինչ՝ նայել գործի մասնրամասները, ու վաղօրոք դատողություն չանել։ Նայում ենք։ Մանրամասները այստեղ https://bit.ly/2ywSzbQ

Խոսքը գնում է բացառիկ հանքի մասին, Կանադական ֆիրման գտել է նիոբիումի պաշարներ։ Բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու նպատակով պարոն Ջումայից գնել են քաղաքական միջամտության ծառայությունները, որն էլ նա արագ իրականացրել է՝ տալով անհրաժեշտ լիցենզիան 2013 թվականին։ Այնքան արագ, որ լիցենզիան ավելի շուտ է տրվել, քան կորպորացիայի իրավաբանական գրանցումը։ Դատական գործում գրած է, որ դա պարզապես թուղթ էր, այսինքն կառավարությունը ուղղակի լիցենզավորել է։ Քենիան շատ բարդ երկիր է, ու, օրինակ, պարոն Ջումային 2016-ին սպանել են՝ https://bit.ly/2SiwTZl։

Այսպիսով, չի պահպանվել օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգը, համաձայն որի, Քենիայի անտառային ծառայությունը, Քենիայի ազգային թանգարանները պետք է առանձին թույլատրեին հանքի շահագործումը։ Կմտածեք, թե ինչ հեշտ է, փաստորեն օրենսդրությունը խախտել են, դատը հեշտ հաղթել են։ Այդքան էլ հեշտ չեն հաղթել դատը, նույնիսկ այս դեպքում, երբ ակնհայտ լիցենզիան գնել են, դատը տևել է 5 տարի, փաստաբանական ծառայությունները նստել են 3.5 միլիոն դոլար, որն ի դեպ նույնպես Կանադական ֆիրման պետք է փակի։ Կասեք, հալալ է Քենիային, հանուն բնության նման ռիսկի է դիմել, այդքան փող է ծախսել, իսկ մենք մի Քենիա էլ չկանք …. ու այդտեղ կսխալվեք, շատ լուրջ կսխալվեք ու կրկնակի կսխալվեք, եթե ուղնուծուծով բնապահպան եք։ Ռիսկի գնալու պատճառը լրիվ այլ էր։

Քենիան լիցենզիան զրկել է ոչ թե բնապահպանական նկատառումներով, այլ քանի որ որոշել է ինքը շահագործել հանքը։ Ու քանի որ Քենիան գիտեր, որ այնտեղ շատ հարստություններ կար, նույնիսկ դատը պարտվելու դեպքում այդ փողը պատրաստ էր տալ։ Այսինքն, ամբողջ վեճը հանքի սեփականության շուրջ է եղել՝ թքած բնապահպանության վրա։ Հանքը միևնույնն է շահագործվելու է։ Ահա հղումը՝ https://bit.ly/2RerIIt

Ավելին, Քենիայում այս թեման այնքան նուրբ է, ու խոսքն ընդհանրապես մարդկանց ազդակիր համայնքի ու այլնի իրավունքների մասին չի, որ մինչև այս դատական վեճը արգելված է եղել այս թեմայով խոսել։ Խոսողին բանտ էր հասնում, խնդրեմ, ահա հղումը՝ https://bit.ly/2EIV2oT

Ու ահա, նման օրինակով փորձում են համոզել, որ լիցենզիայից զրկումը խաղուպար է։

Բայց սա էլ բավարար չէ դատողություն անելու համար։ Քննական միտքը պետք է պատրաստ լինի հակառակ օրինակն էլ զննելու։ Խնդրեմ, նույն տրիբունալում Էկվադորը պարտվել է 380 միլիոն դոլար ամերիկյան ֆիրմային լիցենզիայից զրկելու համար։ Ահա հղումը՝ https://bit.ly/2CCck4A

Ամերիկյան ֆիրման պուպու՞շ էր՝ ոչ պուպուշ չէր, ինքն էլ խախտումներ ուներ, ինքն էլ 41 միլիոն կվճարի Էկվադորին, դատական ծախսերն էլ կկիսեն 65/35։ Ի դեպ, սա ավելի մոտիկ է մեզ, քանի որ 380 միլիոնը արդեն իսկ կատարված ներդրումներն են։

Ինչու՞ եմ սա ասում։ Ամուլսարի դեպքը հեչ նման չի Քնեիայի դեպքին։ Ավելին ICSD տրիբունալը Համաշխարհային բանկի կառույց է, իսկ Ամուլսարի շահագործման լիցենզիան տրամադրելիս մասնակցել են բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում ՀԲ-ին պատակնող։

Անձամբ ինձ եթե հարցնեն, ես չնչին եմ գնահատում Հայաստանի հաղթելու հավանականությունը։ Բայց, եթե իրոք կա ու փաստարկված է, որ հանքը ոչ մի դեպքում չի կարելի շահագործել, ապա այս բեռը որ հարակատուներս մեր ուսերին ենք կրելու պիտի գիտակցենք ու, ամենակարևորը, այն պիտի լուրջ հիմնավորվի։ Մեզ պետք չեն Նեսոյի քարաբաղնիսի նեսոներ, որոնք միանշանակ ու անհիմն պնդումներ են անում, ու հետո սիրուն ղրաղ են քաշվելու ու շարունակեն իրենց «չիբուխը» ծխել։

Ամուլսարի շուրջ այնքան դատարակ խոսքեր են ասվել, այնքան անհիմն պնդումներ են արվել, այնքան է պղտորվել իրականությունը, որ նման անպատասխանատու խորհրդատուների ձեռքից կրակն ենք ընկել։ Մինչև հիմա կան մարդիկ, որ այնտեղ պոչամբարի դեմ են պայքարում /պոչամբար այնտեղ չկա/, ցիանիդին դեմ են /2017 թվականին Հայաստան է ներմուծվել 2700 տոննա ցիանիդի նատրիում/։ Ինչ վերաբերում է բուն խնդրին, դրենաժային ջրերի կառավարմանը, ապա այս պահին հեղինակավոր միայն երկու հիմնավոր խոսք եմ լսել ու երկուսն էլ իրար հակասող։ Երկուսն էլ հնչել են միջազգային մասնագետների շուրթերից։ Երկուսն էլ համոզիչ են։ Որոշում կայացնողը պետք է նժարին երկու ռիսկն էլ դնի։

Որոշում կայացնողը ես չեմ, բայց ես չեմ սիրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են փափուկ բարձ դնում որոշում կայացնողի գլխի տակ՝ իմանալով, թե պատասխանատավությունից ինչպես են փախնելու …

— Տո՛, դե ճակատի գիր ա, էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։